Համառոտ բովանդակության մասին։ Փաշինյանն այսօր խոսում է տեխնոլոգիաների և գիտատար արտադրությունների մասին։ Նման հայտարարություններ անում է ցանկացած երկրի իշխանություն:
Այժմ հարց՝ իսկ ո՞վ կարող է ասել ինչից է հարկավոր սկսել։
Այստեղ դադար տանք, և թող ամեն մեկը, ներառյալ Փաշինյանին, մտածի՝ գիտի՞ արդյոք պատասխանը։
Մտածեցի՞ք։ Հասկացա՞ք, որ չունեք պատասխան։ Կարծում եմ պատասխանը չգիտի նույնիսկ Ակադեմիայի նախագահը։
Այժմ ասեմ, թե ինչից է հարկավոր սկսել՝ գիտության ու կրթության բնագավառի գույքագրումից և այդբնագավառներում միջոցառումների հաստատումից։
Գույքագրումից սկսելու փոխարեն մեր պաշտոնյաները (որոնք չնչին պատկերացում ունեն) ևպատգամավորները (որոնք ավելի քիչ են հասկանում) պատրաստվում են բարեփոխումներ անել ու նորօրենքներ գրել։ Իսկ ինչ է նշանակում նոր օրենք առանց գույքագրման։ Դա նշանակում է, որ օրենքներըգրելու են դիլետանտները, իսկ պաշտոնները զբաղեցնելու են կարյերիստները, խարդախներն ու սրիկաները, ովքեր նոր օրենքն օգտագործելու են որպես մահակ իրենց հարմարավետ գոյությունն ապահովելու համար(իհարկե, առավել արժանիների հաշվին)։ Ոչ մի օրենք չի կարող նորմալ գործել, եթե չեն ներգրավվումբանիմաց ու արժանի կատարողներ։
Երկուսից մեկը՝ այդպիսի պաշտոնյաները կամ Հայաստանի գիտությունը փլուզելու «արտաքին պատվեր» ենկատարում, կամ նրանք անբարտավան դիլետանտներ են։
Նման գնահատականը խիստ կարող է թվալ։ Բացատրեմ։
Բոլորին հասկանալի է, որ չի կարելի բանկ բացել, չիմանալով թե ինչքան փող կա տվյալ պահին և ինչ արժույթներով։ Նմանապես չի կարելի շինարարական ընկերություն հիմնել առանց հաշվի առնելու առկա տեխնիկական միջոցներն ու կադրերը, պահանջվող ամեն մի մասնագիտության համար։
Ուրեմն, նույն կերպ, չի կարելի բարեփոխումներ անել և օրենքներ գրել գիտության ու կրթության բնագավառում առանց գիտնականների և դասավանդողների մակարդակի վերլուծության, այսինքն՝ առանց նախնական գույքագրման։
Վերլուծենք մեկ մոտեցում, որտեղ երևում է որոշման ապուշությունը։ (Իրականում այդպիսիք շատ են)։
Հայաստանի բոլոր համալսարանները միասին հազիվ թե ունենան մեկ նորմալ եվրոպական կամ չինական համալսարանին հավասար ուժ։ Դա նշանակում է, որ պետականորեն մտածող աշխատակազմը պետք է որ աջակցեր կադրերի պատրաստման միասնական համակարգի ստեղծմանը, որտեղ մենք թեկուզ բոլոր համալսարանների ու գիտական հաստատությունների համատեղ ճիգերով կարողանայինք հարկավոր կադրեր պատրաստել։ Հենց այդպիսի մոտեցում ու համապատասխան կառուցվածքներ պետք է մշակեին պաշտոնյաները։ Դրա փոխարեն լիակատար ազատություն է տրվում (կադրային, ծրագրային և այլն) համալսարաններին։ Դա հակապետական մոտեցում է կամ, եթե ուզում եք, ղեկավարման մտագարություն (շիզոֆրենիա)։
Հայաստանում իշխանության ձևավորման համառոտ նկարագրություն
Տարիներ առաջ ինձ պատմեցին մի հետաքրքիր և ուսանելի պատմություն։ Երբ Վանո Սիրադեղյանը (գրող և գինարբուքների մշտական հաճախորդ) այն ժամանակվա «միլիցիայի» նախարարի պաշտոնը ստացավ, նա նշանակեց իր կուրսեցիներին (բանաստեղծներին և գինարբուքների մշտական հաճախորդներին) մարզային միլիցիայի պետերի պաշտոնում։ Եվ ահա մեկը այդ կուրսեցի-բանաստեղծներից եկել է միլիցիայի իր բաժանմունք և փորձել ղեկավարել այն ըստ իր բանաստեղծական պատկերացումների։ Իհարկե, մի քանի օրում «շիլաշփոթ» սարքեց։ Բանաստեղծը սորոսական համալսարաններ չէր ավարտել, սորոսական խարդավանքների չէր տիրապետում՝ նա ավարտել էր խորհրդային դպրոց և խիղճ ուներ։ Բանաստեղծը խոստովանել էր, որ դա իր գործը չէ։ Արդյունքում տեղացիները հատկացրել էին նրան մի ռեստորան, որում նախապես ամեն ինչի համար վճարված էր (կեր-խմի որքան կուզես): Բանաստեղծը իր պաշտոնավարման մնացած ժամանակը անցկացրել է ռեստորանում, իսկ տեղական միլիցիոներները ղեկավարել են ինչպես իրենք են ուզել։ Ընդհանուր առմամբ, դա կոչվում էր «Վանո Սիրադեղյանը ղեկավարում է պետությունը»։
Նշված լևոնական ժամանակաշրջանին փոխարինեց ռոբիկ-սերժականը, երբ ղեկավարած ոլորտում պաշտոնյաներից չէր պահանջվում ոչ միայն ունենալ սեփական տեսլականը, այլ նույնիսկ գոնե նվազագույն գիտելիքներ այդ բնագավառում՝ վերանայեք գիտության ղեկավարումը ռոբիկ-սերժական ժամանակաշրջանում և կհամոզվեք ինքներդ։ Մինչդեռ ամեն պաշտոնյա իմացել է, թե ինչպես է հարկավոր հարաբերվել ներքևների ու վերևների հետ և ինչպես է հարկավոր անձամբ ծառայել «Սերժ Ազատիչին»։
Նորագույն, նիկոլյան ժամանակաշրջանում հայեցակարգային իմաստով ամեն ինչ մնացել է առանց փոփոխությունների։ Կրկին մասնագիտական գիտելիքների և պաշտոնյաների տեսլականի պահանջի լրիվ անտեսում։ Էապես փոխվել են միայն դետալներ։ Երևան է եկել նոր «դրես-կոդ»՝ քունքերի կարճ մազեր (ավելի մանր պաշտոնյաների համար), կամ խնամքով կարճեցված մորուք (ավելի բարձրաստիճան պաշտոնյաների համար)։ Սորոսյան դասընթացները հայտարարվել են կրթության, իսկ ամբոխավարությունը (դեմագոգիան) ու փիար-արշավներ կազմակերպելու ունակությունները՝ մարդկային կարողությունների գագաթ։ Մի քանի օր (ինչպես նշված բանաստեղծը) նոր պաշտոնյաները շփվել են հին կադրերի հետ և անմիջապես հասկացել, որ ի վիճակի չեն մասնագիտորեն խոսել նրանց հետ։ Սակայն, ի տարբերություն բանաստեղծի (որն ավարտել էր խորհրդային դպրոցը, ուներ խիղճ ու սահմանափակվեց ռեստորանով), նոր պաշտոնյաները չեն գնացել ռեստորան՝ նրանք (հիմնականում լրագրողներ և արևելագետներ) առանց որևէ հասկացողություն ունենալու սկսեցին բարեփոխել երկիրը, գիտությունը, տեխնոլոգիաներ ներդնել և այլն: Ավելին, քանի որ օր-օրի նրանց ոչ պրոֆեսիոնալիզմը դառնում է ավելի նկատելի, նրանք պրոֆեսիոնալիզմը հայտարարեցին հնացած հասկացություն, իսկ գաղափարների և տեսլականի բացակայությունը սկսեցին բացատրել վատ ժառանգությունով, որն իրենց բաժին է հասել հին իշխանություններից:
Եզրակացություն՝ հին համակարգի բարիքներից օգտվում էին խարդախներն ու սրիկաները։ Նոր համակարգը՝ոչ մի տեղ տանող ճանապարհ է բոլորի համար։ Օրինակ, նախկինում գիտության հեռանկարների հարցեր մշակում էր մանկապարտեզի նախկին տնօրենը, իսկ պրոռեկտոր էր մեկ այլ «մեծ գիտական», ով «Խարույկների դերը կոմունիստական դաստիարակության գործում» թեմայով թեզ էր պաշտպանել։ Սա կատակ չէ կամ հորինվածք: Դա եղել է: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա։ Այժմ գիտությունը կառավարում են արևելագետները առանց գաղափարների ու տեսլականի։ Ինքներդ որոշեք, որն է ավելի լավ։ Եվ մենք գիտության և տեխնոլոգիաների առաջընթաց պետք է ակնկալենք։
Այո՛։ Այստեղ պետք է հետևի երկար և ծանր դադար, որը ցույց կտա, որ մենք հասել ենք աբսուրդի գագաթնակետին։
Ինչու Հայաստանում պետք է հաստատվի իրապես արժանիների իշխանություն և ինչպես հասնել դրան
Չինաստանի ձեռքբերումները պայմանավորված են, մասնավորապես նրանով, որ երկրի վարչա-քաղաքական համակարգում գործում են արժանիների իշխանության սկզբունքները, որոնց համաձայն ղեկավար պաշտոնները պետք է զբաղեցնեն առավել ընդունակ ու պատրաստված անձինք:
Մասնավորապես, դա նշանակում է, որ չեն կարող և չպետք է լինեն նախարարներ անձինք, որոնք չունեն խնդիրների հստակ տեսլական իրենց ոլորտում։ Կան մյուսներից հազար անգամ ավելի կարևոր բաներ՝ դրանք համակարգ ձևավորող քայլերն են: Ահա դրանցով պետք է զբաղվի նախարարը: Նա պետք է մշակի և գործի դնի ճիշտ համակարգ։ Իսկ կան չնչին կարևորության բաներ: Դրանցով կարող են և պետք է զբաղվեն մանր պաշտոնյաները:
Մեզ արդեն պարզ երևում է միտումը: Նիկոլը ցանկանում է տեսնել պաշտոններում իր մարդկանց։ Հարգելով նրա վաստակը, մենք կհամաձայնվենք։ Լավ, թող լինի ինչպես ինքն է ցանկանում։ Բայց չէ՞ որ հարկավոր է, որպեսզի նախարարը ականջալո՛ւր լինի մասնագետներին։ Դա անվիճելի է։ Ահա այստեղ է, որ մենք առաջարկել ենք հետևյալ կառուցվածքը։
Ստեղծվում են հարթակներ, որտեղ քննարկվում են մասնագետների գաղափարները, կառավարություննընտրում է լավագույն գաղափարները, իսկ նախարարը պարզապես կատարում է այդ որոշումները։
Դե, կարծես թե, իդեալական կառուցվածք է։ Կառուցվածքը, ինչպես կասեին խորհրդային ժամանակներում, «հիմարադիմացկուն է»։ Այսինքն՝ նման կառուցվածքի դեպքում անհնար է կոպիտ սխալներ գործել, հեռուն գնացող բացասական հետևանքներով:
Փաստորեն, առաջարկվող կառուցվածքը թույլ է տալիս մոտենալ նշված արժանիների իշխանության, երբ նույնիսկ վատ նախարարի առկայությամբ արվում են ճիշտ քայլեր:
Ես կրկնեցի այդ գաղափարը մի քանի հրապարակումներում, պարզաբանելով այն տարբեր տեսանկյուններից: Ոչ մի արձագանք։ Փոխարենը Փաշինյանը առաջարկեց, ինչ-որ բանով նմանատիպ, մասնագետների բանկի ստեղծման գաղափարը։ Որևէ մեկը լսե՞լ է Փաշինյանի գաղափարի գոնե մեկ շարունակության մասին։ Պարզ է, որ ամեն տեսլական, ծրագիր կամ գաղափար պետք է նախ քննարկվի, այնպես չէ՞։ Փաշինյանն այդ մասին ոչ մի խոսք չի ասել: Ինչ-որ մեկը պետք է պարզի, թե կան արդյոք լավ տեսլականներ, ծրագրեր և գաղափարներ, թե ոչ։ Ովքե՞ր են դատավորները։ Որտե՞ղ են մասնագետները, որոնք պե՛տք է քննարկեն գաղափարները։ Չէ որ ամբողջ խորհրդարանը և իշխանությունը լցված են լրագրողներով: Նրա՞նք են, որ պետք է քննարկեն մասնագիտական հարցերը։ Նորից Փաշինյանից ոչ մի խոսք: Ինչ-որ մեկը պետք է հասցնի նախարարներին այդ գաղափարները և ստիպի հետևել դրանց։ Նորից Փաշինյանից ոչ մի խոսք: Այսինքն՝ իմ կառուցվածքի բոլոր մոտեցումները, որոնք կարող են հանգեցնել արժանիների իշխանության, չեն ներկայացված փաշինյանական կառուցվածքում։
Կարելի է առաջարկել քննարկման և ներդրման տարբեր եղանակներ արժանիների իշխանությունը կյանքի կոչելու։ Օրինակ, ստեղծել հանձնաժողով արժանիների իշխանության գործով (կամ «հիմարադիմացկունության») խորհրդարանում կամ վարչապետին կից։ Բայց ամեն ինչ նորից հանգում է նրան, ուզում է դա Փաշինյանը, թե ոչ: Բացի այդ, անընդհատ հարց է առաջանում, թե արդյոք կան մասնագետներ խորհրդարանում կամ Փաշինյանի շուրջը: Կան բազմաթիվ լավ գաղափարներ՝ տես, օրինակ, քաղաքագետ Արա Հարությունյանի գիրքը՝ https://drive.google.com/open?id=1q9hokK9u97mBhewEqXvJeUGAP4v6L6TB
Բայց ո ՛չ իշխանության մեջ, ո ՛չ նրա մոտակայքում չեն երևում մասնագետներ, որոնք կարող են գնահատել և ականջալուր լինել։ Եվ ոչ այն պատճառով, որ առաջարկները բարդ են։ Այլ նրա համար, որ ցանկացած ճիշտ դրված հարցադրման դեպքում անմիջապես պարզվում է, որ իշխանությունում մարդիկ իրենց տեղում չեն։
Եզրակացություն՝ կամ պետությունը կամ այդպիսի պաշտոնյաները պետք է սնանկ դառնան։
Վերը շարադրվածը նախարար Արաիկ Հարությունյանի օրինակի վրա
Կարո՞ղ եք նշել թեկուզ մեկ երկիր կամ միջազգային ուժ, որը շահագրգռված լինի Հայաստանում գիտության և տեխնոլոգիաների զարգացման մեջ։ Չեք կարող։ Այդպիսի երկրներ կամ ուժեր պարզապես չկան։ Ավելին, շատ ուժեր պատրաստ են վճարել, որպեսզի Հայաստանում գիտություն և տեխնոլոգիաներ չլինեն: Անկասկած, այդպիսի ուժերի գործակալներ եղել են և Հայաստանում: Դրա վկայությունն այն է, որ սերժական ժամանակաշրջանում ո՛չ պառլամենտը, ո՛չ նախարարությունը, ո՛չ հասարակական խորհուրդը, ո՛չ Ակադեմիան, ո՛չ գիտության Կոմիտեն չեն արտահայտել խնդիրների ոչ մի հստակ տեսլական։ Ամեն ինչ շատ պարզ է։ Նշված կառույցներում բարձր վարձատրվող պաշտոնյաների մեծ մասը պարզապես գաղափար չի ունեցել գիտության մասին։ Իսկ նրանք, ովքեր կարող էին ինչ-որ բան հասկանալ, գեներացնում էին գիտական կառույցի թերությունները, օգտագործելով իրենց շահի համար։
Պարզ է, որ նման հանգամանքներում տարբեր գիտնականների առաջարկները, որոնք չէին պատկանում լևոնա-ռոբիկա-սերժական կլաններին, ուղղակի անտեսվում էին։
Ճիշտն ասած, գիտնականների առաջարկություններն էլ չափազանց անհեթեթ էին։ Հեղափոխական ակադեմիկոսները զբաղված էին բացառապես ստվերային պայքարով: Իբր, ակադեմիայի նախագահությունը ինքն է ուտում, իսկ մյուսներին չի տալիս։ Այն ժամանակ ես ասել եմ, որ դա երկրորդական հարց է, իսկ կարևորը՝ ով ինչպես է ստանում ակադեմիկոսի տիտղոսը։ Ակադեմիկոսները նեղանում էին ինձանից։ Ինչ-որ մեկը խոսում էր կենտրոններ ստեղծելու մասին։ Մյուսները կազմում էին գիտական հաստատությունների և համապատասխան ֆինանսական միջոցների ցուցակը։ Եվ բոլորն իրենց «ստեղծագործությունն» անվանում էին ծրագրեր։ Ես հարցնում էի, իսկ դուք գոնե մոտավորապես գիտեք, ինչքան պոտենցիալ կադրեր ունենք։ Հեղինակները կրկին նեղանում էին։ Երբ գիտության Կոմիտեն շռայլում էր դրամաշնորհները, անցկացնելով անգրագետ, արկածախնդրական փորձաքննություններ, ես հիմնավորում էի, որ փոքր երկիրը ի վիճակի չէ իրականացնել գրագետ փորձաքննություն: Կոմիտեն նեղանում էր։
Այլ կերպ ասած, ամեն անգամ ինձ անհրաժեշտ էր բացատրել, որ նախ պետք է պարզել, թե «ով ով է գիտության մեջ» (այսինքն՝ սկզբում արժանիների իշխանություն), հետո՝ մնացածը։ Հիմա, իմ տասնյակ հոդվածներից հետո, ոչ ոք արդեն չի վիճարկում այս դրույթը։
Ես նկարագրեցի, որ գիտության հարցը իրոք բարդ է, և մեղադրել նախարարին, որ նա չի հասկանում, պետք չէ։ Բայց, ինչում որ նրան անհրաժեշտ է նախատել և նույնիսկ մեղադրել, դա այն է, որ նա պետք է հասկանար բոլոր կարծիքների հրապարակային քննարկումներն անհապաղ սկսելու անհրաժեշտությունը, ըմբռնումը մշակելու համար։ Չէ որ չի՛ կարելի նախարար լինել առանց գաղափարի, տեսլականի և ըմբռնման։
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը մենք՝ Հայ մասնագետների խորհուրդը հարցում է ուղղել նախարարին կրթության և գիտության նախարարության գաղափարների, տեսլականի և ըմբնման մասին, տես հոդվածը՝ https://www.lragir.am/2019/01/09/408196/ կամ https://www.lragir.am/ru/2018/12/29/140290/
Հասկացողների համար պատասխանը բավականին «սորոսական» էր։
Մի կողմից, նախարարը հեռուստահաղորդման մեջ (https://www.youtube.com/watch?v=2ZKRqXgqzzI տես 25-րդ րոպեից) խոստովանել է, որ, իրոք, չունի իր տեսլականը։ Եվ անմիջապես էլ հավելել է, որ իր համար խնդիր չէ երկու երեք գիշերվա մեջ գրել տեսլականը։ Նույնիսկ չգիտեմ, թե ինչպես կարելի է քաղաքավարի արձագանքել նման հայտարարությանը։ Բանն այն է, որ շատ ու շատ քիչ է լինել թեկնածու արևելագետ, քաղաքապետարանում նստած, որպեսզի կարողանալ հայացքով ընդգրկել գիտությունն ու նրա խնդիրները: Նման թեկնածուն, այնքան հեռու է գիտությունից, որ կարող է նայել նրան միայն հեռադիտակով։ Օրինակ, իմ ըմբռնմանը հասել եմ բազմամյա շփման արդյունքում գիտական համահեղինակների հետ, որոնք համաշխարհային գիտության մեջ աչքի ընկնող դիրքեր են զբաղեցնում (միջազգային գիտական ընկերության տնօրեն, ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային գիտական կենտրոնի տնօրեն, Եվրոպայի դեկանների խորհրդի անդամ)։ Բայց պարզվում է, որ նախարարը կարող անտեսել իմ տեսլականը և գտնում է, որ երկու-երեք գիշերում ինչ-որ ավելի լավ բան կգրի։
Մյուս կողմից, մեր հարցմանը նախարարը պատասխանել է, որ նախարարության տեսլականը արտացոլվելու է նոր օրենքի նախագծում։ Սակայն օրենքը պարզաբանում է կազմակերպությունների կարգավիճակը (Ակադեմիայի, գիտության պետական Կոմիտեի, համալսարանների)։ Դուք ինչպե՞ս կարող եք ինչ-որ բան ստեղծել կամ բարեփոխել առանց գույքագրման (այսինքն՝ չիմանալով, թե ով ով է յուրաքանչյուր ոլորտում)։ Դա միևնույն է, թե ստեղծել ինքնաթիռ, առանց շարժիչի մասին պատկերացում ունենալու։
Հ. Գ. Ի Դեպ, մեզ մոտ ի հայտ է եկել գիտության մեկ այլ գիտակ՝ Սփյուռքի նախկին նախարար, խորհրդարանում այժմ նշանակված որոշելու գիտության ապագան: Նա հայտարարել է, որ նախարար եղած ժամանակ ուսումնասիրել է գիտության խնդիրները։ Դե տեսնենք։ Հետաքրքիր է, նրան քանի՞ գիշեր է հարկավոր գիտության իր տեսլականը ներկայացնելու համար։ Ժամանակն է հասունանալու, պարոնայք իշխանավորներ։
Գրիգոր Բարսեղյան
(Հայ մասնագետների խորհրդի նախագահ, գիտությունների դոկտոր, Մարի Կյուրիի անվան միջազգայինգիտական մրցանակի դափնեկիր)