«Իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես պետք է լուրջ հար­ցե­րով զբաղ­վի». past.am
Advertisement 1000 x 90

«Իշ­խա­նու­թյու­նը վեր­ջա­պես պետք է լուրջ հար­ցե­րով զբաղ­վի». past.am

Արդարանալու ու մեղքը բացառապես այլոց վրա բարդելու ճանապարհը որևիցե լավ բան չի հուշում: Այս կարծիքին է քաղաքագետ Գագիկ Համբարյանը, որի խոսքերով, հաշվի առնելով նաև վերոնշյալ հանգամանքից բխող խնդիրները, իշխանությունը պետք է սկսի զբաղվել լուրջ հարցերով: Քաղաքագետը նկարագրված իրավիճակը մի քանի պատճառներով ու ավելի վաղ առաջացած հարցերով է բացատրում:

«Ամենակարևոր խնդիրն այն է, որ պարոն Փաշինյանը վերջապես պետք է հասկանա, որ ինքը երկրի թիվ մեկ դեմքն է, իսկ երկիրը ձևավորված է բազմաշերտ կառավարման համակարգից: Եվ երբ Ն. Փաշինյանը բոլոր հարցերի լուծումը վերցնում է իր վրա, դա արդեն իսկ նորմալ չէ: Օրինակներից մեկը մարզային դպրոցի գործադուլ-դասադուլի հարցն էր, որը պետք է լուծվեր մարզի կրթության վարչության պետի մակարդակով: Հենց սրանով է պայմանավորված խնդիրը: Մտածելով, որ ինքն ուր գնա, պետք է հարցերը լուծվեն, նա մեխանիկորեն սկսում է նաև մեղավորներ փնտրել: Վառ օրինակներից մեկը «Նորագավիթ» մաքսատան աշխատակիցներից մեկի վրա հոխորտալն ու դիմում գրելու հրահանգն էր: Սա նորմալ չէ: Եթե մենք փորձում ենք նմանվել ժողովրդավարական և օրենքի երկրի, ինչի մասին ամեն քայլափոխի հայտարարում է Ն. Փաշինյանը, ապա նման երկրում որևիցե վարչապետ կամ նախագահ որևէ հիմնարկության աշխատակցի իրավունք չունի հրամայել, որ դիմում գրի ու հեռանա: Իսկ ամենազավեշտալին դիմում գրելուց հետո Փաշինյանի՝ «թող դիմում չգրեր» հայտարարությունն էր: Սա է խնդիրը: Վարչապետն իր լիազորությունները չարաշահում է, իսկ մեր հասարակության մի ստվար զանգված իրավապես գրագետ չէ»,- «Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Գագիկ Համբարյանը շեշտեց, որ իրավիճակը այլ պատճառներ ևս ունի. «ՀՀ-ում ձևավորված իշխանական մարմինները իրենց գործառույթները չեն կատարում: Շատ դեպքերում այդ մարմինների, գերատեսչությունների ղեկավարներն իրենց տեղում չեն՝ ոչ կոմպետենտ են: Իսկ արդարանալը, ուրիշների մեջ մեղավորներ փնտրելը լավ հետևանք չի կարող ունենալ: Եթե վարչապետը յուրաքանչյուր լավ բան որպես իր ձեռքբերում է ներկայացնելու, ապա պետք է նաև պատասխանատվության զգացում ունենա և ընդունի, որ իր նշանակած բոլոր պաշտոնյաները իրենց տեղում չեն: Իսկ իրենց կատարած սխալների համար պետք է հենց ինքը պատասխան տա: Սերժ Սարգսյանի նկատմամբ առկա հակակրանքի պատճառը հենց նշվածը չընդունելն էր, հասարակության քննադատությունները չլսելն էր: Սերժ Սարգսյանը գրեթե նույն քաղաքականությունն էր տանում: Թավշյա հեղափոխությունից հետո գրեթե նույն քաղաքականությունը տանում է Ն. Փաշինյանը՝ չլսելով իր կողմից նշանակված որոշ պաշտոնյաների նկատմամբ հասարակության քննադատությունը ու հաշվի չառնելով նրանց նկատմամբ առկա անվստահությունը: Ավելին՝ Ն. Փաշինյանը փորձում է չքմեղանալ և հայտարարել, որ ինքն այդ ամենի համար մեղավոր չէ, մինչդեռ այն, ինչ տեղի է ունենում գործադիրում, այդ ամբողջի համար պատասխանատու է վարչապետը»:

Խոսելով մեկ այլ պատճառի մասին՝ քաղաքագետը հիշեցրեց կառավարության ծրագիրը:

«Այն բարի ցանկությունների հարթության մեջ էր: Իսկ հիմա, երբ կառավարությունն առնչվում է իրական խնդիրների հետ, նկատվում է, որ նրանք շատ դեպքերում լուծումների տարբերակ կա՛մ չունեն, կա՛մ լուծումների տարբերակները սխալ են: Սա է պատճառը, որ տարբեր մակարդակներում կոնֆլիկտ է առաջանում: Մեծ հաշվով, ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ մենք իներցիոն կերպով ենք շարժվում առաջ: Տպավորություն է, որ նախորդ իշխանությունների օրոք առկա վատ երևույթներն իներցիայով ընդօրինակել են: Իսկ իներցիայով առաջ շարժվելը լավ բան չի հուշում ապագայում, իներցիայով երկար շարժվել հնարավոր չէ: Իշխանությունը պետք է վերջապես լուրջ հարցերով զբաղվի և վերջ տա PR-ով զբաղվելուն: Պետք է զբաղվի այն հարցերով, որոնք ծառացած են երկրի առաջ և առաջնային են հասարակության համար: Գործ պետք է արվի»,-նշեց մեր զրուցակիցը: Գ. Համբարյանը շեշտեց, որ հեղափոխությունից գրեթե մեկ տարի է անցել, բայց հասարակությունն իր մաշկի վրա դրական ազդեցություն չի զգացել:

«Ինչպես հասկանում եմ, իշխանությունները կրկնում են նախորդների սխալները. ինչոր թվեր են ասում, որոնք ուղղակիորեն կա՛մ ֆանտաստիկ են, կա՛մ իրականությանը չեն համապատասխանում: Բայց հասարակությունն, այնուամենայնիվ, այդքան հիմար չէ: Վերջիվերջո, հասարակությունը դրականը պետք է իր մաշկի վրա զգա: Օրինակ՝ ես ուզում եմ հասկանալ՝ հայտարարված 50 հազար աշխատատեղից քանի՞սն են իմ հարազատ Շիրակի մարզում բացվել: Իրականում՝ ասելով չէ, իսկ այդ թվերն ուղղակի զայրացնում են»,-եզրափակեց քաղաքագետը:

past.am