Երեսուներեք շքանշան. տարբեր աստիճանների և տարբեր զորամասերի հենց այդքան զինծառայողների պարգևատրեց Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ Բանակի օրվա կապակցությամբ։
Միայն 30 զինվորականները կարողացան անձամբ պարգև ստանալ նախագահի կողմից։ 33–ից 3–ը, որոնք արժանացան Մարտական ծառայության մեդալի, ընկել էին Հայրենիքի համար մարտում։
Մեդալները ստանալու համար եկել էին հերոսների ծնողները, նրանց ծնողները, ում երբեք չենք մոռանա։ Ծնողները բեմ բարձրացան շռնդալից ծափահարությունների ներքո։
Արամ Ճաղարյանի մայրը հպարտ հայացքով նուրբ կին է։ Նա մոտեցավ նախագահին և արցունքն աչքերին ընդունեց մեդալը. հուզմունքը զսպում էր։
«Մենք շնորհակալ ենք ձեզ», – ցածրաձայն ասաց նախագահը, և երկուսի դեմքն էլ այլայլվեց։ Երկուսն էլ քիչ էր մնում հեկեկային բեմի վրա. իրավիճակը փրկեցին ծափահարությունները։
Կինը շրջվեց, որպեսզի հեռանա, բայց նախագահը չթողեց։ Նա նրբորեն գրկեց հերոսի մորը` լուսանկարվելու համար։ Լուսանկարն այդքան ուրախ չստացվեց. խանգարեցին արցունքով լի աչքերը։
Հայկ Քարամյանի հորը մեդալը հանձնելու համար նախագահն իջավ բեմից և օգնեց նրան բարձրանալ աստիճաններով։
Հուզմունքից և հպարտությունից դողալով` ալեհեր տղամարդը մեղմ ժպտաց։ Նախագահը գրկեց նրան, և դահլիճը մի քանի վայրկյան ընկղմվեց լիակատար լռության մեջ։ Տղամարդիկ նայեցին միմյանց. ամեն ինչ հասկանալի էր առանց խոսքերի։ Դահլիճը կրկին թնդաց ծափահարություններից, իսկ հերոսի հայրը փորձեց արագ իջնել բեմից, որպեսզի ոչ ոք չնկատի, թե ինչպես է նա սրբում այտի վրայով գլորվող արցունքը։
Մհեր Հովսեփյանի մայրը չկարողացավ թաքցնել հուզմունքը. նա բեմ բարձրացավ արդեն արցունքոտ աչքերով։ Դառնորեն նայեց պատվո պահակախմբի զինվորին, կամացուկ ինչ–որ բան ասաց։ Հնարավոր է` շնորհավորանք էր։ Ամեն դեպքում զինվորը նկատելի ժպտաց։ Նախագահը նրան էլ ուղեկցեց։
Ամբիոնին մոտենալով՝ նախագահը ջուր խմեց բաժակից. կոկորդում հուզմունք կար կուտակված: Ելույթ ունեցավ պարբերաբար նայելով հերոսների ծնողներին։ Ավելի ուշ Արմեն Սարգսյանն ասաց Sputnik Արմենիայի թղթակցին, որ նրանց հետ խոսել է որպես մարդ, որը պատրաստ է օգնել, մարդ, որը ցավ է ապրում նրանց և նրանց կորուստի համար։
Չնայած այդ ակնթարթների ամբողջ ողբերգականությանը` դահլիճում հպարտության անհավանական մթնոլորտ էր կախված։ Դա երևում էր նաև զինծառայողների դեմքերից, որոնք մեդալներ էին ստացել։ Նրանցից յուրաքանչյուրը բեմ բարձրացավ, վերցրեց պարգևը և, կտրուկ շրջվելով դահլիճի կողմ, լայնորեն ժպտաց։
Մարդիկ կային, որոնց համար այդ մեդալն առաջինը չէր։ Բեմ տանող յուրաքանչյուր քայլն ուղեկցվում էր միմյանց հարվածող մեդալների զրնգոցով։
Առաջին շարքում նստած պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ամեն անգամ հպարտորեն ժպտում էր և գոհունակությամբ նայում իր պարգևատրված սաներին։
Հենց ամուսինները նստում էին, զինվորականների տիկնայք իբր ուղղելու նպատակով զննում էին մեդալները։ Ամուսինները մեղմորեն հեռացնում էին նրանց ձեռքերը` քթի տակ ժպտալով։
Ու ես հիշեցի, թե ինչպես միջոցառումից առաջ, երբ դահլիճ մտավ զինծառայողների խումբը, տղաները միմյանց հարցրին` որտե՞ղ են մեր դիրքերը։
Պարզ էր, որ այդ տղաները դիրքեր զիջել չգիտեն։