2014 թվականից Հայաստանի հանրակրթական դպրոցներում գործում է «Արմաթ» ինժեներական համակարգերի գործարկման ծրագիրը: 2016 թվականի մարտից էլ համագործակցության հուշագիր էր կնքվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկության միության (ԻՏՁՄ) և կառավարության՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության միջև: «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի շրջանակներում ԻՏՁՄ-ն և ՀՀ կառավարությունը պետք է ներդնեն համատեղ ջանքեր:
Այսօր արդեն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ գործում են Հայաստանի թվով 160 դպրոցներում: Ինժեներական Լաբորատորիաներից օգտվում են ավելի քան 3000 աշակերտներ: Այս մասին Հայաստանի կրթության նախարարությունում այսօր հայտնեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Ըստ Հայկ Չոբանյանի՝ «Արմաթ» լաբորատորիաները բարենպաստ պայմաններ են ստեղծում տնտեսության կայուն զարգացման համար: Լաբորատորիաների աշակերտների 3-4 տարում ստացած գիտելիքները կարող են բավարար լինել սեփական ընտանիքի և համայնքի հոգսերը հոգալու համար:
«ԻՏՁՄ-ն շարունակում է ներդրումների հայթայթման գործընթացը, որպեսզի ժամանակակից տեխնոլոգիական կրթության հավասար և անվճար հնարավորություն ապահովի ՀՀ բոլոր դպրոցականների համար:
«Արմաթը» գործում է անվճար հիմունքներով և բաց է բոլոր դպրոցականների առջև: «Այն դպրոցների աշակերտները, որտեղ դեռևս չեն հիմնվել նման խմբակ-լաբորատորիաներ, կարող են հաճախել հարակից բնակավայրերում գործող «Արմաթ» խմբակներ»,- նշում է Հայկ Չոբանյանը:
Հայկ Չոբանյանի խոսքով՝ տեխնոլոգիական ոլորտի առանձնահատկություններից մեկն այն է, որ աշխատանքը կատարվում է առցանց: Սրա շնորհիվ համաշխարհային շուկայում առկա շուրջ 2 մլն թափուր աշխատատեղը կարող է լրացվել հենց հայ մասնագետների կողմից, իսկ միջազգային պատվերների ձեռքբերումն անմիջականորեն կնպաստի համայնքային զարգացմանն ու արտագաղթի նվազեցմանը:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախատեսել է մինչև 2019թ. ինժեներական խմբակ-լաբորատորիաներ ներդնել ՀՀ բոլոր դպրոցներում:
Մի շարք դպրոցներում արդեն գործում են ինժեներական խմբակ-լաբորատորիաներ: Ծրագրի հեղինակները նշում են, որ ժամանակակից տեխնիկայով հագեցած ինժեներական լաբորատորիաները հնարավորություն են տալիս բարելավել Հայաստանում ինժեներական կրթության մակարդակը, որն անմիջապես հանգեցնում է ՀՀ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերի զարգացմանը, այդ թվում՝ ռազմաարդյունաբերության, առողջապահության, ֆինանսաբանկային և այլն:
Տեղեկացնենք նաև, որ WITSA Global Excellence Award-ի կողմից «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն արժանացել է մրցանակի՝ կայուն զարգացման ոլորտում:
Սիրարփի Աղաբաբյան