Հրապարակախոս Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բանակի հետ կապված երկու խոսք ունեմ, բայց մինչ բուն նյութին անդրադառնալն ուզում եմ մի հարց տալ` բանակի սպաներն ու պայմանագրային սերժանտները պարգևավճար ստացել են, թե՞ ոչ: Բանակի մասին ես կարող եմ ճոխ, վերամբարձ ու պաթոսով լեցուն բազմաթիվ տեքստեր գրել, իսկապես կարող եմ ու շատերից էլ լավ:
Այդ ճանապարհով ես կդառնամ բոլորի սիրելին, ինձ կծափահարեն, կհերոսացնեն ու միգուցե վրայիցս կմաքրվեն դավաճանի, գրանտակերի, ադրբեջանամետի ապազգային հորջրորջվող պիտակները: Բայց ինչպես Սերժ Սարգսյանի տատն էր ժամանակին ասել, մի՞թե սրա համար ենք հավաքվել: Իհարկե ո՛չ, ևս մեկ անգամ ո՛չ: Իմ համոզմամբ հայրենասիրությունն ու դատարկախոսությունն ամենևին էլ հոմանիշներ չեն: Հայրենասիրությունը ճգնաժամի մի տեսակ է, որի հիմքում տագնապն ու անհանգստությունն են:
Ճգնաժամն ինքնին դրական երևույթ է, քանի որ այն օգնում է բացահայտել օրգանիզմի կամ էլ համակարգի խնդիրներն ու զարգացման հեռանկարներ ապահովել: Այսինքն յուրաքանչյուր առողջ համակարգ պետք է պարբերաբար ճգնաժամի մեջ գտնվի, որպեսզի կարողանա առաջընթաց արձանագրել:
Հայրենասիրությունը նաև կոնֆլիկտ է: Այսինքն անհատը պետք է պարբերաբար կոնֆլիկտի մեջ հայտնվի հայրենիքի` պետության հետ և այդ կոնֆլիկտը պետք է լինի առաջ շարժվելու կամ էլ տեղում անընդհատ դոփելու հիմնախնդրի շուրջ: Պետությության ու հանրույթի զարգացման հիմքում ընկած են այն անհատները, որոնք մշտական կոնֆլիկտ ունեն հենց այդ նույն պետության ու հանրույթի հետ: Այո՛, յուրաքանչյուր բանական հայաստանցի՝ իր քննադատական ողջ ներուժով պետք է փորձի պատասխանել հետևյալ հարցերին` ինչպե՞ս ապահովել առաջընթաց, ինչպե՞ս ստեղծել կենսունակ պետություն, ինչպե՞ս ստեղծել արդար հասարակարգ և այսպես շարունակ:
Նույն տրամաբանությունը գործում է նաև բանակի պարագայում: Ճգնաժամի ու անհատական կոնֆլիկտի տագնապներով լցված մենք պետք է անընդհատ խոսենք բանակի խնդիրների մասին, որպեսզի վերջինս դառնա էլ ավելի մարտունակ, մրցունակ, հզոր ու արդյունավետ: Թքած բոլոր պիտակների ու անզուսպ աղմուկ-աղաղակների, ճառասացների ու մնացյալ բոլոր բակտերիաների վրա: Ես մի քանի լրջագույն ու անլուծելի թվացող խնդիրների ցանկ եմ առանձնացրել, որոնք կարծում եմ պետք է հանրային մշտական դիսկուրսի առարկա դառնան:
1. Ինչո՞ւ են մեր զինծառայողները զոհվում խաղաղ պայմաններում: Խոսքը հակառակորդի հարձակումների արդյունքում արձանագրված զոհերի մասին չէ, այլ՝ ինքնասպանությունների, սպանությունների և, իհարկե, անփութության հետևանքով արձանագրված կորուստների: Ինչո՞ւ է 18 տարեկան տղան գնում բանակ և ինքնասպանություն գործում, ինչո՞ւ են զինվորները խախտում կանոնադրությամբ սահմանված միջանձնային փոխհարներությունների նորմերն ու սպանում իրար: Կամ էլ ինչո՞ւ զինվորը չի լսում հրամանատարի հրամանն ու դուրս գալիս ականապատված գոտի՝ պայթելով ականի վրա:
2. Մյուս խնդիրը վերաբերվում է բռնություններին: Իհարկե, անցած տարիների համեմատ բռնության դեպքերը զգալիորեն նվազել են: Այս ուղղությամբ ՊՆ-ն իսկապես մեծ աշխատանք է տարել, բայց արատավոր այդ երևույթը դեռևս ամբողջությամբ արմատախիլ չի արվել: Որոշ սպաներ դեռևս շարունակում են ծեծել զինվորներին:
Չեզոքացված չէ նաև զինվորների միջև գոյություն ունեցող շերտավորումը, այսինքն զինծառայողների մի փոքրիկ խումբ կարող է հոգեբանական ճնշման ենթարկել ու բռնություն իրականացնել մնացյալ առավել թույլ զինվորների նկատմամբ: Հասկանալի է, որ բանակը մեր հանրության խոշորացված տարրակերպն է և բոլոր արատավոր երևույթները քաղաքացիական կյանքից տեղափոխվում են բանակ՝ ստանալով էլ ավելի սուր դրսևորում: Խոսքը հանցագործ աշխարհին բնորոշ բարքերի մասին է, որոնք դեռևս տիրապետող են զորամասերում:
3. Շարունակում եմ պնդել, որ 18 տարեկանները պետք է հեռացվեն առաջնագծից ու առավել վտանգավոր գոտիներից: Շփման գծի ողջ երկայնքով պետք է տեղակայվեն պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողներ և մենք իսկապես ունենք այդ ռեսուրսը: Ժամկետային զինծառայողները պետք է տեղակայվեն թիկունքում ու առաջնագիծ ուղարկվեն միայն լայնամաշտաբ պատերազմի պարագայում: Հակառակ դեպքում համապատասխան պատրաստություն չունեցող տղերքին մենք դատապարտում ենք մսաղացի միջով անցնելուն: Երևի թե այն չարաբաստիկ հարցազրույցի ընթացքում նաև հենց այս միտքն է փորձում տեղ հասցնել, բայց ձևակերպումը անհաջող ստացվեց, իսկ մարդիկ էլ կառչեցին մանկահասակ բառից, որը ի դեպ ընդհանրապես վիրավորական չէ: Ես ծառայել եմ առաջնագծում և հավատացնում եմ , որ վերոհիշյալ պնդման համար ավելի քան լուրջ ու ծանրակշիռ հիմնավորումներ ունեմ:
4. Կարևոր է նաև զինվորների սննդի ու հագ ու կապի հիմնախնդիրը, որը նույնպես դեռևս ամբողջությամբ լուծված չէ: Նոր իշխանություններից ակնկալում ենք կարճ ժամանակահատվածում կարգավորել այս հարցը: Մեր զինվորները պետք է լավ սնվեն ու ոչ մի քաղցած զինվոր չպետք է լինի: Երևի թե սրանք են այն հիմնական խնդիրները, չհաշված էլի մի քանի հարցեր, որոնք հիմնականում ածանցվում ես այս չորս կետերի հետ: Մենք պետք է 21-րդ դարի բանակ ստեղծենք` արդի սպառազինությամբ ու տեխնիկական հագեցվածությամբ: Այլընտրանք պարզապես չկա, քանի որ խաղաղության ու խաղաղ գոյակցության գրավականը հզոր ու կենսունակ բանակն է: Շնորհավորում եմ»։
Բանակի հետ կապված երկու խոսք ունեմ, բայց մինչ բուն նյութին անդրադառնալը ուզում եմ մի հարց տալ. Բանակի սպաներն ու…
Gepostet von Կարպիս Փաշոյան am Sonntag, 27. Januar 2019