Կանաչ սմուզիներն այժմ լայն ճանաչում ունեն, քանի որ թարմ մթերքներով ու սննդարար նյութերով լի այս համեղ ըմպելիքները հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից։ Ի տարբերություն կանաչ հյութերի՝ սմուզիները պահպանում են ձեր օգտագործած մրգերի ու բանջարեղենի մեջ պարունակվող ողջ բջջանյութը։
Դա նրանց առավել օգտակար սննդամթերք է դարձնում, և հագեցածության զգացողությունը շատ ավելի երկար է պահպանվում, քանի որ դրանք ավելի դանդաղ են մարսվում։ Իհարկե, բացի առողջության համար տարատեսակ առավելություններից, դրանք նաև օրը սկսելու ու էներգիայով լեցուն լինելու գերազանց տարբերակ են։
Կալե կաղամբը մեր օրգանիզմին անհրաժեշտ նյութերի պարունակությամբ առաջատար դիրք է գրավում։ Այս բանջարեղենի կազմում լիարժեք սպիտակուց կա, որն ավելի հեշտ է յուրացվում, քան կենդանական սպիտակուցը։ Բացի դրանից, կալե կաղամբի մեջ անփոխարինելի օմեգա-3 ճարպաթթուներ կան, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ճիշտ կենսագործունեության և երիտասարդության համար։
Կաղամբի բաղադրության մեջ ասկորբինաթթու է մտնում, որն ամրապնդում է իմունիտետը և օգնում հակադարձել զանազան վիրուսների ու ինֆեկցիաների։ Գլյուկորաֆանինն ունի հակաքաղցկեղային ու հակաբակտերիալ գործողություն։ Կաղամբը պարունակում է նաև ինդոլ-3-կարբինոլ, մի նյութ, որն արգելափակում է քաղցկեղային բջիջների աճը։
Անանասը բարելավում է մարսողությունը, նպաստում սպիտակուցների նորմալ յուրացմանը։ Այն օրգանիզմը մաքրում է տոքսիններից ու շլակներից։ Այս միրգն առավել օգտակար է սրտային հիվանդություններով տառապող մարդկանց համար։ Այն կանխարգելում ու բուժում է երիկամների ու լյարդի հիվանդությունները, պայքարում սակավարյունության դեմ։ Անանասը միզամուղ հատկություն ունի և հակափսխումային գործողություն։ Այս միրգը կօգնի մարսողական տրակտի բորբոքումների, սրտխառնուքի և այրոցի, վիրուսների ու շնչառական համակարգի հիվանդությունների դեպքում։
Կալե-անանաս սմուզիի բաղադրիչները՝
. 1 բաժակ կամ 150 գրամ թարմ կամ պահածոյացված անանաս
. 3-4 հատ կալե կաղամբի մեծ տերև
. բազուկի 3 մեծ տերև
. 1 կապ մաղադանոս
. կես կիտրոն
. 1 բաժակ կամ 240մլ կոկոսի կաթ
. կես բաժակ սառույց
Լրացուցիչ բաղադրամասեր՝
. 1 ճաշի գդալ չիայի սերմեր
. 2 ճաշի գդալ կանեփի սերմ կամ 1 ճաշի գդալ կոլագենի փոշի
Պատրաստման եղանակը՝
Բոլոր բաղադրիչները հարեք բլենդերի մեջ՝ մինչև կրեմանման ու միատարր զանգված դառնալը։
Մատուցեք միանգամից։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը