Կարելի է մտածել, թե երջանկությունը չափազանց վսեմ մի բան է, որ չի կարող պատահել առօրյա ու ամենամարդկային իրավիճակում: Իբր, ահա, սովորական կյանքն իր հունով գնում է` պատրաստելով այն արտառոցը, մինչև այն կպատահի և կլինի երջանկություն: Կյանքից վերցնել առօրյա սովորական պատառիկները` ինչպես ժպտաց քո մաման, ինչպես ժպտաց քո երեխան, ու մտապահել դրանք` իբրև քեզ հետ պատահած մեր իրադարձություն, հնարավոր է, երբ ինքնահայեցումը ժամանակի վատնում չի դիտարկվում, ավելին` ապրելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ գործոն է:
Գրող, դրամատուրգ, թատերական քննադատ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի.
Երջանկությունը երջանկության դեմքը ճանաչելու ունակությունն է: Պարադոքսալ կհնչի, բայց ես վաղ մանկությունից կարողացել եմ մտքիս ժամավենի վրա երջանկության ակնթարթները ֆիքսել: Դա, հնարավոր է, ստեղծագործող մարդու հատկություն է՝ անցածը ֆիլմի վերածել սեփական երևակայության մեջ, որ կարողանաս ուզածդ ժամանակ էդ ժապավենը հետ տալ ու վերապրել ուզածդ երջանիկ վայրկյանը: Ստեղծագործելը նույնպես երջանկություն է: Հասարակությունը բաժանվում է, մեծ հաշվով, ստեղծողների և սպառողների: Սպառողը միշտ ինչ-որ բանից դժգոհություն կունենա, միշտ մի բան չի բավարարի, այնինչ ստեղծողը գիտի՝ ինչ բան է արարման բավականությունը, հետևաբար հստակ է տարբերում ինչ ասել է երջանկություն: Երբ երջանկությանը դեմքով գիտես, քեզ շրջապատող իրականության մեջ հստակ տեսնում ես նրան ամեն վայրկյան: Հայտնագործություն չեմ անում, ցանկացած մայր կասի, որ իր փոքրիկի մեկ ժպիտը երջանկության տևական զգացողություն է պարգևում, նրա քրքիջը, նրա առաջին քայլերը, նրա թոթովանքը, նրա խաղաղ քունը: Հիմա ես այդ վայելքի մեջ եմ: Ինձ համար նվիրելն էլ է երջանկություն, կիսվելը. երբ մեկի համար մի օգտակար բան եմ անում, աշխարհը իմն է, միամիտ մանկան պես երջանկանում եմ:
Անձնական երջանկություն.
Մի քիչ արտասովոր բան ասե՞մ: Անձնական կյանքն ինձ համար ընդունվածից տարբեր մի բան է: Այն ինձ համար, երևի, նույնպես շատ վաղուց է սկսվել, երբ միայնության ու ներհայեցողության մեջ ճանաչում ես անձդ, քեզ զգում ես անհատականություն, ուրիշ, տարբեր բոլորից:
Մասնագիտական երջանկություն.
Արարաման ընթացքում, երբ ինքնամոռաց, վերերկրային ներշնչանքի մեջ ես, երբ գրում ես պատմվածքի կամ պիեսի վերջին տողը, հետո գալիս են երջանկության բաղկացուցիչները` տրոհված, մեկ առ մեկ վայելելու ընթացքը. երբ գիրք է ծնվում, երբ ընթերցողին է հասնում, երբ որևէ գրականագետ կամ քո սիրած գրողը բարձր է գնահատում ստեղծագործությունդ, երբ, անգամ, մրցանակ ես ստանում, երբ բացվում է վարագույրը ու տարբեր դերասաններ քո ստեղծած հերոսներին են ներկայացնում:
Հանրային երջանկություն.
Հանրային կյանքում՝ ավելի շուտ բավականության զգացողություն կանվանեի, վերջին անգամ Մնջախաղի և Համազգային թատրոնների խնդիրների թնջուկի լուծման ժամանակ, քանի որ ինչ-որ չափով իմ մասնակցությունն եմ ունեցել, համենայն դեպս՝ որպես արվեստագետ պարբերաբար հրապարակավ հայտնել եմ համոզմունքներս, կարծիքս:
Երջանիկ երկիր, երջանիկ մարդիկ.
Ցանկացած մասնագիտությամբ քաղաքացի սեփական երկրին պիտանի լինելու զգացողություն պիտի ունենա, ոչ թե մեկն իրեն ստորադասված զգա ընտրած «ոչ հարգի» կամ «ոչ մոդայիկ» մասնագիտության, ցածր վարձրատրվելու, սեփական ոլորտի՝ պետական կամ հանրային գերակայություն չլինելու պատճառով:
Զրույցը պատրաստեց Մարինե Բաղդագյուլյանը
Ամբողջությամբ՝ armtimes.com