Երևանի կենդանաբանական այգու սեզոնի բացմանը զուգահեռ այգու դիմաց նախկին աշխատակիցները, կենդանասերները, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անցկացնում են բողոքի ակցիա՝ այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով:
Աշխատակիցները կրկին բարձրացնում են Կենդանաբանական այգում կենդանիների անկման խնդիրը: Նրանք նշում են, որ ամիսներ շարունակ խոսում են խնդրի մասին, սակայն առաջընթաց չի գրանցվում: 2018 թվականի վերջում ձևավորվել էր աշխատանքային խումբ, որի բարձրացրած հարցերին ծանոթացել էր Երևանի քաղաքապետը: Աշխատակիցները նշում են, որ աշխատանքային խմբի երկու նիստ կայացել է դեկտեմբերին, այնուհետև դադարեցվել է: Կենդանաբանական այգում անցկացվել են ստուգումներ, սակայն արդյունքները մինչ օրս չեն հրապարակվում: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ արդեն 4-5 ամիս է գործը նույն կետում կանգնած է:
Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ բարձրացված խնդիրները իրավական դաշտում պետք է լուծվեն, իսկ ինքը հրաժարականի դիմում ներկայացնելու հիմքեր չի տեսնում:
«Կարծում եմ, որ շատ շուտով այս հարցը իրավական դաշտում կլուծվի: Կենդանաբանական այգին շատ ճիշտ ուղղության վրա է, և չեմ կարծում, որ հանրային կարծիքի ազդեցությամբ հնարավոր է շեղվել իրավական դաշտից: Ես հրաժարականի հիմքեր չեմ տեսնում: Եթե ինչ-որ անձ ունի անհատական խնդիր այստեղ լուծելու, ապա մենք այստեղ համակարգային խնդիրներ ենք լուծում»,- ասաց Ռուբեն Խաչատրյանը:
Անդրադառնալով կենդանիների անկման հարցին՝ Ռուբեն Խաչատրյանը նույնպես իր մտահոգությունը հայտնեց և նշեց, շատ հաճախ դեպքով պայմանավորված բարձրացված մեծ աղմուկի պատճառն այն է, որ շատերը բավարար իրազեկված չեն կենդանիների հիվանդությունից, իրականացված աշխատանքից:
«Հայաստանում պարզվում է իրավական դաշտում արագ մոտեցումների, եզրակացությունների գալու խնդիր կա, սակայն դրան զուգահեռ շատ հեշտ և արագ հնարավոր է լինում փոխել հանրության կարծիքը: Մասնավորապես, այդ կարծիքն ուղղորդված է լինում»,- ասաց նա:
Խոսելով օրերս Կենդանաբանական այգում վագրի կորստի մասին՝ տնօրենը տեղեկացրեց, որ ներկայում բանակցությունների փուլում են նոր զույգ ձեռքբ բերելու նպատակով: Նա ընդգծեց, որ վագր ունենալու խնդիր չունեն: