«Բոլոր տուժողների համար մեկ պատահարի գծով գումարը 10 մլն-ից բարձրացվել է մինչև 33 մլն դրամի». 2017թ. ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրերը կգործեն նոր պայմաններով
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանն այսօրվա ասուլիսին ներկայացրեց ԱՊՊԱ ոլորտում սպասվող փոփոխությունները.
«Փոփոխությունները բազմաթիվ են, այդ պրոցեսներից հանվել են ավելորդ պրոցեսները, կրճատվել է մարդկանցից պահանջվող փաստաթղթերի քանակը: Մարդիկ հնարավորություն կունենան կնքել պայմանագրեր և ստանալ հատուցումներ՝ առանց ապահովագրական ընկերություններ այցելելու»:
Ըստ Վ. Ավետիսյանի՝ ԱՊՊԱ ոլորտում ներդրվում է ուղիղ հատուցումների համակարգ. «Սա նշանակում է, որ պատահարի դեպքում տուժող ավտոսեփականատերերը հատուցումներ կստանան այն ապահովագրական ընկերությունից, որի հետ պայմանագիր են կնքել: Իսկ հատուցող ապահովագրական ընկերությունները հետագայում փոխադարձ հաշվարկներով հետադարձ պահանջի իրավունքով այդ գումարները կստանան վնաս պատճառողի ապահովագրական ընկերությունից: Այս համակարգի ներդրումը թույլ կտա, որպեսզի ավտոսեփականատերերը պայմանագրի գործողության ամբողջ ժամանակահատվածում գործ ունենան միայն իրենց կողմից ընտրված ապահովագրական ընկերությունների հետ»:
Հաջորդ փոփոխությունը վերաբերում է պարզեցված հատուցման գործընթացին, որի ժամկետները ներկայումս կազմում են 9-81 օր, իսկ փոփոխություններով այն կլինի 6-17օր: «Պարզեցված գործընթացից տարբերվող մյուս բոլոր դեպքերում 16-119 օր ներկայիս գործընթացը դարձել է 10-41 օր»,- պարզաբանեց նա:
«Մեծացվում է ապահովագրական պատահարների արդյունքում բոլոր տուժողներին հատուցման ենթակա առավելագույն չափը: Այն դեպքերում, երբ վթարներում տուժողները 1-ից ավելին են, մենք հիմնականում խնդիրներ ենք ունենում, որովհետև մեկ պատահարի համար սահմանված 1 մլն 800 հազար դրամ սահմանաչափը, որպես կանոն, չի բավարարում բոլորին, կիրառվում է համամասնություն և, համապատասխանաբար, մարդիկ չեն կարողանում ստանալ իրենց գումարներն ամբողջությամբ: Հետևաբար, գույքային վնասների համար պահպանելով մեկ պատահարի համար մեկ տուժողին առավելագույն 1 մլն 800 հազար դրամ սահմանաչափը՝ բոլոր տուժողների համար առավելագույն սահմանաչափը դարձել է 18 մլն դրամ»,- նշեց նա՝ հստակեցնելով, որ այս թիվը ծածկում է բոլոր տուժողներին հատուցվելիք բոլոր վնասները:
«Անձնական վնասների համար նույնպես պահպանելով մեկ տուժողի համար 3 մլն 300 հազար դրամ սահմանաչափը՝ բոլոր տուժողների համար գումարը մեկ պատահարի գծով 10 մլն-ից բարձրացվել է մինչև 33 մլն դրամ: Սա նույնպես առայսօր ձևավորված վիճակագրությամբ ամբողջապես ծածկվող չափ է»,- ասաց նա՝ նշելով, որ հաջորդ փոփոխությունը վերաբերում է փաստաթղթերի ստանդարտացմանը, այսինքն՝ գործընթացում ավելորդ փաստաթղթեր չեն կիրառվելու:
Նա հիշեցրեց, որ կատարված փոփոխությունները տարածվելու են 2017թ. ապրիլի 1-ից հետո կնքվող պայմանագրերի ու ապրիլի 1-ի դրությամբ գործող պայմանագրերի և դրանից ծագող հարաբերությունների նկատմամբ. «Այսինքն՝ եթե դուք նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կկնքեք մեկ տարով պայմանագրեր, դրանք ապրիլի մեկից կվերածվեն նոր, բարելավված պայմաններով պայմանագրերի»:
Ռազմիկ Մարտիրոսյան