Արամ Ա կաթողիկոսի խորհուրդը Փաշինյանին. պետք է այնպես անել, որ բևեռացումներ չառաջանան (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Արամ Ա կաթողիկոսի խորհուրդը Փաշինյանին. պետք է այնպես անել, որ բևեռացումներ չառաջանան

Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Գարեգին Բ և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսներին։ Ողջույնի խոսք է ասել նաև Նիկոլ Փաշինյանը, ապա  Գարեգին Բ-ն և վերջում Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը, ով, մասնավորապես, նշել է.

«Սիրելի պարոն վարչապետ,
ահավասիկ սա մեր երկրորդ հանդիպումն է, և այս անգամ ավելի պաշտոնապես՝ որպես վարչապետ ողջունում եմ Ձեր առաքելությունը, որովհետև հայրենակերտումին նվիրված որևէ անձի գործը սովորական իմաստով գործ չէ, այլ իր էությամբ և նպատակով առաքելություն է, և այդ առաքելությունը պետք է կատարվի կոչումի գիտակցությամբ: Եվ ես վստահ եմ, որ այս գիտակցությամբ Դուք լծված եք այս առաքելությանը՝ Ձեր շուրջն ունենալով պատասխանատուներ, երիտասարդ տարրեր նույն առաքելության ճանապարհին: Հետևաբար, Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք և ամբողջական հաջողություն, ինչպես միշտ ասել եմ, կկրկնեմ. Ձեր հաջողությունը հայրենիքի հաջողությունն է, հայրենիքի հաջողություը մեր ամբողջ ազգի հաջողությունն է, որովհետև Հայաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության սահմաններից անդին հարաբերաբար Սփյուռքին որոշ պատասխանատվություններ ունի: Հետևաբար, ես Ձեր առաքելությունն ավելի համապարփակ կերպով եմ տեսնում: Իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները հանգրվանային կերպով իրագործվեն: Այդ հանձնառությամբ Դուք այս առաքելությանը լծվեցիք և Ձեր բոլոր հրապարակային խոսքերի մեջ կարևորությամբ շեշտեցիք, որ ժողովրդից եք գալիս, ժողովուրդն է իշխանությունը, և ժողովրդի սպասումներն են, որոնք պետք է մղիչ ուժը դառնան Ձեր և կառավարության առաքելության: Բնականաբար, պետք է լինել իրատես. չի կարելի անմիջականորեն զգացությունը պայծառակերպել և այդ սպասումներն իրագործել: Հանգրվանային կերպով առաջատվական ընթացքով իմ սպասումս է, որ ժողովրդի սպասումները, կարիքները, ակնկալությունները իրագործվեն: Եվ այս ընթացքի մեջ նաև իմ սպասումս է, որ կարևորությամբ շեշտեք բազմակարծիքության բերելիք նպաստը Ձեր առաքելությամբ՝ թե՛ խորհրդարանից ներս, թե՛ խորհրդարանից դուրս:

Տարբեր կարծիքներ ունենալը հարստացուցիչ է՝ պայմանով, որ դրանք ինչ-որ տեղ իրար հետ հանդիպեն, իրար հետ շփվեն՝ մեր համազգային արժեքների և իդեալների շուրջ: Պետք է այնպես անել, որ մենք բևեռացումներ չառաջացնենք: Եթե կան բևեռացումներ, այդ բևեռացումները պետք է կամրջվեն նույն արժեքների շուրջ: Եվ այս ուղղությամբ եկեղեցու դերը ես շատ կարևոր եմ համարում: Ուրախ եմ, որ Ձեր խոսքի մեջ կարևորությամբ անդրադարձաք եկեղեցու դերին: Վեհափառն ինքն էլ ասաց, որ եկեղեցի-պետություն այս հարաբերությունները, ավելի ճիշտ՝ գործակցությունը, պիտի ասեմ, նկատի ունեմ հրամայական է թե՛ ազգաշինության, թե՛ հայրենակերտումի իմաստով: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր մոտեցումներ: Ինչպես ասացի, այդ տարբերությունները պետք է դառնան վերջին հաշվով հարստացուցիչ, որովհետև մենք բոլորս էլ նույն օղակի մեջ ենք և նույն ճամփի վրա ենք գտնվում:

Հետևաբար, պարոն վարչապետ, մեկ անգամ ևս Ձեզ մաղթում ենք հաջողություն Ձեր առաքելության մեջ: Աստված պահի Ձեզ և մեր սիրելի հայրենիքը»:



Նման նյութեր