Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ հասունացել է սոցցանցերում և ԶԼՄ–ներում ֆեյքերի և մանիպուլյացիաների դեմ պայքարելու անհրաժեշտությունը, վաղուց էր սպասվում. դրա կարիքն օրեցօր ավելի սուր է զգացվում։ Այստեղ, իհարկե, պետք է գործել շատ նրբանկատ, ուշադիր և խելամտորեն` հարվածի տակ չհայտնվելու համար։
Հինգշաբթի Նիկոլ Փաշինյանը, խոսելով գազալցակայաններում ենթադրյալ և իրական մախինացիաների և չարաշահումների մասին, անդրադարձավ նաև այն հարցին, թե ինչպես է այդ թեման մատուցվում սոցցանցերում և մի շարք ԶԼՄ–ներում։ Նրա խոսքով` որոշ շրջանակներ միլիոններ են ծախսում սոցցանցերում և ԶԼՄ–ներում մանիպուլյացիաներ իրականացնելու համար։ Այդ մանիպուլյացիաների դեմ պայքարը Փաշինյանն այժմ ազգային անվտանգության խնդիր է համարում։
«Սոցիալական ցանցերում կան հեղափոխության դրոշներով հանդես եկող ֆեյքեր, որոնք բռնությունների կոչեր են անում նախկին իշխանության ներկայացուցիչների հասցեին՝ ցույց տալու համար, թե դա իրոք մեր հեղափոխական շրջանակների հետ կապ ունի», – նշել է Փաշինյանը, ընդլայնելով թեմատիկ շրջանակն ու շեղվելով «գազի» թեմայից։
Փաշինյանը համապատասխան կարգադրություն է արել ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին` միևնույն ժամանակ նշելով, որ այդ գործընթացը պետք է այնպես տեղի ունենա, որպեսզի ոչ մի դեպքում չսպառնա խոսքի և տեղեկության երաշխավորված ազատությանը։ Վանեցյանն իր հերթին հաստատեց, որ Հայաստանի իրավապահ մարմինների պայքարը մանիպուլյացիաների և ֆեյքերի հետ սոցցանցերում պետք է շատ զգույշ և մտածված լինի։
Ինչ կարելի է այստեղ ասել. սկզբունքորեն, իհարկե, ազատ երկրում ԶԼՄ–ների հարցով չպետք է զբաղվի պետական անվտանգության կառույցը: Եթե որևէ մեկին վարկաբեկել կամ զրպարտել են, եթե այնպիսի սուտ են գրել, որ դրանից պետական շահերն են տուժում` կա դատարան, որն ազատ է իր գործողություններում և չի կառավարվում որևէ մեկի կողմից։ Եվ, գուցե, նման պայքարն ավելի արդյունավետ լինի, եթե դրանով զբաղվեն ԶԼՄ–ները, նորմալ ԶԼՄ–ները։ Չէ՞ որ եթե պատկերացնենք մի ակնթարթ, թե ինչ կլինի, եթե պետական անվտանգությունը, թող որ ակամա, բայց չափն անցնի։ Նման հավանականություն միշտ էլ կա ծառայողական կրքերի հորձանուտում, իսկ հետևանքները կարող են անդառնալի լինել։
Նոր իշխանությունը, հավանաբար, պետք է «մեծանար» թավշյա հեղափոխության «տարիքից», հասկանալու համար նման ֆեյքերն ու մանիպուլյացիաները, նույնիսկ եթե դրանք, իբրև թե, պայքարում են հանուն այդ նույն իշխանության, ամեն դեպքում վնաս հասցնելուց բացի ոչինչ չեն անում։ Ընդ որում՝ վնաս ոչ միայն նոր իշխանությանը, այլև պետությանը։
Այլ հարց է, որ «թավշյա հեղափոխության» էյֆորիայի մեջ (ինչպես նաև «թավշյա» փոփոխություններից առաջ) նոր իշխանությունն անձամբ էր սկզբում նման ֆեյքեր ստեղծում։ Ապրիլյան պատերազմի իրական հերոսի ֆեյք «պապիկի» հետ կապված տգեղ օրինակը բավարա՞ր է, թե մի շարք այլ օրինակներ հիշեցնեմ։
Թեև հիմա դրա վրա կանգ չենք առնի և հուսանք, որ այսուհետ այլևս պետք չի լինի հինը հիշել։
Նման երևույթների դեմ պայքարել պետք է հստակ, բայց նրբանկատ. խոսքի ազատության իրավունքը ամենից վեր է։ Այստեղ պետք է արժանին մատուցել նոր իշխանությանը. մեծ հաշվով, այդ առումով, նրան մեղադրել չի կարելի։ Հուսանք, որ հետագայում ևս այդպես կլինի, չէ՞ որ խոսքի ազատության համար ամենավտանգավոր հեղափոխական շրջանն անցել է։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am