Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն. civilngo.com
Advertisement 1000 x 90

Կակիստոկրատիա՝ ոչ կոմպետենտության գերակայություն. civilngo.com

Կակիստոկրատիան առաջացել է հունարեն կակոս՝ «վատ» կամ կակիստոս «ամենավատ» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից։ Այն հասարակության առավել անգրագետ, ցածր որակավորում ունեցող և անսկզբունքային քաղաքացիների կողմից պետության կառավարումն է։

Որպես կանոն, կակիստոկրատիան տարածում է գտնում թույլ և անկազմակերպ քաղաքական համակարգերում, որոնք ետ են մղում տաղանդավոր և կոմպետենտ քաղաքացիներին՝ կառավարությունում ընգրկելով անհամապատասխան և ստորացված քաղաքացիներին։ Նման պարագայում, կառավարությանը բնորոշ է լինում հանցավորությունը և ոչ կոմպետենտությունը։ Կակիստոկրատիայի պայմաններում կառավարությունում առկա անգրագիտությունը պետք է դիտարկել որպես քաղաքական խնդիր։

Տվյալ դեպքում անգրագիտությունը բնորոշ է ոչ միայն կառավարությամբ զբաղվող անձերին, այլև քաղաքական որոշումներ կայացնելու գործընթացին։ Անգրագիտություն ասելով, պետք է հասկանալ ոչ թե գաղափարների բացակայություն, այլև բազմաթիվ գաղափարների առկայություն, որոնք, սակայն, անհեթեթ են։ Հաճախ կակիստոկրատիան հանդես է գալիս որպես նույնաբանության ձև (տավտոլոգիա) և նմանություններ ձեռք բերում լոգոկրատիայի հետ։ Լոգոկրատիան առաջացել է հունարեն լոգո՝ «բառ» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից։

Այն է՝ կառավարություն բառերի միջոցով։ Այն կարող է օգտագործվել թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով։ Լոգոկրատիային բնորոշ է ոչ թե գաղափարի բովանդակությունը, այլև այն արտահայտելու ձևը, ինչը կակիստոկրատիայի պայմաններում հնարավորություն է ընձեռում ոչ կոմպետենտ քաղաքացիներին ձեռք բերել իշխանություն։

Ոչ կոմպետենտության առումով՝ կակիստոկրատիան նմանություն է ձեռք բերում նեոկրատիայի հետ, որն առաջացել է հունարեն նեո՝ «նոր» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից և ենթադրում է նոր, սկսնակ և անփորձ քաղաքացիների կողմից պետության կառավարում։ Այնուամենայնիվ, կակիստոկրատիան վերաբերում է ոչ միայն ամենավատ և անգրագետ քաղաքացիների կառավարմանը, այլև թե ինչպես են նրանք այլասերում պետությունում առկա քաղաքական համակարգը։

Կակիստոկրատիային բնորոշ է ժողովրդավարական և շուկայական տնտեսության կարգախոսների ներքո իշխանության ապօրինի զավթման և անօրիանականության իշխանության հաստատման արդյունքում պետական կառույցների և օլիգարխիկ տարրերի միավորում։ Արդյունքում, կակիստոկրատական ռեժիմը հանգեցնում է քաղաքական և սոցիալ-տնտեսական համակարգերի անկմանը՝ խթանելով հանրային անկարգությունները։

Բացի այդ՝ կակիստոկրատիային բնորոշ է կաշառակերությունը և հասարակական վստահության հանդեպ դավաճանությունը։ Հասարակական վստահության հանդեպ դավաճանության մասին խոսելիս հարկավոր է նշել, որ կակիստոկրատական պայմաններում նրանք, ում վստահում է հասարակությունը, նույնպես հակված են քաղաքական դավաճանությանը։

Կակիստոկրատական պայմաններում դավաճանությունը համարվում է իշխանության չարաշահում, այն է՝ պաշտոնի չարաշահում հանուն շահույթի, նախասիրության կամ հեղինակության մեծացման։ Այլ կերպ ասած, այն մասնավոր շահույթի մեծացումն է պետական պաշտոնի հաշվին: Իսկ եթե պետությունում առկա է ենթարկվող և զիջող հասարակություն, ապա կաշառակերությունը և հասարակական անվստահությունը սկսում են կրել հանրային բնույթ։ Աստիճանաբար կաշառակերությունը և հասարակական վստահության հանդեպ դավաճանությունը նպաստում են հասարակական ցինիզմի և կառավարության հանդեպ անվստահության մեծացմանն ու ուժեղացմանը։

Սովորաբար կակիստոկրատիան նմանեցնում են կլեպտոկրատիայի հետ, սակայն դրանք տարբեր հասկացություններ են։ Կլեպտոկրատիան առաջացել է հունարեն կլեպտոս՝ «գող» և կրատիա՝ «իշխանություն, կառավարում» բառերից և ենթադրում է գողերի կողմից պետության կառավարում։

Ե՛վ կակիստոկրատիայի, և՛ կլեպտոկրատիայի հիմքում ընկած է կառավարումը հասարակության առավել անգրագետ և ցածր որակավորում ունեցող մարդկանց կողմից, սակայն տարբեր իմաստով։ Կլեպտոկրատիայի դեպքում բարձրաստիճան պաշտոնյաները ձգտում են հարստություն ձեռք բերել և հետագայում օգտագործել կուտակած հարստությունն իշխանության շաքերում իրենց տեղը պահպանելու նպատակով։ Կլեպտոկրատների համար հանրային բարեկեցությունը և մարդկանց կարիքները երկրորդական բնույթ են կրում, և ստանում են առաջանային բնույթ միայն այն ժամանակ, երբ դրանք ելնում են կլեպտոկրատի անձնական շահերից։

Ինչպես լավ իլյուզիոնիստները, այնպես էլ կլեպոկրատները գիտեն, թե ինչպես կարելի է շեղել քաղաքացիների ուշադրությունն իրենց կողմից արված սխալներից, իսկ կակիստոկրատները գիտեն, թե ինչպես կարելի է շեղել քաղաքացիների ուշադրությունն իրենց անկարողություններից։ Նրանք անում են դա քաղաքացիներին ներկայացնելով իրենց գաղափարախոսությունը կամ քաղաքականությունը (որոնց շուրջ իրենք էլ ունեն թերի պատկերացում) և փորձելով վերացնել իրենց քաղաքական մրցակիցներին։

Լուսինե Հակոբյան

civilngo.com



Նման նյութեր