106 տարեկանում կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած վերջին մոհիկաններից մեկը։ Լուսին Բերեջիկյան- Խաչերյանը մահացել է փետրվարի 20-ին Արգենտինայում։
Լուսինը ծնվել է 1913 թ.-ի հունվարի 7-ին, Արևմտյան Հայաստանի Այնթապ գավառում։ «Ավելի լավ է ոչինչ չհիշել: Երբ հիշում եմ, չեմ կարողանում քնել», – ասել է նա 2015-ին` Հայոց ցեղասպանության հարյուրամյակին Telefé Noticias- ին տված հարցազրույցում: Փոքրիկ Լուսինն իր ընտանիքի հետ հայրենի գյուղը թողել ու գաղթական էր դարձել Օսմանյան կայսրության կողմից իրականացրած Ցեղասպանության ու հայերի տեղահանման պատճառով։
Հայրը` Աբրահամը, ոսկերիչ էր։ Խառնակ տարիներին նա իր ավագ որդիներին ուղարկում է Սիրիա։ Շուտով, ցավոք, Աբրահամը հիվանդանում է։ Ազգությամբ թուրք նրա մի քանի ընկերները փորձում են օգնել հային։ Նրանք կառք են գտնում, որպեսզի Աբրահամն ընտանիքով կարողանա փախչել: «Երբ մենք ճանապարհ էինք ընկել, զինվորականները կանգնեցրին կառքը և բոլորիս իջեցրին: Նրանք մեզնից ոսկի էին պահանջում: Մայրս մի քանի ոսկու ձուլակտոր էր թաքցրել բարձերի մեջ։ Զինվորները քրքրեցին ու ստուգեցին մեր իրերը և գտան ոսկիները. նրանք ուզում էին մեզանից խլել ամեն ինչ: Մայրս սկսեց լաց լինել, նա ասում էր`ինչպե՞ս մենք կապրենք առանց այդ խնայողությունների: Ճամփորդության համար մենք որոշ սնունդ ունեինք, որը նրանք նույնպես վերցրին: Մնացինք առանց ուտելիքի, բայց կարողացանք հասնել Հալեպ: Մայրս չփրկվեց: Նա հղի էր, արյունահոսություն սկսվեց, և մայրս մահացավ ճանապարհին», – պատմել է Լուսինը պարբերականին:
Հետո, Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտին նրանք մեծ հույսով ու ակնկալիքով վերադառնում են իրենց գյուղ: Այն ավերակների էր վերածվել… Թուրքական իշխանությունները նրանց գնացք են նստեցնում և կրկին աքսորում:
Լուսինը հիշում է. «Գնացքը կանգ առավ մի անհյուրընկալ և խավար վայրում: Հայրս ոսկի տվեց պահակին, որպեսզի մեզ թույլ տա գնանք: Դա մի ամայի վայր էր: Մենք սկսեցինք քայլել դեպի միակ լույսը, որ տեսանելի էր: Երբ հասանք, տեսանք, որ դա մի հսկայական պահեստ էր, որը լի էր հայերով: Բոլորը իրար սեղմված էին: Մի քանի օր այնտեղ անցկացնելուց հետո հայրս ասաց, որ մենք չենք կարող այստեղ մնալ: Նա որոշեց գնալ Դամասկոս: Ճանապարհին հանդիպում էինք մարդկանց, որոնք նույնպես փախչում էին: Մի կնոջ եմ հիշում, որն անդադար լալիս էր. նրա երեխաներն ու ամուսինը սպանվել էին: Հայրս նրան խնդրեց, որ հոգ տանի իմ մասին, քանի որ ես ամենափոքրն էի: Եվ այդ կինն ինձ խնամում էր դեպի Դամասկոս ողջ ճանապարհի ընթացքում»:
Հայրը` Աբրահամը, մահանում է Դամասկոսում, իսկ եղբայրներն այդ ժամանակ արդեն մեկնել էին Արգենտինա: Լուսինը և նրա ավագ քույրը մնում են Դամասկոսում, մինչև նրա 16 տարին լրանալը և միայն 1929 թ.-ին որոշում են մեկնել Հարավային Ամերիկա:
«Նա, ով տեսել է գաղթն ու Ցեղասպանությունը, երբեք չի կարող մոռանալ դա: Մենք շատ վատ ժամանակներ ենք ապրել առանց մոր ու առանց հոր: Ցեղասպանությունը երբեք չի մոռացվի»,–ասել է նա La Nación պարբերականի հետ հարցազրույցի ժամանակ:
Լուսին Բերեջիկյան- Խաչերյանը պատմել է, որ ինքնուրույն է սովորել իսպաներեն խոսել, երբ ժամանել էր երկիր և բնակություն հաստատել Բուենոս Այրեսի Պալերմոյի թաղամասում: