
Աֆղանական պատերազմի մասնակից շիրակցի վետերանները հավաքվել էին Գյումրու Ռուսական գիտության ու մշակույթի կենտրոնում. այն եզակի դեպքերից էր, որ հիշեցին ու մեծարեցին նրանց:
Ամեն տարի փետրվարի 15-ին նշվում է Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման օրը: 30 տարի առաջ Աֆղանստանը լքած խորհրդային զորքի մեջ շատ էին նաև հայերը: ԽՍՀՄ տարիներին նրանց հաճախ էին հիշում ու մեծարում, այսօր, ցավոք, քչերին է հայտնի այդ մարդկանց սխրագործությունների մասին. սերունդները չգիտեն, քանի որ քիչ է խոսվում:
Պատերազմին մասնակցել են պարտադրաբար, հրաման է եղել մեկնել՝ մեկնել են, իսկ քննարկել այդ հրամանը ոչ մեկն իրավունք չուներ:
Գևորգ Մալխասյանը 25 տարեկան էր, ծառայում էր Գյումրու սահմանապահ ջոկատում: Մեկնելու հրամանն իմացավ, բայց ծնողներից թաքցրեց թե ուր պետք է գնա: Երբ ընկերները եկան հրաժեշտ տալու, անգիտակցաբար, մոր մոտ ասացին, որ որդուն տանում են Աֆղանստան: Լուրն իմանալով մայրն ուշագնաց եղավ, բայց դա ոչինչ չփոխեց՝ որոշումն անբեկանելի էր:
Գևորգն Աֆղանստան մեկնեց ծառայակից ընկերոջը փոխարինելու: Առաջին կանգառը Կանդագարն էր, ապա Քաբուլը, որտեղ էլ մասնակցեց ռազմական գործողությունների: Աֆղանստանում Գևորգի ծառայած ջոկատն ավելի ուշ ստացավ «ամենամարտունակ գունդ անվանումը»:

«Մեր զորամիավորումը շատ անգամ է «դուշմանների» կրակահերթերի տակ մնացել:
Մեր միակ երազանքը կենդանի մնալն էր. երբ պառկում էինք քնելու, մտածում էինք՝ տեսնես կարթնանա՞ք, իսկ առավոտյան էլ մեր մտքում էր՝ մինչև գիշեր կենդանի կմնա՞նք:
Միայն Աստված գիտեր՝ կենդանի կմնաս, թե ոչ»,- նշեց Գևորգը վստահեցնելով՝ Աֆղանստանում ձեռք բերած փորձը օգտակար եղավ նաև Հայկական բանակի կազմավորմանը, որի ակունքներում կանգնածներից շատերն են Աֆղանստանում ծառայություն անցել:
Գևորգը Հայկական բանակի կապիտան է, տարիքի բերումով կենսաթոշակի է անցել:
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am