Հավատ ապագայի հանդեպ․ Հայկը փրկվել է ընկերների շնորհիվ
2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից երկու տարի անց էլ մարտական գործողությունների մասնակից Հայկ Թորոսյանը շարունակում է վերականգնողական բուժումներ անցնել: Հայկը պատերազմից ընդամենը երկու ամիս առաջ էր պարտադիր զինվորական ծառայության մեկնել: Մոտ 80 օր ծառայել է Մարտակերտի շրջանում, ապրիլյան պատերազմի առաջին իսկ օրը ստացել է մարմնական վնասվածքներ եւ կորցրել գիտակցությունը:
«Պատերազմի առաջին պահին եմ վիրավորվել, բայց ընկերներիս շնորհիվ փրկվել եմ: Մեր գունդը դիրքապահ գունդ չի եղել, տանգնապ տվեցին, այդ ընթացքում ուսումնական փուլ էր, մտածեցինք, որ հերթական վարժանքն է, բայց հետո դիրքեր հանեցին: Ընթացքում հասկացանք, որ մարտական տագնապ է, գնալու ենք դիրքեր: Հրամանատարական կազմն իրար էր խառնվել, արագորեն խիստ հրամաններ էին տալիս: Դիրքերի ճանապարհին կրակոցների, պայթյունների ձայներն էինք լսում, հասկանում էինք, որ լուրջ իրավիճակի մեջ ենք»,-վերհիշում է նա:
Հայկ Թորոսյանը զինտեխնիկայի վարորդ է եղել եւ տեխնիկան քողարկելու ժամանակ հակառակորդի ականի պայթյունից ստացել է գանգուղեղի թափանցող բեկորային կոտրվածք: Ասում է, որ բեկորն, աջ կիսագնդի միջով անցնելով, ձախակողմյան կաթված է առաջացել: 4 օր անգիտակից վիճակում է եղել:
«Վիրավորվելուց հետո Մարտակերտից միանգամից տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ, որտեղ բուժվել եմ երեք ամիս, իսկ հետո տեղափոխվել Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն: Այստեղ սկսել եմ քայլելն ու անվասայլակից վեր եմ կացել չորս ամիս հետո»:
Հայկն ընտանիքի հետ վերջին անգամ խոսել է ապրիլի 1-ի երեկոյան: Այնուհետ գնացել է դիրքեր ու չի հաջողվել տանեցիների հետ կապ հաստատել: Ասում է՝ ընտանիքի անդամները վերջում են իմացել, որ ինքը վիրավորվել է:
«Անուն-ազգանունս լսել են վիրավորների ցանկի մեջ, երբ հեռուստացույցով հայտնել են, բայց չեն հավատացել, որ ես եմ, մտածել են, որ անվան համընկնում է: Ապա զինկոմից են զանգել ու ասել։ Երբ եկել են, ինձ արդեն վիրահատած են եղել»,-պատմում է նա:
Հայկն այժմ բուժումը շարունակում է զինհաշմանդամների համար նախատեսված վերականգնողական կենտրոնում: Ձախ ձեռքի ու ոտքի հետ խնդիրներ ունի, մեծ դժվարությամբ է շարժում: Նա հավատում է, որ մի օր ազատվելու է առողջական խնդիրներից։
«Ստույգ ժամանակ չեն կարող ասել, թե բուժումս ինչքան է տեւելու: Յուրաքանչյուր մարդու օրգանիզմից է կախված բուժման արագությունը: Վիրավոր կա, որ արդեն ապաքինվել է, վիրավոր էլ կա, որ արդեն 8 տարի է այս վիճակի մեջ է: Ես հավատով եմ նայում, բժիշկն ասում էր՝ չես քայլի, իսկ ես քայլեցի»:
Հայկ Թորոսյանն առայժմ որոշ ժամանակով դադարեցրել է բուժումները։ Նա սովորում է Երեւանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, նաեւ «Դիրքապահ» քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում հասարակական կազմակերպությունում զբաղվում է կամավորական աշխատանքներով:
Հայկ Թորոսյանին որեւէ պատվոգրի եւ շնոհակալագրի չեն արժանացրել: Նշում է, որ դա իր կյանքում որեւէ բան չէր ավելացնելու կամ պակասեցնելու:
«Դժվար է ասել, թե ինչ եմ զգում պատերազմից երկու տարի անց: Տարօրինակ զգացում է, ես կասեի՝ ժամանակը թռավ: Սկզբում չէի մտածում, որ կարող է ժամանակն այսպես արագ անցնել, երեւի պատճառն այն էր, որ հուսահատված էի: Հետո երբ սկսեցի քայլել, մասնակցել կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, սկսեցի կյանքին ավելի պարզ նայել ու բաց աչքերով»,-ասում է նա եւ անդրադառնալով այն նախաձեռնություններին, որի շրջանակներում տարբեր մարդիկ տուֆ, անվադող եւ լվացքի մեքենաներ են ուղարկում զորամասեր, նշում է.
«Տուֆ քար ուղարկելն ամենասխալ բան է, իրենից վտանգ է ներկայացնում: Զինվորները չգիտե՞ն, որ տուֆով ավելի մաքուր կլինեն խրամատներն ու խրամուղիները, բայց տուֆն իր վտանգն ունի: Երբ փամփուշտը կպնում է կոշտ մակերեսին, անդրադառնում է, իսկ անդրադարձն էլ գնում է զինվորի վրա: Քարի մասնիկներն էլ կարող են բեկորի տեսքով մտնել զինվորի մարմնի մեջ ու վնաս պատճառել: Անվադողերն ավելի խելամիտ տարբերակ է, որովհետեւ անիվները ռետինից են ու, փամփուշտը մտնելով, դուրս չի գալիս: Այս ծրագրի իրականացնողներից մեկը զոհված Տիգրան Աբգարյանի եղբայրն է՝ Ժոռա Աբգարյանը, որին ճանաչում եմ ու կարող եմ ասել, որ շատ ուժեղ գործ են արել: Իսկ ինչ վերաբերում է լվացքի մեքենաներին, ապա լավ գաղափար է, քանի որ մենք շատ դժվարությամբ էինք լվացնում մեր հագուստը, բայց չենք կարող ասել, թե այդ լվացքի մեքենաները որտեղ են դրվելու՝ գունդը կդնի ընդհանուր օգտագործմա՞ն, թե կլվացնեն միայն գնդի սպիտակեղենը»,- ասում է Հայկ Թորոսյանը:
Վերջին շրջանում՝ հատկապես «Զինծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի քննարկումների ժամանակ, ակտիվ քննարկվեց այն հարցը, որ պաշտոնյաները եւ նրանց որդիները չեն ծառայում բանակում: Հայկ Թորոսյանը եւս նշում է, որ իրենց զորամասում չեն եղել բարձրաստիճան պաշտոնյաների որդիներ:
«Հարուստի, պատգամավորի, նախարարի կամ այլ պաշտոնյայի որդի ինձ հետ չի ծառայել, բայց տարբեր մարդկանց պատմածներից լսում ենք, որ հարուստի տղաների ծառայությունն ավելի հեշտ է անցնում, քան սովորականներինը»,-եզրափակում է նա:
Նարեկ Կիրակոսյան
Լուսանկարը՝ Հ․Թորոսյանի ֆեյսբուքյան էջից