Զրուցակիցներիցս մեկն ասաց, որ երջանկության ապրումի մեջ տխուր մի բան կա, այնուամենայիվ: Գուցե անվերադարձ անցած-գնացածի վերհուշն է տխրության պատճառը: Այսինքն` մի բան, որ եղել է ու այլևս չի լինի առաջվա պես` ոչ տարածքը, ոչ մարդիկ և ոչ էլ դու: Երբ առաջարկեցի Արեգ Նազարյանին խոսել երջանկության մասին, ուզում էի, որպեսզի նա կրկներ ու մանրամասներ տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում ասած միտքն այն մասին, որ երբ մարդը պարզապես նստած է, բոլորովին չի նշանակում, թե ծուլացած է և կամ ալարկոտ:
Երգիչ, երգահան Արեգ Նազարյան
Սկզբում ուզում էի ասել` կյանքն ինքնին արդեն երջանկություն է, երբ տիեզերական չափերով մի չնչին պահ կարող ես զգալ, լսել, տեսնել, շնչել… Հետո մտածեցի, որ կան մարդիկ, ում համար հենց այդ նույն զգալ-լսել-տեսնելը կարող է դժոխք լինել: Այս հարցին պատասխան չկա: Միգուցե, հարցի առարկան էլ չկա:
Անձնական երջանկություն
Առաջ երջանիկ էի, երբ աշխատանքից հետո գնում էի սպորտի, նվագելու, ընկերներիս հետ գարեջուր խմելու: Հիմա երջանիկ եմ, երբ աշխատանքից հետո գալիս եմ տուն:
Մասնագիտական երջանկություն
Ամեն անգամ երգի վերջին խոսքն ու նոտան գրելուց հետո երջանիկ եմ: Ամեն անգամ հանդիսատեսի աչքերի մեջ նայելիս երջանիկ եմ: Սրա համար չեմ սիրում մութ դահլիճներ, որտեղ լուսյերը միայն բեմի վրա են:
Հանրային երջանկություն
Երջանիկ եմ, երբ ինձ իմ ժողովրդի հետ եմ զգում, երբ երկրի համար կարևորագույն պահերին ֆիզիկապես ձեզ հետ եմ, երբ երգս հնչում է ինձ համար գաղափարապես մոտ շարժումների երթերի ժամանակ:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Երկրի երջանկությունը, երևի թե, աշխատանքի արդյունքն է` անհատական, ինչպես և կոլեկտիվ: Ճանաչել ինքն իրեն, ընդունել ինքն իրեն, աշխատել ինքն իր վրա: Եվ հարգել դիմացինին: Կկրկնվեմ` անհատական և կոլեկտիվ մակարդակներում: Սա է բանաձևը…
Ամբողջությամբ՝ armtimes.com