ՀՀ կրթության և գիտության նախարարությունը 2019 թվականին նախատեսում է մի շարք գերակա խնդիրներ լուծել և գնալ 2018 թվականին սկսված բարեփոխումների իրագործման: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2019 թվականին գերատեսչության առջև դրված գերակա խնդիրները, խոսեց առաջիկա ծրագրերից, բարձրագույն, միջին մասնագիտական և մասնագիտական ոլորտներից և մի շարք այլ հարցերից:
-Ինչպիսի՞ գերակա խնդիրներ է դրել իր առջև նախարարությունը 2019 թվականին: Ի՞նչ ճանապարհով եք պատրաստվում դրանք իրականացնել: Ինչպիսի՞ մարտահրավերների է առնչվում գերատեսչությունը:
-Բոլոր ուղղություններով էլ անելիքներ ունենք: Հանրակրթական համակարգում պետք է ավարտենք ոլորտի գույքագրումը և արդեն ավարտենք չափորոշիչների և ծրագրի մշակումը: Կարծում եմ, որ ամենամեծ բողոքներն ու խնդիրները գալիս են հենց այստեղից:
Հանրակրթության ոլորտում ևս մեկ առաջնահերթություն ունենք՝ կառավարման մոդելների առաջարկն է: Մշակել ենք մի մոդել, որը շրջանառության մեջ է և ենթադրում է դպրոցների խորհուրդների ձևաչափի փոփոխություն և նոր մեթոդով տնօրենների ընտրության մրցույթի կազմակերպում: 12-ամյա կրթության վերաբերյալ բողոքներ կան և հիմնականում վերաբերում են ավագ դպրոցներին: Ներկայում մենք մի շարք ծրագրեր ենք իրականացնում բովանդակային առումով: Խնդիրներ կան նաև ավագ դպրոցների ֆիզիկական պայմանների հետ կապված: 2008 թվականից սկսած, երբ մենք անցում կատարեցինք 12-ամյա կրթության՝ ֆիզիկական պայմաններով ամենավատ հաստատությունները բաժին ընկան ավագ դպրոցներին: Այժմ մենք իրականացնում ենք և շարունակում ենք դպրոցաշինության ծրագիրը: Անցյալ տարի շահագործման է հանձնվել 5 ավագ դպրոց, այս տարի սկսվում է 7 ավագ դպրոցի հիմնակառուցում: Կան դպրոցներ, որոնք զրոյից են կառուցվելու: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում ֆիզիկական պայմաններին, լսարանին և սեյսմիկ անվտանգությանը: Հայաստանի դպրոցների զգալի հատվածը սեյսմիկ առումով անվտանգ չէ, և կան տարբեր աստիճանի խնդիրներ: Տարածքային կառավարման և զարգացման նախարարության ծրագրով հաստատվել է ավելի քան 40 դպրոցի ծրագիր: Անցյալ տարի շահագործման հանձնված 5 ավագ դպրոցն էլ մարզերում են եղել, այս տարվա 7 դպրոցից 4-ը նույնպես կլինեն տարբեր մարզերում, իսկ մյուս 3-ը՝ Երևանում:
Բովանդակության վրա ազդելու առումով այս տարի նախատեսում ենք ավագ դպրոցները հագեցնել ժամանակակից լաբորատորիաներով՝ շուրջ 100 ավագ դպրոց կստանա մոտ 300 լաբորատորիա՝ հիմնականում բնագիտական ոլորտից՝ ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և աշխարհագրության: Նախադպրոցական կրթության ոլորտում մի շարք խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծենք: Մասնավորապես, նոր նախակրթարանների բացում, նոր մոդելների առաջարկում մանկապարտեզներին և դրանց իրագործում, նախադպրոցական կրթության մասին օրենքի ընդունում: Շուտով այդ օրենքի նախագիծը, որը կարգավորելու է նախադպրոցական կրթական հաստատությունների աշխատանքներն ու մեր քաղաքականությունն այդ ոլորտում, կդրվի շրջանառության մեջ և կքննարկվի:
Բարձրագույն կրթության ոլորտում ունենք մի օրենքի նախագիծ, որը միավորվել է գիտության մասին և գիտահետազոտական գործունեության մասին օրենքներին: Սրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ ակնհայտ է դարձել, որ ԲՈւՀ-երը և հետազոտությունը միմյանցից անջատ են, և դրա պատճառով գիտությունը դուրս է մնացել ԲՈւՀ-ական համակարգից: Նման իրավիճակում մենք ունենում ենք խնդիրներ. այս համակարգում ընկնում է կրթական մակարդակը, որովհետև հետազոտական և նորարարական կոմպոնենտն այնտեղ բացակայում է: Ուսուցիչների վերապատրաստման համակարգը փոփոխություն կկրի: Այժմ մի քանի մոդել ենք քննարկում: Ներկա պահին վերապատրաստումները դադարեցված են, որպեսզի մենք նախորդ համակարգի անարդյունավետ վերապատրաստումների պրակտիկան չշարունակենք, և գումարները հատկացվեն ավելի նպատակային ու արդյունավետ ծրագրերի: Մենք բավականին մեծ բյուջե ունենք՝ վերապատրաստումների միջոցով աշխատավարձերի բարձրացման համար: Այս տարի, տարվա երկրորդ կեսին կսկսենք «Ուսուցիչ» ծրագիրը, որի արդյունքում հաջողությամբ վերապատրաստում անցած ուսուցիչների աշխատավարձը շուրջ 50 տոկոսով կբարձրանա: Այստեղ շատ ուղիղ կապ է դրած որակ-վարձատրություն հասկացությունների միջև: Կարծում ենք, որ սա հանրակրթության ոլորտում դրական առումով ազդեցություն կունենա կրթության որակի վրա:
Ամբողջությամբ՝ armenpress.am