Ինչպես է օլիգարխը դառնում գործարար
Advertisement 1000 x 90

Ինչպես է օլիգարխը դառնում գործարար

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «City of smile» բարեգործական հիմնադրամը, այն բանից հետո, երբ մի շարք ԶԼՄ-ներ հարցումներ էին ուղարկել, օրեր առաջ հրապարակել է 2018-19թթ. նվիրատվություններ կատարած ընկերությունների և անհատների անունները:

«City of smile» կամ «Ժպիտների Քաղաք» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է, որպեսզի օգնի քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող մարդկանց։ Այսինքն՝ փորձում է զբաղվել նույն խնդրով, ինչով զբաղվում էր «Նվիրիր կյանք»  հիմնադրամը, որի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանն էր։

Եվ ահա, օլիգարխների և կոռուպցիայի դեմ «անողոք» պայքար մղող իշխանությունները դիմում են հարկատուներին և գործարարներին, որպեսզի նվիրատվություններ կատարեն Աննա Հակոբյանի ստեղծած հիմնադրամին։

«City of smile»-ի 2018թ. ամենախոշոր նվիրատուն եղել է «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Գործարան»-ը. 51 միլիոն դրամ է փոխանցել հիմնադրամին:

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն անցյալ տարի փոխանցել է 2 միլիոն դրամ, իսկ Ծառուկյանի տիկինը՝ Ջավահիր Ծառուկյանը՝ 5 միլիոն դրամ:

Այս տարի՝ 2019թ. «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամն այս տարի փոխանցել է 1 միլիոն դրամ, և նույնքան էլ Ջավահիր Ծառուկյանը: Գագիկ Ծառուկյանի դուստրը՝ Անահիտ Ծառուկյանը փոխանցել է 5 միլիոն դրամ:

2018թ. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին / Դեր Մամփրե Կուզույանը 47 միլիոն 985 հազար դրամ է փոխանցել: Այս տարի Մայր Աթոռը փոխանցում չի արել:
«Ամերիաբանկը» 2018-ին փոխանցել է 11 միլիոն 856 հազար դրամ, իսկ այս տարի զգալիորեն ավելի՝ 33 միլիոն 793 հազար դրամ:

Անցյալ տարի Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամվել) «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հիմնադրամը «City of smile»-ին է փոխանցել 10 միլիոն դրամ: Այս ընտանիքին պատկանող «Նատալի ֆարմն» ու «Ալեքս տեքստիլ» ընկերությունները փոխանցել են համապատասխանաբար 3 միլիոն դրամ և 2 միլիոն դրամ: Հիշեցնենք, որ ժամանակին, երբ Նիկոլ Փաշինյանը դեռ ընդդիմադիր պատգամավոր էր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մասին խոսելիս նրան ներկայացնում էր որպես մենաշնորհներ ունեցող և իշխանական բարեհաճություններից օգտվող օլիգարխ, ավելին՝ նրան էր վերագրում բազմաթիվ հանցագործություններ։ Այսօր, սակայն, արդեն իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը նրան համարում է պարզապես գործարար։

Գործարար Խաչատուր Սուքիասյանի «Սուքիասյան» բարեգործական հիմնադրամը, ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի ընտանիքին պատկանող «Տաշիր» հիմնադրամը «City of smile»-ին անցյալ տարի փոխանցել են յուրաքանչյուրը 1 միլիոն դրամ:
ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող «Մեգա թոյս» և «Մեգաֆուդ» ընկերությունները ևս 2018 թվականին «City of smile»-ին նվիրատվություն են կատարել՝ յուրաքանչյուրը 200 հազար դրամ:

«Զիգզագ» ընկերությունը, որի բաժնետերերից է Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայրը, «City of smile»-ին անցյալ տարի փոխանցել է 1 միլիոն դրամ:
2018թ. Աննա Հակոբյանի հիմնադրամին թվով 77 նվիրատվություն է եղել, այս տարի՝ դեռևս 19 նվիրատվություն է եղել:

Ամերիկայի Հայկական Ավետարանչական Միությունը նվիրաբերել է 3 միլիոն 416 հազար դրամ, «Ինեկոբանկը»՝ 2,5 միլիոն դրամ:

ԱՍՏՂԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ



Նման նյութեր