Արման Բաբաջանյան. «Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունից հետո առաջացող ռիսկերի մասին»
Advertisement 1000 x 90

Արման Բաբաջանյան. «Սիրիայում հայկական հումանիտար առաքելությունից հետո առաջացող ռիսկերի մասին»

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը.

Դեռևս 2012թ․ ամռանը, պատերազմի ամենանախնական փուլում, որպես լրագրող, առաջինը Հայաստանից այցելել եմ Հալեպ, ծանոթացել պատերազմի հետևանքով հայ համայնքին պատուհասած դժվարություններին։ Վերադարձիս հանդես եմ եկել բազմաթիվ հայտարարություններով և հրապարակումներով՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին դիտարկել սիրիահայության պաշտպանությունը տեղում, և տեղափոխումը հայրենիք։ Այն ժամանակ Սփյուռքի նախարարն ու պատկան մյուս գերատեսչությունները այդպիսի անհրաժեշտություն չդիտարկեցին, մինչև որ հետագա տարիների զարգացումները ողջ Սիրիայում հայ համայնքը կանգնեցրեց կործանման եզրին։ Այսօր արդեն Հալեպում և Դամասկոսում կազմակերպված հայ համայնք գոյություն չունի։

Ավելին, Հայաստանի Հանրապետությունը դեռևս չունի Սիրիայում և ընդհանրապես Մերձավոր Արևելքի մյուս համայնքներում հայ համայնքներին պաշտպանելու կամ, ըստ անհրաժեշտության, նրանց հայրենադարձությունը կազմակերպելու հայեցակարգ։

Այսօր հայտնի դարձավ, որ Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիա՝ Հալեպ։

Ակնհայտ է, որ դեռևս 2018թ․ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի՝ Նիկոլ Փաշինյանի ընդարձակ ելույթում այս առաքելության մասին հպանցիկ անդրադարձից հետո Հայաստանի կառավարությունը ամբողջ գործընթացը իրականացրել է գաղտնիության քողի տակ և ՀՀ օրենսդրության բազմաթիվ խախտումներով։

Համոզված ենք, որ Սիրիայում Հայաստանի դրոշի ներքո և Ռուսաստանի օժանդակությամբ մեկնարկած հումանիտար առաքելությունը բազմաթիվ չհաշվարկված ռիսկեր և սպառնալիքներ է առաջացրել։ Դեռ մեծ հարց է, այս առաքելության ներկայությունը Սիրիայում ավելի շատ խնդիրնե՞ր է առաջացնում պատերազմի հետևանքով նոսրացած ու անկազմակերպ սիրիահայ համայնքին, թե՞ օգնում է նրան։ Առաքելության ներկայությունը ինչպիսի՞ արտաքին վտանգներ է առաջացնում Հայաստանի Հանրապետության համար։

Եվ վերջապես, ՀՀ կառավարությունը ընդառաջ չգնաց գործընթացը թափանցիկ կազմակերպելու բազմաթիվ առաջարկներին, և հրաժարվեց խնդրո վերաբերյալ Ազգային ժողովում քննարկումներ կազմակերպել։

Օրեր առաջ դիմել եմ ՀՀ վարչապետին՝ տրամադրել Սիրիա ուղարկվող մարդասիրական առաքելության իրավապայմանագրային հիմքերը։

Սպասում եմ գործադիրի ղեկավարի պատասխանին։

Իսկ մինչ այդ հաջողություն եմ մաղթում իրենց ծառայությունը Սիրիայում իրականացնող մեր զինվորականներին։



Նման նյութեր