ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն այսօր գրառում է կատարել՝ անդրադառնալով IDeA հիմնադրամի նախաձեռնությամբ «Հայաստանի Հանրապետություն» և The New York Times թերթերում հրապարակված «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրված բաց նամակին՝ ստորագրված տարբեր երկրներում բնակվող անվանի հայերի կողմից: Հիշեցնենք, որ նամակը հրապարակվել էր Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-րդ տարեդարձի առիթով: Այն ստորագրել են Ռուբեն Վարդանյանը, Նուբար Աֆեյանը, Վարդան Գրեգորյանը, Շարլ Ազնավուրը, Լորդ Արա Դարզին, Սամվել Կարապետյանը, Արթուր Ջանիբեկյանը և այլք:
Ստորև ներկայացնում ենք Արմեն Դարբինյանի գրառումը.
«Մի խումբ հայերի Կոչը, ում հայրենիքում որակեցին՝ որպես «Գլոբալներ», առայժմ անպատասխան է մնացել. սակայն իզուր: Համայն հայերի ջանքերի միավորման Կոչը՝ միասին բարգավաճ երկիր կառուցելու, կենտրոնաձիգ հայրենիք ունենալու, արժանի է բացարձակ ընդունման: Իմ կարծիքով՝ Կոչն ունի գլխավոր շեշտադրում. հայերը գլոբալ ազգ են՝ փաստացի, այլ ոչ թե՝ ըստ էության:
Մենք սովոր ենք հետևյալ կրկնվող բանաձևին. «Հայաստանը Սփյուռքի հետ և Հայաստանը առանց Սփյուռքի, տարբեր երկրներ են»: Այո, տարբեր են: Բայց այդ տարբերությունից օգուտ է պետք քաղել, իսկ մենք դա անել դեռ չենք սովորել: Դեռ չենք սովորել վերանայել մեր գիտակցությունը, արժեհամակարգը, հաճախ դեռ խարխափում ենք ռազմաշունչ գավառամտության խավարում, չենք տեսնում սեփական քթից անդին, անգամ վախենում ենք գլոբալականությունից:
Եվ դա օրինաչափ է. գլոբալ ազգից սպասելիքն էլ է մեծ, գլոբալը պատասխանատու է ոչ միայն իր, այլև աշխարհի համար, ոչ միայն իր շրջապատի, այլ աշխարհի համար: Գլոբալը դիտակի զննության ներքո է, բոլորի աչքի առջև է: Դրա համար էլ վախենում ենք… Այդ վախին է ավելացել «թարգմանության թյուրըմբռնումը». Հայաստանում շատերին թվաց, որ Կոչի հեղինակները իրենց «Գլոբալ» են երևակայում, իսկ մնացյալին վերագրել են տեղայնացվածի, «Լոկալ»-ի կարգավիճակ… Բայց ուղերձը լրիվ այլ էր. յուրաքանչյուր հայ իրեն պետք է «Գլոբալ»-ի մաս զգա, այսինքն, պատասխանատվություն զգա՝ նախ՝ երկրի, հետո՝ աշխարհի համար… Կոչի տակ ստորագրողները ինտելեկտի կողմնակիցներն են. կոչ են անում բոլոր հայերի խիղճը, պատիվը միավորել բարգավաճ Հայաստան ստեղծելու համար: Արժանահավատ նպատակ է:
Սակայն Կոչի հեղինակները բացթողում ունեն. նրանք վավերացման ժամանակ չեն ընդգրկել Հայաստանի հաջողակ, չքնաղ երիտասարդ սերունդը, որն առավել մոտ է կանգնած խնդրի ընկալմանը և իրագործմանը (եթե ինձ դիմեին, տասնյակ անուններ կտայի):
Մի բան էլ, ոչ մի դեպքում չի կարելի սնել այն պատրանքը, թե հաջողակ հայ կարելի է դառնալ՝ Հայաստանից հեռանալուց հետո: Այստեղ ամենևին նկատի չունեմ տեղական արտադրության «օլիգարխներին»…
…Բազում վնասվածքներով «Լոկալ» նավին իր լոկալ ուղևորներով ցանկանում եմ երբևէ «Գլոբալ» նավարկություն…»: