29-ամյա կնոջը` իր 3-ամյա դստեր հետ սպանելու համար ցմահ ազատազրկված դատապարտյալը ներման խնդրագիր է ներկայացրել Արդարադատության նախարարություն՝ ազատ արձակվելու համար, ինչին դեմ է տուժող կողմը։ Վերջինս գրավոր դիմում է ուղարկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետ Էդուարդ Գրիգորյանին:
Սպանությունը տեղի է ունեցել 1994 թվականի ապրիլի 20-ին։ Դեպքի մանրամասները «Փաստինֆո»-ին պատմեց սպանված կնոջ մայրը՝ Ժանետա Հարությունյանը։
«Աղջկաս դասընկերը, ում հետ դպրոցն ավարտելուց հետո որեւէ կապ չի եղել, կարծեմ՝ նա 10 տարի Հայաստանում չի էլ եղել, Հայաստան վերադառնալով եւ աղջկաս 1-2 անգամ պատահաբար հանդիպելով, մի օր իր 2 ընկերների հետ եկավ իմ աշխատավայր՝ խորհրդատվության։ Ասաց, թե ինքն Արցախում դեղորայքի մատակարարմամբ է զբաղվում եւ ուզում է Երեւանում էլ դեղատուն բացել, ես էլ, քանի որ դեղատան տնօրեն եմ, բացատրեցի, որ ըստ կարգի՝ պետք է լիցենզիա հանվի, եւ այլն, եւ այլն։ Դրանից ժամեր անց` ցերեկը՝ ժամը 2-ին, երբ ես դեռ աշխատանքի էի, նա դանակը ձեռքին ներխուժեց մեր տուն, 3 տարեկան թոռանս աչքի առաջ նախ սպանեց աղջկաս, ապա դանակի հարվածներով՝ նաեւ թոռանս»,-պատմում է տիկին Ժաննան։
Երբ ոստիկանները հետաքրքրվել են, թե ով կարող է իրենց տուն եկած լինել, որ իր աղջիկը` 29-ամյա Գայանե Սարգսյանը, առանց կասկածանքի դուռը բացի, տիկին Ժաննան պատմել է այդ դասընկերոջ մասին` ընդգծելով, որ վերջինս իր ընկերների հետ է այցելել իր աշխատավայր. «Որքանով ես գիտեմ՝ այդ երկուսին էլ էին բռնել, բայց հետո նրանք պնդել են, թե աղջկաս դասընկերոջը տարել, մեր տան մոտ իջեցրել են, չգիտեմ, ամեն դեպքում ոստիկանները հետաքննեցին, տեսան, որ այդպես է, իսկ դասընկերն էլ ընդունեց իր մեղքը, թեեւ ոչ դատաքննության ժամանակ, ոչ հետագայում չզղջաց դրա համար»։
Հիշյալ դասընկերը ՀՀ քաղաքացի Իգոր Օհանյանն է` ծնված 1965 թվականին, որը խոստովանել է, որ պարտք է ունեցել, եւ դա մարելու համար որոշել է թալանել տուժողի տունը։ Ավելի ուշ նա փոխել է ցուցմունքը` ասելով, թե այդ պարտքի գումարը` 2000 դոլարի չափով, ինքը տվել է սպանված կնոջը` Գայանե Սարգսյանին, ով էլ հրաժարվել է վերադարձնել, ինչի պատճառով էլ դեպքի օրը տեղի է ունեցել վիճաբանություն, ապա` սպանություն: Սակայն դատարանը այս պատճառաբանությունը արժանահավատ չի համարել` գտնելով, որ ամբաստանյալը նպատակ է հետապնդել ենթարկվել կատարածի համեմատ ավելի մեղմ պատասխանատվության:
Դատական կոլեգիան գտել է, որ ամբաստանյալի նկատմամբ պետք է կիրառվի բացառիկ պատժամիջոց` հաշվի առնելով նրա անձի բացառիկ վտանգավորությունը. «Նկատի ունենալով, որ նա շահադիտական դրդումներով եւ առանձին դաժանությամբ կատարել է երկու անձանց սպանություն, ընդ որում` 3-ամյա երեխայի` ներկայությամբ սպանելով մորը` այնուհետեւ կոշկակարի դանակի 10 հարվածներով դաժանաբար սպանել է նաեւ երեխային, վկայում է ամբաստանյալի անձի հասարակական բացառիկ վտանգավորության մասին»,-նշված է դատավճռում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: