Հայաստանի նախագահի տիկին Նունե Սարգսյանը վերականգնողական երկու կենտրոն այցելեց ու շփվեց աուտիզմով երեխաների հետ։ Նրանցից յուրաքանչյուրը զարմացրեց և ուրախացրեց նաև նրան ուղեկցող լրագրողներին։
Ամեն տարի Աուտիզմի իրազեկման միջազգային օրը աշխարհի բազում երկրների մայրաքաղաքներում շենքերը կապույտ են ներկվում, իսկ էկրանների ու պաստառների վրա փազլի հատվածներ են հայտնվում։
Հենց այդ գույնն ու հատվածներն են աուտիզմի խորհրդանիշները։ Կենտրոնները, որտեղ աուտիզմով երեխաներին ադապտացնում են սոցիալական կյանքին, ինձ համար միշտ կհիշվեն որպես փազլի մասերից հավաքված կապույտ երանգներով նկար` վառ բծերով ու երեխաների ժպիտներով։
Նման երկու կենտրոն մենք այցելեցինք նախագահի կնոջ` Նունե Սարգսյանի հետ։
Մինչև վերջերս Վիկուսիկը (այսպես էր նրան անվանում տատը) ընդհանրապես չէր խոսում, բայց մի օր դաստիարակչուհի Գայանեին զարմացրեց մի պարզ հարցով. «Դու ո՞վ ես»։
Հիմա նա գրեթե ինտեգրվել է հասարակությանը, արդեն հանգիստ խոսում է, նկարում է ու… կամակորություններ անում։ Ի դեպ, նա նկարում է ձեռքն ընկած ամեն ինչի վրա ու միշտ տարբեր գույնի շողերով արև։ Տատը կարծում է, որ աղջիկը հույզերն է արտահայտում։
«Երբ ինչ–որ մեկի հետ խոսում եմ, նա մի քանի րոպե ուշադիր նայում է մեզ, իսկ հետո անպայման գալիս ու գրկում է իմ զրուցակցին։ Դրա համար էլ նրան «օբնիմաշկա» են անվանում», – ասաց տատը։
Սարգսյանը շրջում է բոլոր սենյակներով, ծանոթանում երեխաների հետ` սեղմելով յուրաքանչյուր ձեռքն ու շոյելով գլուխը։ Երեխաները նրան հաճախ չեն ճանաչում ու անունն են հարցնում։ Նա ժպտում ու կրկնում է. «Ես Նունեն եմ` նախագահի կինը, եկել եմ ծանոթանալու»։
Ճարպիկ Դավթին խոստանում է ևս մեկ անգամ գալ ու փորձել նրա պատրաստած պիցցան։ Տղան ժպտում է, իսկ երբ տիկին Սարգսյանը հեռանում է, ասում է` որ հավանել է նրան ու հիմա իրենք ընկերներ են։