Պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերը և պարգևավճարները միմյանց հետ կապ չունեն։ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, երբ թեմայի մեջ ավելի խորանա, կհասկանա, որ մեկը մյուսի հետ կապ չունի, Aysor.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով վերջինիս ֆեյսբուքյան գրառմանը, որում Նազարյանը հայտնել էր, որ պետական կառույցներում արտաբյուջետային ֆոնդեր այլևս չեն լինելու, քանի որ հենց այս ֆոնդերից են տարիներ շարունակ պարգևավճարներ տրամադրվել։
«Օրենքով սահմանված է, որ աշխատողը կարող է պարգևավճար և հավելավճար ստանալ, դա բացարձակապես կապ չունի արտաբյուջետային ֆոնդերի հետ։ Ինչ վերաբերում է այդ ֆոնդերին, ապա կանոնակարգված, ճիշտ, թափանցիկ և արդյունավետ երկրում արտաբյուջետային ֆոնդեր չեն լինում։ Դրանք ոչ այլ ինչ են, քան հանրությունից ստվերում թաքցված հնարավորություններ», – նշեց տնտեսագետը։
Վարդան Բոստանջյանը շեշտեց՝ ինքը Լենա Նազարյանի նման դիրքորոշումը ողջունում է, բայց արտաբյոջետային ֆոնդերը չպետք է կապել պարգևավճարների հետ։
Ինչ վերաբերում է ահռելի չափերի հասնող պարգևավճարներին, տնտեսագետը դրանք մեծագույն խայտառակություն որակեց։
«Անկախ այն հանգամանքից՝ տվյալ աշխատողը որքան բարձր կամ ցածր է վարձատրվում, տեղի է ունեցել իշխանափոխություն, որի պարագայում մարդիկ մեկ-երկու ամիս աշատելուց հետո «շնչահեղձությամբ» պետական բյուջեից փողեր են ստացել։ Անգամ ամենահամեստ մտավոր ունակությունների տեր մարդը կհասկանա, որ նման բան անել չէր կարելի։ Ամբողջ հասարակությունը, որ գնաց, այսպես կոչված, հեղափոխության, գնաց այն բանի համար, քանի որ առկա էր անարդարություն, մարդու իրավուքնների ոտնահարում և այլն։ Հիմա, վերցնել և միանգամից պարգևավաճարներ տալ իշխող դասի ներկայացուցիչներին, հավելավճարներ սահմանել նրանց համար, արդար չէ», – համոզմունք հայտնեց Վարդան Բոստանջյանը։
Տնտեսագետը նկատեց, որ երևույթն առավել սրությամբ երևում է սոցիալական վիճակի և համատարած աղքատության ֆոնին։
«Խոշոր առումով ես հասկանում եմ, որ պետական պաշտոնյան պետք է արժանավայել վարձատրություն ստանա, բայց բոլոր դեպքերում չէի կարծում, որ շնչահեղձությունը, հրատապությունն հենց այսօր պետք է լիներ՝ ի հաշիվ աղքատ զանգվածի։ Եթե մենք ունենք բազմաթիվ կնճռոտ, առաջնահրեթ ու անհետաձգելի խնդիրներ, մի՞թե պետք է պարգևավճարների ինստիտուտին անցնեինք», – հարց հնչեցրեց Վարդան Բոստանջյանը։