Կենդանի լեգենդ Ալ Պաչինոյի 79 ամյակի կապակցությամբ ձեզ ենք ներկայացնում նրա մասին փաստեր:
Ալֆրեդո Ջեյմս Պաչինոն, կամ նույն ինքը՝ Ալ Պաչինոն ծնվել է 1940 թ. ապրիլի 25-ին Արևելյան Հարլեմում, Նյու Յորք, ԱՄՆ:
Պաչինոյի տատիկն ու պապիկը գաղթել էին Կոռլեոնե քաղաքից,Սիցիլիա, Իտալիա:
Ալֆրեդոյի ծնողները Ռոզա և Սալվատորե Պաչինոներն ամուսնալուծվում են երեխայի ծնունդից երկու տարի անց: Պաչինոն մնում է մոր խնամակալության տակ և նրա հետ տեղափոխվում է ապրելու Հարավային Բրոնքս. այստեղ էին ապրում տղայի՝ մորական կողմից տատիկն ու պապիկը:
Ալ Պաչինոյին օրինակելի աշակերտ չես անվանի: Նրա մանկությունն անցել է շատ անկարգ շրջանում և այն, ինչ նա տեսել է շուրջբոլորը, ընդօրինակել է: 9-ամյա տղան ծխում էր, իսկ մի քանի տարի անց իրեն ալկոհոլին է նվիրում: Դպրոցում և բակում անախորժություններն անպակաս էին նրանից և նման պահվածքը չէր կարող չանդրադառնալ առաջադիմության վրա: 17 տարեկանում վատ վարքի, ցածր գնահատականների, ըմբոստության և ուսուցիչներին անընդհատ կոպտելու պատճառով Ալ Պաչինոյին հեռացնում են դպրոցից:
Տղայի և մոր հարաբերությունները լարվում են: Շատ շուտով Պաչինոն հեռանում է տնից: Ինչ տեսակի գործ ասես, որ չի արել երիտասարդ Պաչինոն: Մի որոշ ժամանակ նա աշխատում էCommentary ամսագրի փոստի վարչությունում, իսկ հետո որպես սթենդափ կատակերգու:
Եկել էր առաջին քայլ անելու ժամանակը…
Ալֆրեդոն ընդունվում է Հերբերտ Բերգհոֆի դերասանական ստուդիա (HB studio) և մեկնարկում է նրա թատերական կարիերան: Հենց այս տարիներին էլ նա ծանոթանում է Լի Սթրասբերգի հետ, որը տղային օգնում է ոտքի կանգնել և բեմական խոսք ու դերասանի վարպետություն է սովորեցնում: Ի դեպ Սթրասբերգը կիրառում էր Կոնստանտին Ստանիսլավսկու կողմից մշակված՝ դերասանին կրթելու մեթոդը, որը կիրառել է նաև Ջեյն Ֆոնդայի, Փոլ Նյումանի, Մերիլին Մոնրոյի, Դասթին Հոֆմանի և այլ հայտնիների հետ աշխատելիս:
1969 թ. հատկանշական էր Պաչինոյի համար: Նա ոչ միայն խաղում է“Does a Tiger Wear a Necktie?” («Արդյո՞ք վագրը կրում է օձիք») ներկայացման մեջ, այլև՝ նկարահանվում է իր առաջին՝ “Me, Natalie” («Ես, Նատալին») ֆիլմում:
Ներկայացումը Ալ Պաչինոյին «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում մրցանակների է արժանացնում:
Ալ Պաչինոն փորձում էր ստանալ“The Godfather” («Կնքահայրը») ֆիլմում Մայքլի դերը, սակայն նրան մի քանի անգամ մերժում են: Միայն Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի բազմաչարչար աշխատանքների արդյունքում երիտասարդ և շատ խոստումնալից երիտասարդը ստանում է այդ դերը: Սա Ալֆրեդոյի ամենաբեկումնալից դերն էր: Նա մարմնավորում է Վիտո Կոռլեոնեի որդուն՝ Մայքլին: Ֆիլմի նկարահանումները, սակայն, շատ արագ են իրականացվում, քանի որ թե՛ Պաչինոն, և թե՛ Կոպպոլան վախենում էին, որ նրանց կհեռացնեն ֆիլմի նկարահանումներից:
Արդյունքում ստեղծվում է համաշխարհային կինեմատոգրաֆի մարգարիտներից մեկը՝ «Կնքահայրը» ֆիլմը, որն արժանանում է Օսկարի, իսկ Ալ Պաչինոն դառնում է Հոլիվուդի սիրելին:
1972 թ. հաջողությունը կրկնապատկում է 1974 թ. էկրաններ բարձրացած “The Godfather: Part II” («Կնքահայրը 2») ֆիլմը: Պաչինոն այդպես էլ մնում է այդքան բաղձալի Օսկար մրցանակին սպասելով, բայց Կոպպոլան ճանաչվում է«Լավագույն ռեժիսոր»:
Ընդհանուր հաշվով ֆիլմն Օսկարի է արժանանում 6 անվանակարգերում, այդ թվում՝ հանճարեղ Ռոբերտ դե Նիրոն՝ «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում:
Շարունակելով լավագույն ավանդույթները՝ Ջոն Շլեզինգերը Կոպպոլայի նման պայքարում էր, որ իր“Marathon Man” ֆիլմում նկարահանվի Պաչինոն, բայց, ցավոք ռեժիսորի բախտը Ֆորդ Կոպպոլայի պես չի բերում, և գլխավոր դերը բաժին է հասնում Դասթին Հոֆմանին:
Հաջորդը Սիդնի Լյումեթի աղմկահարույց“Serpico” («Սերպիկո») գործն է, որն Ալ Պաչինոյին «Լավագույն դերասան» անվանակարգում «Ոսկե Գլոբուս» է բերում:
1983 թ. էկրաններ է բարձրանումԲրայան դե Պալմայի “Scarface” («Սպիով դեմքը») ֆիլմը, որի գլխավոր հերոսը Թոնի Մոնտանան է, որին և՛ սիրում են, և՛ ատում, և՛ որից վախենում են: Թոնին գաղթել է Կուբայից և հաստատվել ԱՄՆ-ում: Նրան անվանում են «Սպիով դեմք», և ոչ մեկ չէր հանդգնում հակառակվել նրան:
Թոնիի կերպարը մեծ հարգանք է վայելում հատկապես ռեփերների շրջանում, Թոնին շատ շատերի համար հեղինակություն է: «Սպիոն դեմքը» ավելին է, քան պարզապես լավ ֆիլմ…
Հայտնի ռեփեր Շոն Քոմսը, կամ նույն ինքը Puff Diddy-ն խոստովանել է, որ ավելի քան 63 անգամ դիտել է ֆիլմը:
Պաչինոն խոստովանել է, որ երազել է նկարահանվել Ջորջ Ռոյ Հիլի “Slap Shot”(«Կրակոց») ֆիլմում, սակայն նրան մերժել են, պատճառաբանելով, որ նա չի կարողանում սահել սառույցի վրա:
Շատերս դիտել ենք Սթիվեն Սփիլբերգի օսկարի արժանացած “Close Encounters of the Third Kind” («Երրորդ կարգի մտերիմ կապեր») ֆիլմը, սակայն մեզանից քչերը գիտեն, որ ֆիլմում կարող էր նկարահանվել Ալ Պաչինոն, եթե չմերժեր ռեժիսորին: Պատճառների մասին, ինչպես ինքը՝ դերասանն է ավելի ուշ խոստովանել, միայն նա գիտի:
Ալ ՊաչինոնՈւիլյամ Շեքսպիրի մոլի երկրպագու է: Դրա վառ ապացույցն է դերասանի ՝ 1996 թ. “Looking for Richard” («Փնտրելով Ռիչարդին») դոկումենտալ ֆիլմը, որը նվիրված է գրողին և նրա կերտած կերպարներից մեկին՝ Ռիչարդ 3-րդին:
Նշենք նաև, որ Ալ Պաչինոն օպերայի մոլի երկրպագու է…
1992 թ. էկրաններ է բարձրանում դերասանի մասնակցությամբ հաջորդ գլուխգործոցը՝ Ջեյմս Ֆոլիի“Glengarry Glen Ross” («Ամերիկացիները») ֆիլմը, որտեղ Պաչինոյի խաղընկերներն են Ալեք Բոլդուինը, Ալան Արկինը, Քևին Սփեյսին ևն:
Շատերը, սակայն, չգիտեն, որ իր մասնակցության համար Սփեյսին պետք է շնորհակալ լինի միմիայն Ալ Պաչինոյին:
Բանն այն է, որ Ալ Պաչինոն դիտել է Սփեյսիի մասնակցությամբ Բրոդվեյան ներկայացում և այնքան է տպավորվել Քևինի դերասանական խաղով, որ առաջարկել է Ֆոլիին դերասանին ինքնաարտահայտվելու և իր դերասանական ունակությունները ցույց տալու հնարավորություն տալ:
1992 թ. էկրաններ է բարձրանում Ալ Պաչինոյի մասնակցությամբ մյուս հանճարեղ գործը՝ Մարտին Բրեսթի “Scent of a Woman” («Կնոջ բույրը»)ֆիլմը, որի շնորհիվ էլ Պաչինոն տուն է ուղևորվում այդքան սպասված Օսկարով և «Ոսկե գլոբուսով»:
Հաջորդիվ Բրայան դը Պալմայի՝“Carlito’s Way” («Կառլիտոյի ուղին») ֆիլմն է:
Ալ Պաչինոն ունի“Chal Productions” անունով կինոընկերություն: “Ch” մասնիկը ծագում է նրա ընկեր՝ Չարլի Լենգթոնի (ոչ դերասան), իսկ “Al” մասնիկը Պաչինոյի անունից:
Ալ Պաչինոյի մասնակցությամբ հաջորդ հայտնի գործը“The Devil’s Advocate” («Սատանայի փաստաբանը») ֆիլմն է: Այստեղ նրա խաղընկերներն են Կիանու Ռիվզն ու անկրկնելի Շարլիզ Թերոնը:
2002 թ. էկրաններ է բարձրանում Քրիստոֆեր Նոլանի “Insomnia” («Անքնություն») ֆիլմը, որտեղ Պաչինոյի խաղընկերն է Ռոբին Ուիլյամսը: Կինոնկարը մի երիտասարդ կնոջ առեղծվածային սպանության մասին է:
Թե՛ այս ֆիլմում, թե 2001 թ. “People I Know” («Մարդկանց, որոնց գիտեմ») ֆիլմում, Պաչինոն մարմնավորում է գործակալի:
Մի քանի տարի անց ՝ 2007 թ. էկրաններ է բարձրանում Սթիվեն Սոդերբերգի “Ocean’s Thirteen” («Օուշենի տասներեք ընկերները») ֆիլմը, որտեղ Ալ Պաչինոյի խաղընկերներն են Ջորջ Քլունին, Մեթ Դեյմոնը և Բրեդ Փիթը:
Ի դեպ Ալ Պաչինոն հրաժարվել է նկարահանվել Բրայան Սինգերի 1995 թ. օսկարակիր“The Usual Suspects” («Սովորական կասկածյալներ») ֆիլմում, ինչի համար հետագայում շատ է փոշմանել:
Ավելի մանրամասն՝ vnews.am