Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ԱԳԼՃԿ-ներում գազի գնի թանկացման մասին լուրերին, հերթական անգամ դրանք կապեց որոշ նախկին օլիգարխների հետ, ապա վերջիններիս զգուշացրեց, որ նման կերպ շարունակելու դեպքում կառավարությունը իրենց ծնոտին հարված կհասցի․
«Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել, և այստեղ պետական մարմինների արձագանքը պետք ա լինի շատ կոշտ։ Ես էլի ուզում եմ կրկնել, որ որոշ նախկին օլիգարխներ եթե մտածում են, որ իրենք կարողանալու են էս իրավիճակում մանիպուլյացիաների դաշտ մտնել, իրենք սխալվում եմ։ Ես էլի ցանկանում եմ բոլորին զգուշացնել արդեն վերջին անգամ, որ մեր բարեկրթությունը ոչ մեկ չփորձի մեկնաբանել որպես թուլություն, թե չէ շատ դաժան հակահարված կստանան, անձնապես։ Բոլորը առանց բացառության, որևէ մեկը թող չտրվի գայթակղությանը ժողովրդի վստահությունը վայելող կառավարության հակահարվածի ուժը իր ծնոտին զգալու, ես սա շատ ուղիղ եմ ասում և շատ հասցեական եմ ասում․․․», – ասաց Փաշինյանը, ապա դիմելով ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին՝ ցուցումներ տվեց վերջինիս․
«Պարոն Վանեցյան, նաև ազգային անվտանգության խնդիր ա, այս մասին մենք մի քանի անգամ խոսակցություն ունեցել ենք իրար հետ։ Այո, մեր երկրում խոսքի և տեղեկատվության ազատությունը երաշխավորված ա, բայց եթե որոշ հանցավոր շրջանակներ միլիոններ են ծախսելու սոցիալական ցանցերում, լրատվամիջոցներում հասարակական կարծիքի մանիպուլյացիաներ անելու համար, դա ազգային անվտանգության խնդիր է, և ես հույս ունեմ, որ ձեր ծառայությունը կկարողանա այս հարցում ապահովել կոնկրետ արդյունքներ։ Սոցիալական ցանցերում կան ընդհուպ մինչև հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում՝ ընդհուպ նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխության շրջանակների հետ կապ ունի։ Էս կարգի մանիպուլյացիաները պետք է շատ կոշտ հակահարված ստանան, և ես կարծում եմ, որ ՀՀ օրենսդրությունը նման հնարավորություն տալիս է՝ իհարկե կասկածի տակ չդնելով ՀՀ-ում խոսքի և արտահայտվելու ազատության իրավունքը, սա անառարկելի արժեք է մեզ համար, և կարմիր գիծ է, որը մենք չենք կարող անցնել»։
Ժոռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի կարծիքով, Փաշինյանի հանձնարարականը Վանեցյանին միայն լրատվամիջոցների դեմ չէ ուղղված, այլև քաղաքացիների ազատ արտահայտվելու իրավունքի։ Սեյրանյանը հարցնում է՝ ինչո՞ւ երբ ֆեյքերը հայհոյում էին լրատվամիջոցների ներկայացուցիչներին և քաղաքական գործիչներին, Փաշինյանը ինչո՞ւ նման հանձնարարականներ չեր տալիս․
«Բազմիցս ասել եմ, որ վարչապետ Փաշինյանի մտքերը հաճախ շատ հակասական են, կապ ունի, թե ինչպիսի ինֆորմացիայով է «արթնանում»։
Ի՞նչ է նշանակում՝ ԱԱԾ-ին հանձնարարել պայքարել սոցիալական ցանցերում հանդես եկեղ կեղծ օգտատերերի՝ ֆեյքերի դեմ։ Ես չգիտեմ, թե հիմա ո՞ր ինֆորմացիան կամ ո՞ր ֆեյքերն են իր տրամադրության վրա այդպես ազդել, բայց սա կոնկրետ խոսքի ազատության դեմ հայտարարություն է։ Սա ոչ միայն մեդիաներին է առնչվում, այլ քաղաքացիների, հասարակության արտահայտվելու ազատությանը։
Մենք բազմիցս խոսել ենք ֆեյքերի, ֆեյք ինֆորմացիոն առիթների, դաշտ նետված մանիպուլյատիվ ինֆորմացիաների և դրանց վտանգների մասին, բայց սա այն գործիքակազմն է, որից իրենց իսկ հեղափոխության օրերին լավագույնս օգտվել է Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, իրենց կուսակցականները և իրենց համակիրները։ Ինքը Դավոսում խոստովանել է, որ սոցիալական ցանցերն են լավագույնս իրենց օգնել հեղափոխությունն անելու գործում, նաև բազմիցս գրվել է սոցցանցերում իրենց ունեցած հարյուրավոր ֆեյքերի մասին։
Ես չեմ կարող չասել, որ, այո, բոլոր քաղաքական ուժերն էլ օգտվում են. եթե այդ գործիքակազմը կա, մի քաղաքական ուժը կամ միավորը, տվյալ դեպքում՝ իշխանություններն օգտվում են, ապա մյուսներն էլ կօգտվեն, որովհետև ինտերնետն ու սոցիալական ցանցերը այդ հնարավորությունները տալիս են բոլորին։ Ինձ համար տվյալ դեպքում նաև շատ հետաքրքիր ու չափազանց կարևոր է, թե սոցցանցերում ո՞ր ֆեյք օգտատերերի գրառումներն են հիմք հանդիսացել իր այդ «զայրույթի»։
Կարծես ուրվագծվում է, թե ինչի մասին է խոսքը. եթե դա ինքնաթիռում ինչ-որ հանդիպման վերաբերյալ գրառման պատմությունն է՝ Աննա Հակոբյանին և Մեհրիբան Ալիևային վերաբերող, որի մասին, քանի օր է՝ ինչ-որ կեղծ կամ իրական օգտատեր գրում է, և ակտիվ քննարկումներ են ծավալվում, եթե դա է հիմք հանդիսացել, ապա Աննա Հակոբյանի խոսնակը, առհասարակ՝ իշխանությունները, պետք է շատ արագ արձագանքեին, այսինքն՝ պետք է պաշտոնապես համապարփակ տեղեկատվությամբ հերքեին կամ հաստատեին դա։
Այդ օրերին նկատում էի, որ չնայած շատերը ակտիվ հետևում էին այդ գրառման շուրջ քննարկումներին, սակայն լրատվամիջոցները դրան չէին անդրադառնում, չէին տարածում՝ սպասելով պաշտոնական արձագանքին, որը, կարելի է ասել, ուշացավ։ Կրկնում եմ, թող ընդամենը շատ արագ հերքեին կամ հաստատեին։ Հիմա, եթե դա է հիմք հանդիսացել, ապա իրենց աշխատանքի կազմակերպման թերացումը կա։ Եվ ԱԱԾ-ն, կարծում եմ, ավելի կարևոր գործերով պետք է զբաղվի, քան վարչապետի ընտանիքի անդամի հասցեին ֆեյք կեղծ կամ իրական տեղեկություններ տարածողների բացահայտմամբ։
Ավելին, այստեղ ընտրողական՝ անարդար մոտեցում կա. Փաշինյանը ԱԱԾ-ին հրահանգում է գտնել և դաժանորեն պատժել այն ֆեյքերին, որոնք օրվա իշխանությունների, իրենց դեմ են գրառումներ կատարում։
Ժամանակին, այսօր էլ և ԶԼՄ-ները, և քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչներ, անհատ քաղաքացիներ բազմիցս բարձրաձայնել են հեղափոխական, այսօրվա իշխանություններին սատարող հարյուրավոր ֆեյքերի մասին, որոնք կոշտ և հայհոյախառն հարձակումների էին (և այսօր էլ) ենթարկում այլ տեսակետ արտահայտողների, նրանց ընտանիքների անդամների, Փաշինյանի կառավարությանը քննադատողների դեմ։ Փաշինյանին երբևէ դա չմտահոգեց, հայտարարությամբ կամ ֆեյսբուքյան որևէ գրառմամբ հանդես չեկավ։ Մենք՝ խմբագիրներով, ահազանգում էինք, քաղաքացիներ ու քաղաքական գործիչներ էին ահազանգում, հասարակական, մշակութային գործիչներ էին ահազանգում… ԱԱԾ-ին որևէ հրահանգ չիջավ. հիմա սա ինչո՞վ է պայմանավորված։ Ո՞ր ֆեյքերին է ուզում բացահայտեն։
Իսկ «հեղափոխական» ֆեյքերի՞ հետ ինչպես վարվել, որոնք մինչ օրս կազմակերպված և ակտիվ գործունեություն են ծավալում։ Եվ մամուլում, և ԶԼՄ-ներում բազմիցս գրվել և բացահայտող օրինակներ են ներկայացվել։ Օրինակ, ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանի՝ «Մաեստրո» կեղծանունով ֆեյքի մասին գրվեց։ Ի՞նչ քայլեր ձեռնարկվեցին։ Ոչի՛նչ։ Ավելին, օրեր առաջ այդ ՊՈԱԿ-ի նախագծերից մեկին՝ «Օրբելի» անունով վերլուծական կենտրոնի բացմանը, շուքով մասնակցեցին և Նիկոլ Փաշինյանը, և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք։ Փաշինյանի այս հայտարարությունը միայն մեդիայի, ազատ խոսքի դեմ ուղղված խնդիր չէ, սա յուրաքանչյուր քաղաքացու հարցն է, սա ազատությունների հարց է, ժողովրդավարական արժեքների հարց է։ Հայտարարությունն ինքնին անթույլատրելի և հակաօրինական է»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սեյրանյանը։
Փաստաբան Նորայր Նորիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ չի հասկանում վարչապետի հայտարարությունը, այն լրացուցիչ պարզաբանման կարիք ունի․
« Ես անկեղծ ասած չգիտեմ, թե վարչապետ Փաշինյանը ինչ նկատի ունի « մաիպուլյատիվ տեղեկություն» հասկացության տակ, և ես, անկեղծ ասած, չեմ պատկերցնում, թե ԱԱԾ-ն ինչ պետք է անի, ինչ գործառույթ պետք է իրականացնի և ինչ արդյունքներ պետք է ցույց տա։ Եկեք սպասենք, տեսնենք, թե ԱԱԾ-ն ինչ գործողություններ կանի, ովքե՞ր են այդ ֆեյքերը, ո՞վքեր են, միլիոնավոր դոլարներով սոցիալական ցանցերով մաիպուլյատիվ տեղեկություններ սպրդելով հանրություն, փորձում ինչ-որ այլ տպավորություններ ստեղծել։ Այստեղ ինֆորմացիայի պակաս կա, ես չգիտեմ, թե ինչ վտանգի մասին է խոսքը, ԱԱԾ-ն ինչ պետք է անի, և ինչ արդյունքներ պետք է արձանագրի։ Եթե կոնկրետ բան կա, օրինակ, այս կամ այն անձը միլիոնավոր դոլարներով գումարներ է ներդրել կոնկրետ պետությունը թուլացնելու, ինչ-որ գործընթացներ իրականացնելու համար, ապա թող պարզ ասվի, հանրությունն էլ հասկանա, թե ինչ է իրականում, բայց ես չգիտեմ, թե ինչ ասել է «մանիպուլյատիվ տեղեկությունների դեմ պայքար», ես անկեղծորեն վարչապետի այդ հայտարարությունը չեմ կարող բացատրել»։
Հարցրինք, թե ԱԱԾ-ն ինչպե՞ս կարող էորոշել, թե որ տեղեկություններ մանիպույլատիվ, ունի՞ նման լիազորություններ և չափանիշներ, չէ՞ որ «մաիպուլյատիվ տեղեկությունը» հարաբերական է․
«Այո, ես հենց դա եմ ասում, ես չգիտեմ, թե վարչապետը ինչ միտք ու ենթատեքստ ու բովանդակություն է դրել, այստեղ լիարժեք տեղեկացնելու կարիք կա։ Ես ասեմ, որ ԱԱԾ-ն նման իրավասություն չունի, որ ինչ-որ ֆեյքերի բացահայտի, կամ չգիտեմ ինչ անի, որովհետև ԱԱԾ-ի իրավասությունները սահմանված են ԱԱԾ օրենսդրությամբ և ՀՀ օրենսդրությամբ, իսկ եթե ֆեյքերը պետությունը թուլացնելու կամ տեղեկատվական դիվերսիոն գործողություններ են իրականացնում, կամ Քրեական օրենսգրքով սահմանված վնասարարություն են իրականացնում, շատ բարի, այդ դեպքում կան իրավապահ մարմիններ, կա օրենսրություն, թող քրեական գործեր հարուցեն, այդ գործերով պարզեն հանգամանքները, և եթե կան մեղավոր մարդիկ, թող պատասխանատվության ենթարկվեն։ Ես ակնկալում եմ, որ այսօրվա հայտարարությունը կամբողջացվի, ավելի լայն տեղեկատվություն կտրվի հանրությանը»։