Երգչուհի Անչոկը (Աննա Աղաջանյանը) «Առավոտի» հետ զրույցում խոսելով երգիչներին հարկելու վերաբերյալ ՊԵԿ-ի՝ աղմուկ հանած որոշման մասին, ասաց, որ նորմալ է, երբ հարկվում են բոլորը, ուղղակի ի տարբերություն մնացած բնագավառների, շոու-բիզնեսի հարկումը այլ կերպ պետք է իրականացնել:
«Երբ խոսքը գնում է հարսանիքների, ծնունդ-կնունքների մասին, այդ դեպքում յուրահատուկ ձեւ պետք է մշակվի, եւ արտիստների հետ քննարկվի: Օրինակ, հարսանիքին գնալ- երգելը իմ բիզնեսն է, որն ունի իր եկամուտը, բայց նաեւ որոշակի ծախսերը, ինչը բացակայում է մյուս բնագավառների պարագայում: Ասենք, եթե ես որեւէ հարսանիքին աշխատել եմ հազար դոլար, նաեւ շատ բաների վրա ծախս եմ արել` հագուստ, մեյք ափ եւ այլն»,-նշում է երգչուհին:
Անչոկը համոզված չէ, որ բոլորը հավասար են հարկվում, ասում է, որ պետք է ամեն ինչը կարգավորվի, բոլորին կարողանան բերել ընդհանուր դաշտ: «Երբ արտիստները բորբոքվում են, դա էլ է նորմալ, աննորմալ է ժողովրդի վերաբերմունքը»,- նշում է նա:
«Երբ սկսում են վատ խոսել այն արտիստների մասին, որոնց տասնհինգ-քսան տարի սիրել են, բայց մեկ էլ սկսում են վատը դառնալ, իրենց երգերը` վատը թվալ, այդ չարությունը չեմ սիրում: Իսկ ինչ վերաբերում է հարկերին, նորմալ է: Յուրաքանչյուր երկրում էլ արտիստները հարկվում են, բայց դրան ինչ-որ ձեւ ու տարբերակ կա»,-հավելում է երգչուհին: Մեր հարցին` Հայաստանում դասական իմաստով կա՞ շոու-բիզնես: «Ինչ-որ չափով կա, բայց այսօր միգուցե ավելի փոխվել է: Առաջ ուրիշ էր…
Տասը տարի առաջ մարդիկ համերգներ էին գալիս, լսում էին, հրապուրվում էին, այսօր հավես չունեն, ավելի շատ իրենց առօրյայով, փող վաստակելով են տարված, բնականաբար, այստեղից էլ արտիստների պահանջարկն է ընկնում: Այսօր դժվար է գումար վաստակելը յուրաքանչյուր մարդու համար, իսկ մեր աշխատանքն ի՞նչ է` մենք զվարճացնում ենք մարդկանց, հաճույք ենք պատճառում, մարդիկ պետք է վաստակեն գումար, որպեսզի ես կարողանամ երգել… Եթե դուք գումար չեք վաստակում, ես էլ չեմ վաստակում: Դրսից նայում են, ամեն ինչ լավ է թվում, այսինչը մեքենա ունի, տուն ունի…
Հա, ժամանակին վաստակել են, այսօր ունեն, բայց այսօր չեն վաստակում, որովհետեւ դուք չեք վաստակում: Յուրաքանչյուր հեղափոխությունից հետո լինում են դժվար ժամանակահատվածներ, բայց ես հիմա հեղափոխությունից չեմ խոսի: Եթե հեղափոխությունն արվել է, որ մեր ապրելակերպը լավանա, դրան էլ ժամանակ է պետք, ինչին հասնելը շատ դժվար է: Մյուս կողմից էլ` մարդիկ պետք է փող վաստակեն, որ կարողանան ապրել, վարկերը փակել: Ոգեւորություն կա, բայց դա էլ շուտ անցնում է, որովհետեւ հասկանում ես, որ պետք է աշխատես, սակայն չկան պայմաններ աշխատելու համար, չկա աշխատանքը»,-ասում է նա:
Անչոկը չի թաքցնում՝ նախկին իշխանությունների մեջ էլ ընկերներ ուներ, այսօրվա իշխանությունների մեջ էլ: Ասում է` ինքը մարդուն գնահատում է անկախ զբաղեցրած պաշտոնից եւ երբեք չի ուրանում իր ընկերներին: Անուններ չտվեց, ասում է` բոլորը գիտեն ում մասին է խոսքը. «Ինձ համար բացարձակ միեւնույն է` իշխանություն կլինի, թե չիշխանություն, ես արվեստի մարդ եմ, բարեբախտաբար, պաշտոն չունեմ, իսկ այն, ինչ ես ունեմ, ոչ ոք չի կարող ինձանից վերցնել: Ես երգում եմ եւ երգելու եմ: Ունեմ ընկերներ հին իշխանությունից, դրանից չեմ ամաչում, իրենց շատ սիրում եւ հարգում եմ, որովհետեւ ես իրենց չեմ ընդունել եւ հարգել, ինչ է թե եղել են իշխանություն: Ես կարող է մարդու դիրքորոշումը որեւէ հարցի վերաբերյալ չընդունեմ, բայց դա չի խանգարի, որ իրեն հարգեմ»: Անչոկը նաեւ խոստովանեց, որ սկսել է մտածել Հայաստանից հեռանալու մասին. «Այսօր ես մտածում եմ, որ պետք է գնամ ու ամաչում եմ դրա համար… Դուրս է գալիս, որ ես չդիմացա»: Մարդկանց մեջ էլ կարեւորում է անկեղծությունը, ոչ մի հարաբերության մեջ ընդունելի չի համարում չարությունը: Նա նաեւ զարմանում է, որ սոցցանցերում ամենաչար մեկնաբանություն գրողները եւ հայհոյողները կանայք են. «Մտածում եմ` այդ կանայք չունե՞ն տուն, մարդ, որի մասին մտածեն, բորշչ եփեն: Ես հասկանում եմ, որ այսօր շատ ծանր է ապրելը, փող վաստակելը, բայց դա չպետք է չարացնի մարդկանց: Արտիստների կողմից էլ կան որոշ սխալներ, բայց միեւնույն է` չի կարելի չարանալ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում: