Այդպիսի օր չի լինում, որ ոստիկանությունն ու սոցցանցերը չհայտնեն թալանի մի քանի դեպքերի մասին. հիմնականում թալանում են խանութները, վարկային կազմակերպությունները, սննդի կետերը, այլ ոչ թե մարդկանց փողոցներում։ Թեև եթե ամեն ինչ այսպես շարունակվի, փողոցում էլ կսկսեն թալանել։
Հունվարի վերջին ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանն ասել էր, որ ոստիկանությունն ամբողջովին վերահսկում է իրավիճակն ու անհրաժեշտ միջոցառումներ է իրականացնում, ու հասարակությունը դրա ականատեսն է։ Նրա խոսքով` հունվարին տեղի ունեցած թալանի գրեթե բոլոր դեպքերը բացահայտվել են մի քանի օրվա ու նույնիսկ ժամերի ընթացքում։
Ուրիշների անունից չեմ խոսում, բայց անձամբ ես ականատես եմ եղել` ինչպես է մեր շենքի բակը դատարկվում, այնտեղ այլևս մեքենաներ չկան։ Տարիներով մարդիկ ստիպված էին դրա միջով անցնել` մուտքին հասնելու համար. մարդիկ ալարում էին դրանք 100–200 մետր հեռավորության վրա գտնվող ավտոտնակներում կանգնեցնել։ Երկու–երեք տարին մեկ կարող էին մեկի դրսի հայելին հանել, բայց ոչ ավելի հաճախ և ոչ ուրիշ բան։ Հիմա չեն ալարում, կանգնեցնում են, բակում երկու–երեք «անտուն» մեքենա է մնացել։
Մի կողմից` դա իհարկե վատ չէ, բայց միայն մի կողմից։ Քանի որ առաջվա ապահով ու անհոգ Երևանը հետզհետե հիշողություն է դառնում։
Հանցագործությունների թվի կտրուկ աճը երկու պատճառ ունի, մնացածն ածանցյալ են. համաներումն ու իրավապահ համակարգում առկա խնդիրները։
Իրավապահ մարմինների վետերան, ծառայության 35 տարիների փորձ ունեցող մասնագետը, որը ցանկացավ Սամվել Ա. հորինված անունով ներկայանալ, Sputnik Արմենիայի եթերում ասաց, որ համաներումից հետո հանցանքների թվի աճ գրանցվում է ցանկացած երկրում (ցավոք, այս պնդումը մեր վիճակը չի թեթևացնի)։ Համաներումից բացի Սամվելը, որպես պատճառ, նշում է իրավապահ մարմինների մի շարք թույլ տեղեր։
Այդ խնդիրը կապված է կադրերի երիտասարդացման հետ՝ ի վնաս ավագ սերնդի գիտելիքների ու փորձի։ Դա կապված է նաև անթույլատրելի ծանրաբեռնվածության հետ։ Մեր զրուցակիցը պնդում է` կան դեպքեր, երբ քննիչը միաժամանակ 40 գործ է վարում, մինչդեռ նորման 10–11-ն է։
Օպերլիազորների ու հատկապես թաղայինների ինստիտուտն էլ չի արդարացնում իրեն. այդ ծառայողները պարզապես չեն հսկում իրենց վստահված տարածքները մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am