Ծաղկազարդ և Դռնբացեք
Advertisement 1000 x 90

Ծաղկազարդ և Դռնբացեք

Պատարագի արարողության համապատասխան հատվածում պատարագիչ հոգևորականը, երկու ձեռքով սկիհը բարձր պահած, շրջվում է դեմքով դեպի ժողովուրդը և ասում. «Օրհնեալ եկեալ անուամբ Տեառն»` Օրհնյալ լինես Տիրոջ անունով եկածդ, սրան նաև ավելացնում է` «Օրհնեալ, որ գալոցդ ես»` Օրհնյալ լինես Դու, որ գալու ես: Նշված առաջին խոսքով հիշատակվում է Քրիստոսի առաջին գալուստը, իսկ մյուսով` երկրորդ գալուստը: Քրիստոսի երկրորդ գալստյան վերաբերյալ նման հիշատակություն կա նաև Ղազարու հարության ժամամուտի, ինչպես նաև Պատարագի երեքսրբյան երգեցողության մեջ: Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների հիշեցումն է արվում նաև Սուրբ Զատկին նախորդող կիրակիին` Ծաղկազարդի օրը: Ծաղկազարդի օրը առաջին հերթին հիշատակվում է Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ (Մատթ. 21.1-11, Մարկ. 11.1-11, Ղուկ. 19. 28-40, Հովհ. 12. 12 -19): Սակայն Ծաղկազարդի օրվա արարողությունները խորհրդանիշն են նաև Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստների: Առավոտյան ժամերգության ժամանակ հոգևորականները հավաքվում են եկեղեցու ատյանում` Սուրբ Խորանի դիմաց, երբ երգվում է Տեր հերկնից շարականը, որ տերունական առաջին գալստյան անդրադարձով պատմում է Երուսաղեմ մուտքի մասին: Իսկ երեկոյան Դռնբացեքի արարողություն կատարող հոգևորականները բարձրանում են խորան` այս խորհրդանշական արարողությամբ հիշատակելով Քրիստոսի երկրորդ գալուստը:

Ծաղկազարդի օրը եկեղեցիները զարդարվում են արմավենու և ձիթենու ճյուղերով` ի հիշատակություն Քրիստոսի Երուսաղեմ մուտքի, երբ մարդիկ Նրա ճանապարհին արմավենու և ձիթենու ճյուղեր էին սփռում: Քանի որ Հայաստանում արմավենիներ և ձիթենիներ չկան, հայաստանյան եկեղեցիներն այդ օրը զարդարվում են ուռենու ճյուղերով: Եկեղեցական մեր Հայրերի կողմից ուռենին պատահականորեն չի ընտրվել Ծաղկազարդին եկեղեցիները զարդարելու համար, այլ հատուկ խորհրդով: Ուռենու կտրված ճյուղը, հողի մեջ տնկվելով, արմատակալում է և աճում: Այդպես էլ քրիստոնյաները կտրվելով նախկին հեթանոսական սովորույթներից արմատավորվեցին ճշմարիտ հավատքին: Ուռենու ճյուղերը ոչ թե վեր են բարձրանում, այլ խոնարհվում են: Սա ցույց է տալիս, որ նույնպես քրիստոնյաները պետք է խոնարհ լինեն: Երբ կտրում են ուռենու գագաթը, այն կրկին առատ շիվեր է տալիս: Այսպես նաև շատ մարտիրոսներ գլխատվեցին և երկնային անթառամ պսակների արժանացան:

Այս օրը պատկերն է նաև արարչության առաջին օրվա, երբ Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկինքը կատարելությունների և հրեշտակների տեղն է, ովքեր Աստծու մերձավորներն են և Նրան անդադար փառաբանողները, իսկ երկիրը` մարմնավորների ու անկատար անասունների, որոնք, զուրկ լինելով բանականությունից, հեռու էին Աստծուց: Այս երկուսի մեջտեղում դրախտն էր, որը տեղն էր բանական մարդկանց, ովքեր գտնվում էին հրեշտակների և անասունների միջև: Եվ Տերն այնպես կարգեց, որ եթե մարդը երկնքի բնակությունը ցանկանա, երկնայիններին նմանվի, իսկ եթե երկրի բնակությունը ցանկանա, անասուններին նմանվի: Մարդը անկում ապրեց դրախտից, և այսօր հատկապես Ծաղկազարդի արարողությունները հորդորում են աստվածահաճո կյանք ապրելով` փափագել երկնային բնակության:

Կրկին Ծաղկազարդի մասին

Ծաղկազարդի օրը հիշատակվում է Քրիստոսի փառավոր մուտքը Երուսաղեմ: Ըստ ավետարանական պատմության` մարդիկ ցնծությամբ էին դիմավորում Քրիստոսին` Նրա առջև ձիթենու և արմավենու ճյուղեր սփռելով: Որպես այս դեպքի հիշատակություն` այդ օրը եկեղեցիները զարդարում են արմավենու և ձիթենու ճյուղերով: Հայաստանում, քանի որ արմավենիներ և ձիթենիներ չկան, եկեղեցիների ներսը զարդարում են ուռենու ճյուղերով: Առավոտյան ժամերգության ավարտին հանդիսավոր կերպով կատարվում է անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են երկրի չորս կողմերը: Օրհնվում են նաև ուռենու ճյուղեր, որոնք բաժանվում են հավատացյալներին: Քրիստոսի Երուսաղեմ մուտքի և նրա առջև ճյուղեր սփռելու իրադարձությունը նաև փոխաբերական իմաստ ունի մեր կյանքում: Ճյուղերը մարդկային բարի և առաքինի գործերն են, որոնցով մենք ճանապարհ ենք պատրաստում Աստծո համար` մուտք գործելու մեր սրտերը:

Դռնբացեք

Շատ գեղեցիկ և խորհրդանշական է հատկապես Ավագ շաբաթից առաջ Մեծ Պահքի վերջին կիրակիի` Ծաղկազարդի երեկոյան կատարվող արարողությունը, որը կոչվում է Դռնբացեք: Եկեղեցու խորանը խորհրդանշում է Երկնքի Արքայությունը, իսկ խորանի վարագուրված լինելը ցույց է տալիս Արքայության փակված լինելը մեղավոր մարդկանց համար: Մեծ Պահոց շրջանի քառասուն օրերի ընթացքում մենք պահեցողությամբ զղջում ենք մեր մեղքերի համար` ավելի կատարելագործվելով, որովհետև պահքը սուգ է և տրտմություն գործած մեղքերի համար: Եվ միայն մեղքերից հրաժարված մարդը կարող է համարձակություն ունենալ խնդրելու, որ իր առջև բացվեն Երկնքի Արքայության դռները: Ահա այս գեղեցիկ իրողությունն է ներկայացնում դռնբացեքի արարողությունը:

Արարողության ընթացքում խորան են բարձրանում երեք հոգևորականներ և ծնկի գալով ու հատակին դրված մի փայտի բարձր թակելով (դռան թակոցներին նմանեցնելով)` հուզիչ երգեցողությամբ խնդրում են Տիրոջը բացել Արքայության դռները: Փակ վարագույրի մյուս կողմում ևս հոգևորականներ են լինում, ովքեր խորհրդանշում են երկնային զորություններին: Նրանց միջև հարցուպատասխանից հետո հայտարարվում է, որ երևում է Տերը, և իրենց մեղքերի համար զղջացած ու ապաշխարած մարդկանց առջև բացվում են Արքայության դռները: Այս գեղեցիկ արարողության խորհուրդը ներկայացնում է նաև Դռնբացեքի ժամանակ երգվող «Բաց մեզ Տէր» ազդեցիկ մեղեդին:

Տեր Ադամ քհն. Մակարյան

«Քրիստոնեության իսկությունը» գրքից

surbzoravor.am