A.L.I. Technologies ճապոնական վենչուրային ընկերությունը մտադիր է մինչև 2022 թվականն սկսել թռչող մոտոցիկլետների զանգվածային վաճառքը, որոնք կկարողանան սավառնել երկրից մի քանի տասնյակ սանտիմետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես հայտնել է The Japan Times թերթը, Տոկիոյում լրագրողներին ասել է ֆիրմայի ղեկավար Սյուհեյ Կոմացուն: Ներկայում ընկերությունն զբաղվում է ոչ մեծ չափերի տարատեսակ դրոնների թողարկմամբ: Սակայն նա կարծում է, որ իրեն մեծ շահույթ է խոստանում թռչող մոտոցիկլետների մշակումն ու վաճառքը:
Ֆիրմայի փորձագետների տվյալների համաձայն՝ աշխարհում այժմ դրանով ոչ ոք լրջորեն չի զբաղվում, քանի որ հիմնական մրցակցային ճակատամարտերն ընթանում են թռչող ավտոմեքենաների ոլորտում: Ընկերությունը մշակումներում մտադիր է կիրառել անօդաչուների տեխնոլոգիաներում իր ունեցած ձեռքբերումները: Նախատեսվում է թռչող մոտոցիկլետը հանդերձել նաև սենսորների համակարգով, ինչը թույլ կտա խուսափել բախումներից և շրջանցել խոչընդոտները: Ընկերությունը հույս ունի, որ իրացման հիմնական շուկան ինքը կգտնի Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայի առանձին շրջաններում, որտեղ այնքան էլ զարգացած չէ ճանապարհային ենթակառուցվածքը: Այդուհանդերձ, նա հույս ունի նաև, որ թռչող մոտոցիկլետները կգնեն նաև զարգացած երկրներում՝ ուրախ ժամանցի և, հնարավոր է, նոր մարզաձևերում օգտագործելու համար: Մոտավորապես 2020 թվականին ընկերությունը խոստանում է ներկայացնել մոտոցիկլետի նախատիպը, որը մասնակիորեն վաճառքի կհանվի պատվերներով: Թռչող մոտոցիկլետի նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին: Գինն առայժմ որոշված չէ: Ընկերության փորձագետների գնահատումներով՝ թռչող մոտոցիկլետը զանգվածային արտադրության դեպքում կարժենա մոտավորապես այնքան, որքան միկրոավտոբուսը: Մինչդեռ Ճապոնիայում նման սարքերի օգտագործման համար կպահանջվի դժվարին բանակցություններ վարել ոստիկանության և իշխանությունների հետ, քանի որ երկրում դեռևս չեն մշակվել մոտոցիկլետների թռիչքները կարգավորող կանոններ: