Չինաստանի իշխանությունները հայտարարել են էլեկտրամոբիլներ արտադրողների սուբսիդիաների զգալի կրճատման մասին և մտադիր են 2020 թվականին ամբողջովին դադարեցնել այդ ծրագիրը: Այդ մասին մարտի 28-ին հայտնել է South China Morning Post թերթը: Նրա տվյալներով, հունիսի 25-ից մեկ լիցքավորմամբ 300-ից մինչև 400 կիլոմետր վազքի հեռավորությամբ էլեկտրամոբիլների թողարկման սուբսիդիաները կկրճատվեն մինչև 60 տոկոս՝ մեկ մեքենայի համար մինչև 18 հազար յուան (2676 դոլար):
400 կիլոմետր ընթացքի հեռավորությամբ փոխադրամիջոցների համար կրճատումը կկազմի 50 տոկոս: Դրամատրման ենթակա չեն լինելու նաև 250 կիլոմետրից պակաս (ավելի վաղ եղել է 150 կիլոմետր) ընթացքի պաշարով էլեկտրամոբիլները: Ինչպես նշում են ճյուղի փորձագետները, պարզվել է, որ կառավարության ներկայիս միջոցառումներն ավելի զգալի են, քան սպասում էր շուկան: «Սուբսիդիաների նվազեցումն էլեկտրամոբիլների թանկացում կառաջացնի գնորդների համար և առաջիկա ամիսներին կազդի վաճառքների վրա»,- նշել է Yiyou Auto Service ընկերության աշխատակից Տյան Մաուվեյը՝ Շանհայից:
2009 թվականից Չինաստանում նախաձեռնել են Էլեկտրամոբիլների արտադրողներին օժանդակելու ծրագրեր: Դրանք ներառում են հարկային արտոնություններ և սուբսիդիաներ, որոնք թույլ են տալիս նվազեցնել արտադրանքի արժեքը գնորդների համար: Այդ քաղաքականությունն իր բարձրակետին հասավ 2014 թվականին, որից հետո սկսեց անկում ապրել:
Իշխանությունները ելնում են այն բանից, որ այդ տեսակի ավտոմեքենաներն այժմ դարձել են պակաս թանկարժեք ու ավելի արդյունավետ, և արտադրողներին կոչ են անում շեշտը դնել ինովացիաների ու մրցակցության, այլ ոչ թե սուբսիդիաների վրա: Անցյալ տարի Չինաստանում էներգիայի էկոլոգիապես մաքուր աղբյուրներով աշխատող ավտոմեքենաների վաճառքների ծավալը հասել Էր գրեթե 1,3 մլն միավորի՝ ավելանալով 61,7 տոկոսով: