Քանի որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի շուրջ ծավալված իրադարձությունների էմոցիոնալ ֆոնը կածես թե մարում է, մեկնաբանեմ, թե ինչու էի միացել «Ես համալսարանական» եմ ակցիային:
Իրականում ես համալսարանական եմ դեռ 1996 թվականից, երբ առաջին անգամ, որպես ուսանող, մուտք գործեցի ԵՊՀ 7-րդ մասնաշենք. այդ տարիներին դա կոչվում էր Բանասիրականի մասնաշենք (որքան էլ որ աղջիկ տեսնելու եկող տղաները դրան Ռոմանո անվանեին 🙂 ):
Ուսմանը զուգահեռ 2000 թվականից աշխատել եմ Համալսարանում՝ սկզբում որպես ուսումնական լաբորատորիաների վարիչ, հետագայում՝ որպես Ինտերնետ ռեսուրսների կառավարման և զարգացման բաժնի ղեկավար:
Այդ 15 տարիների ընթացքում ԵՊՀ-ում տեսել եմ բազմաթիվ խնդիրներ, որոնց ծագումը, գլոբալ առումով մեկ մարդ չէր կարող լինել. նախկինից ժառանգած մի ամբողջ համակարգ էր, մտածողություն, սովորությունների մի ամբողջ թնջուկ (ասենք օրինակ՝ դրամարկղում որոշ մանր գումար թողնելու «ավանդույթը», որը, երբ առաջին անգամ առաջին աշխատավարձ ստանալուց տեսա, ինձ թվաց թե մանրադրամ թողնողները գանձապահին վիրավորելու միտում ունեն):
15 տարիների ընթացքում, իմ աչքի առաջ, հսկայական փոփոխություններ են եղել բուհում ու դեռ շատ-շատ բարեփոխումներ պիտի լինեն:
Մեկ անձի փոփոխությամբ խնդիրները միանգամից չեն վերանալու, ոնց որ չվերացան ՀՀ խնդիրները ամբողջ Կառավարության և Խորհրդարանի փոփոխությամբ:
Բայց տվյալ պարագայում ճնշումների արդյունքում ստացված փոփոխությունը վատ, շատ վատ նախադեպ է դառնալու:
Պնդում եմ, որ ԵՊՀ ռեկտոր, ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանի հետ կապված հարցերը պետք է կարգավորվեն միայն իրավական հարթության մեջ՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան, պետք է բացառվի որևէ ճնշում, կամայականություն:
ԵՊՀ ռեկտորի մեկ էլ ԽՍՀՄ-ում էին փորձում ճնշել. գիտեք ինչ եղավ…