Լիանա Սահակյանին շատերն են ճանաչում որպես երիտասարդ ու հաջողակ կին գործարար: Վստահ ենք, որ նրա հիմնած «Go Travel» տուրիստական գործակալությունից եթե անգամ չեք օգտվել, ապա անունը հաստատ լսել եք, քանի որ այն տուրիզմի ոլորտում Հայաստանում ամենահայտնիներից է:
-Ի՞նչն է կնոջը կանացի դարձնում:
-Կարծում եմ՝ կանացիությունը ներսից բխող էներգիա է: Մարդ կարող է լինել շատ նուրբ ու գեղեցիկ, բայց չունենալ կանացիություն, և հակառակը՝ չունենալ գեղեցիկ արտաքին, բայց կանացի լինել: Եթե քո ներաշխարհը փխրուն ու նուրբ է, այն դուրս է գալիս, եթե կոշտ ու կոպիտ ես, չնայած շլացուցիչ արտաքինիդ, միևնույնն է, կանացի չես կարող լինել:
-Տղամարդուն գրավելու համար արտաքինը բավարա՞ր է:
-Ոչ, արտաքինը կարևոր է միայն սկզբում, հետո արդեն տղամարդու համար կարևոր է կնոջ ներաշխարհը, որովհետև կարելի է հոգնել մարդու արտաքինից, բայց ոչ բովանդակությունից: Նույնը գնահատում եմ տղամարդկանց մեջ, իսկ արտաքին գեղեցկությունն երկրորդական է:
-Որո՞նք են ամենամեծ սխալները, որոնք կանայք թույլ են տալիս տղամարդկանց հանդեպ:
-Չափից դուրս ուշադրությունը, խանդը: Կինը պիտի կայացած լինի, ազատություն տա տղամարդուն՝ դրա հետ մեկտեղ ստիպելով իր մասին չմոռանալ: Տղամարդը պիտի կնոջը հասկացնի, որ նա իր համար կարևոր է, իսկ եթե չի հասկացնում, ուրեմն պետք չէ ընկնել նրա հետևից:
-Ի՞նչ սխալներ են հարաբերություններում թույլ տալիս տղամարդիկ:
-Կարծում եմ հարաբերությունների թիվ մեկ թշնամին տղամարդկանց անուշադրությունն է կանանց հանդեպ: Իհարկե, չափից դուրս ուշադրությունն էլ լավ չէ, պետք է կարողանալ գտնել ոսկե միջինը: Ինչ վերաբերում է խանդին, ապա առանց դրա ստացվում է անտարբերություն, իսկ չափազանց խանդն էլ խոսում է ցածր ինքնագնահատականի մասին, իսկ եթե քեզ են խանդում, նշանակում է՝ չեն վստահում: Այս դեպքում էլ ամեն ինչ չափի մեջ պետք է լինի:
-Ասացիք, որ կինը պետք է բովանդակալից լինի, որպեսզի տղամարդու համար հետաքրքիր լինի: Հետաքրքիր է, ինչպե՞ս եք պահում Ձեր անձի հանդեպ հետաքրքրությունը:
-Պետք է գիրք կարդալ, քանի որ կարդացած մարդու հետ խոսելու շատ թեմաներ կան, աշխատել ինքնազարգացման, ինքնակատարելագործման ուղղությամբ: Կարևոր է նաև խնամված լինելը, այսինքն՝ փորձել ձգտել լավագույնին: Ես իդեալիստ եմ ու դրան եմ ձգտում:
-Իդեալիստ լինելը կյանքում չի՞ խանգարում:
-Երբեմն օգնում է, երբեմն՝ խանգարում: Օգնում է նրանով, որ նույն տեղում չեմ դոփում, փորձում եմ առաջ գնալ: Խանգարում է, որովհետև դառնում ես քո ինքնաքննադատը, քեզնից անընդհատ դժգոհ ես, ինչն էլ կարող է ազդել տրամադրության վրա: Իմ դեպքում ամենաառաջին քննադատս ես եմ, բայց չնայած բասական կողմերին, իդեալիստ լինելը լավ գիծ է:
-Ձեզ ուժեղ կին համարու՞մ եք:
-Այո, ես ուժեղ եմ՝ միևնույն ժամանակ շատ զգայուն: Կարող եմ միանգամից արտասվել, բայց դժվար, անհաղթահարելի խնդիրներ լուծել:
-Ի՞նչ գիրք եք կարդում:
-Այժմ կարդում եմ Պիլ Նորմանի «Դրական մտածողության ուժը » գիրքը:
-Ինչպե՞ս է անցնում Ձեր օրը:
-Օրս շատ հագեցած է անցնում, չկա մի օր, որը մյուսին նմանվի, ուստի չեմ ձանձրանում: Ամեն առավոտ արթնանալուց անկախ նրանից դրսում արև է, թե ոչ, փորձում եմ ներսիս արևը վառել:
-Ըստ քեզ, որքա՞ն ժամանակ պետք է կինն իրեն նվիրի աշխատանքին:
-Կյանքիս տարբեր փուլերում տարբեր կերպ եմ վարվել: Եղել է ժամանակաշրջան, երբ ինձ ամբողջությամբ աշխատանքին եմ նվիրել՝ մտածելով, որ հաջողության հասնելու համար դա պարտադիր է, բայց հիմա կարծում եմ, որ պետք է կարողանալ ճիշտ համադրություն ստեղծել աշխատանքի և անձնականի միջև: Պետք է գիտակցել, որ մի կյանք ես ապրում, երբ մեծանաս՝ ոչ թե վաստակած գումարով ես երջանկանալու, այլ ապրած լավ պահերով: Անգամ վիճակագրություն կա, որ մահվան շեմին շատերը փոշմանում են իրենց հարազատների հետ անցկացրած քիչ ժամանակի համար: Քանի չենք հասել այդ փուլին, փորձենք ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատ ու սիրելի մարդկանց հետ, նրանցից լավ էներգիա ստանալ և փոխանցել:
-Դուք ինչի՞ց եք ոգեշնչվում, ուժ ստանում:
-Ուժ ստանում եմ ինքս ինձնից: Երբ տխրում եմ, մտածում եմ՝ եթե շարունակեմ նույն տրամադրությունն ունենալ, էլ ավելի վատ վիճակում կհայտնվեմ, ուստի փորձում եմ փոխել տրամադրությունս, կենտրոնանալ լավի վրա: Փորձը ցույց է տալիս, որ մեկ կամ երկու օր անց ամեն ինչ տեղն է ընկնում:
-Ի՞նչը կարող է Ձեզ տխրեցնել, հուսահատեցնել:
-Մարդկանց տգեղ վերաբերմունքը, երբ երեսիդ ժպտում են, բայց դա անկեղծ չէ: Իմ ժպիտը միշտ անկեղծ է, հնարավոր է՝ ժպտամ դիմացինին վատ իրավիճակի մեջ չդնելու համար, բայց չեմ ժպտա մեկին, հետո նրա հետևից վատը խոսեմ, ինչը Հայաստանում տարածված է: Դրա դեմ պայքարի միակ միջոցը լավ մարդկանց հետ շփվելն է, սակայն նրանց երբեմն դժվար է տարբերելը:
–Սովորաբար տարիքի հետ մտերիմ մարդկանց շրջանակն ավելի նեղանում է, սկսում ես ֆիլտրել՝ ում հետ շփվել, Ձեր դեպքու՞մ ինչպես է:
-Ավելի վաղ հասակում փակ էի, քիչ էի շփվում մարդկանց հետ: Արդեն մի քանի տարի է՝ գործի բերումով շփումներս շատ են, սակայն ինձ հարազատ մարդկանց շրջանակը նույնն է, կարող է՝ ավելացել է մի քանի մարդկանցով, բայց միևնույնն է՝ փոքր է: Քչերին եմ ինձ մոտ թողնում:
-Ի՞նչ սանդղակով եք ընտրում Ձեզ մտերիմ մարդկանց:
-Նրանք սրտիս հարազատ մարդիկ են, ընդունում են իմ խենթությունները, միշտ իրար հետ կիսելու բան ունենք:
-Ի՞նչն է Ձեզ պակասում կյանքում:
-Անկեղծությունը, կուզեի, որ մարդիկ ավելի անկեղծ լինեին:
-Բնութագրե՛ք Ձեզ երեք բառով:
-Պոզիտիվ, նպատակասլաց ու պատասխանատու:
-Ինչպե՞ս եք «պատժում» դիմացինին:
-Արհամարհելով:
-Ո՞րն է Ձեր կյանքի իմաստը, ինչի՞ համար եք ապրում:
-Ըստ իս, պետք է փորձեմ կյանքի լավ կողմերը քաղել և իմ լավ մասնիկները տալ մարդկանց: Ամեն ինչ ժամանակավոր է, իսկ երբ դիմացինին ժպիտ ես պարգևում, մարդու մտքում դա երկար է մնում:
-Ե՞րբ եք վերջին անգան ստիպել մեկին ժպտալ:
-Երբ մարդու մեջ լավն եմ նկատում, միշտ ասում եմ դա՝ անկախ նրանից, թե որքան ժամանակ ենք ծանոթ: Օրինակ՝ երբ սրճարանում նկատում եմ, որ աշխատակիցն իր աշխատանքը լավ է կատարում, ասում եմ այդ մասին՝ այդպիսով նրա դեմքին ժպիտ է հայտնվում:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Անձնական երազանքներս շրջանցելով կասեմ աշխատանքային նպատակիս մասին, այն է՝ մասնաճյուղեր հիմնել Հայաստանի տարածքում:
-Ինչպիսի՞ն են հայ կանայք Ձեր աչքերով:
-Կցանկանայի, որ նրանք իրենց սիրեին, չէ որ եթե գոհ լինեն իրենց կյանքից, դիմացինին չեն քննադատի, մյուսների կյանքով չեն ապրի, իսկ եթե դժգոհ են իրենցից, սկսում են դիմացինի մեջ էլ վատը տեսնել և չարանալ: Սիրե՛ք Ձեզ, շրջապատող մարդկանց, սիրով ապրելով՝ կգեղեցկանաք, հաջողության կհասնեք, չէ՞ որ կյանքը բումերանգ է, ամեն ինչ հետ է վերադառնում:
-Ի՞նչն է Ձեզ մոտ ամենալավը ստացվում:
-Մարդկանց հետ շփվելը:
-Ինչպե՞ս եք սիրում հանգստանալ:
-Ակտիվ հանգստի սիրահար եմ:
–Ո՞րն է Ձեր կյանքի կարգախոսը:
-Կյանքից քաղել ամենալավը:
-Ու՞մ եք վստահում:
-Իմ հարազատներին:
-Կարո՞ղ է դիմացինի քննադատությունն ազդել Ձեր ինքնագնահատականի վրա:
-Երբե՛ք, եթե անառողջ է, իսկ առողջ քննադատության դեպքում կփորձեմ ինչ-որ բան փոխել:
-Ի՞նչ նշանակություն ունի փողը Ձեզ համար:
-Կարևոր, բայց ինքնանպատակ չէ:
-Բանականությու՞ն, թե զգացմունքներ:
-Զգացմունքներ:
-Ո՞րն է կնոջ գլխավոր զենքը:
-Կանացիությունն ու հմայքը:
–Ինչու՞մն է միշտ Ձեր բախտը բերում:
-Աշխատանքում. սովորաբար ինչ պլանավորում եմ՝ միանգամից ստացվում է:
-Ինչի՞ մասին եք ավելի հաճախ մտածում:
-Իմ կյանքի ամենակարևոր մասնիկի՝ դստերս Միլայի մասին:
-Չխոսեցինք «Go Travel»-ի մասին, ի՞նչ նորություններ ունեք այս տարի:
-Մայիսի 12-ին դեպի Իտալիա հայկական մեծ խմբակային տուր ենք կազմակերպել, որում հիմնականում ընդգրկված են երիտասարդներ: Վստահեցնում եմ, որ բոլորին լավ ու անմոռանալի ճանապարհորդություն է սպասվում: 8-օրյա ուղևորության ընթացքում նրանց հետ կլինի հայ ուղեկցորդ, ում հետ միասին կայցելեն Հռոմ, Նեապոլ, Բոմբեյ և այլն: Նշեմ նաև, որ կանանց մեկամսյակին ընդառաջ, տուրում ընդգրկված կանանց բոնուսային զեղչեր են սպասվում:
Ամբողջությամբ՝ wnews.am