Գրավատները և փոխանակման կետերը փակվելու շեմի՞ն են. a1plus.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Գրավատները և փոխանակման կետերը փակվելու շեմի՞ն են. a1plus.am

Գրավատների և գումարի փոխանակման կետերի աշխատակիցները բողոքի ակցիայով հանդես էին գալիս կառավարության շենքի դիմաց։

«Գրավատների և փոխանակման կետերի համար վճարվող տուրքն այս պահին ներկայացված նախագծով փորձում են ավելացնել։ 50 հազար դրամ գրավատների կողմից վճարվող տարեկան պետտուրքը ցանկանում են բարձրացնել-սարքել 3 միլիոն դրամ, իսկ փոխանակման կետերինը՝ 100 հազար դրամից 6 միլիոն դրամ»,- ասում է Հայաստանի ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոնի նախագահ Հրանտ Նալբանդյանը։

Նալբանդյանի համար անհասկանալի է այսպիսի մոտեցումը։ «Եթե գրավատների պետտուրքերը 60 անգամ ավելացնեն բոլոր գրավատները, իրականում, կփակվեն կամ նույնը փոխանակման կետերը»,- շեշտում է նա։

Ակցիայի մասնակիցներին հանդիպեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը և նրանց տեղեկացրեց, որ այս օրինագծի առաջարկությամբ հանդես է եկել Կենտրոնական բանկը։ Բացատրել է կենտրոնական բանկը, ըստ Սիմոնյանի, այսպես. «Քանի որ Հարկային օրենսգրքով շահութահարկն են քչացում ու 20 տարի, քանի որ ոլորտը չի կարգավորվել, այդ կարգավորումներն են անում»։

Նալբանդյանն արձագանքեց՝ ասելով, որ առաջարկը խելամիտ չէ։ Սիմոնյանը խոստացավ հնարավորության դեպքում այս խնդրի շուրջ տեղյակ պահել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Երբ որ Ազգային ժողով գա օրենսդրական նախաձեռնություն ես համապատասխան հանձնաժողովին կներկայացնեմ և կփորձեմ նաև ներգրավել ներկայացուցիչներին (գրավատների և դրամի փոխանակման կետերի աշխատակիցներին – խմբ.), որպեսզի իրենք նույնպես իրենց տեսակետը հայտնեն»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։

Նալբանդյանն ասաց,որ երկուշաբթի օրը կփորձեն ներկայացնել իրենց առարկությունները և առաջարկված նախագծի հետևանքները։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ ասաց. «Երեք միլիոն ա բանկի պետական տուրքը, սարքում են յոթ միլիոն, գրավատունը 100 հազար ա, սարքում են 6 միլիոն։ Էկեք դրա տակը թաքնված իմաստն էլ հասկանանք էլի։ Եթե բանկը 3 միլիոնից դառնում է 7 միլիոն, թող գրավատունը դառնա 100 հազարից 300 հազար՝ 3 անգամ ավելի, չեյնջն էլ՝ 50 հազարից 150 հազար, ենթադրենք։ Բայց ի՞նչ ա նշանակում 60 անգամ»։ Մեկն էլ նշեց, որ գրավատան տոկոսային առումով ավելի ձեռնտու է ոսկու գրավադրումը, քան բանկում։

a1plus.am



Նման նյութեր