«Փաստերի ստուգման հարթակը» պարզել է, որ Բելառուսի Հանրապետությունը Առինջում տեղակայված դեսպանության շենքը 2014-ին ձեռք է բերել Գագիկ Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից՝ վճարելով շուկայական գնից մոտ չորս անգամ ավել։
Բելառուսի դեսպանությունը Հայաստանում միակն է, որը գտնվում է մայրաքաղաք Երևանից դուրս։
2014 թ.-ին դեսպանությունը Երևանի Նիկոլ Դումանի փողոցից տեղափոխվեց Կոտայքի մարզի Առինջ գյուղ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի առանձնատան հետնամասում գտնվող շինություն։ Դեսպանատան շենքը և հողատարածքը Բելառուսի Հանրապետությունը 2014 թ.-ին գնել է Ծառուկյանի հետ փոխկապակցված անձից։
Դեսպանատան շինության պատմությունը
Կոտայքի մարզի Առինջ համայնքի Մ. Բաղրամյան փողոցի 9,9/1 հասցեում գտնվող տունը և հողատարածքը, որտեղ 2014 թ.-ին տեղափոխվել է Բելառուսի դեսպանատունը, երկար տարիներ պատկանել է 1960 թ. ծնված, նախկինում Առինջի բնակիչ, ներկայում Երևանի Կենտրոնում՝ Պուշկինի փողոցում հաշվառված Ժևիկ Սամվելի Մկրտչյան անունով անձին։
Ըստ Կադաստրի տվյալների, այդ հողատարածքում բոլոր ավարտված և կիսավարտ շինությունները կառուցվել են 2007-2008 թթ.-ին, երբ Ծառուկյանն իր քաղաքական և տնտեսական վերելքի վրա էր, և նրա՝ Առինջի բլրի վրա գտնվող «կալվածքն» արդեն երկու կողմից շրջափակել էր Ժևիկ Մկրտչյանի հողատարածքը։
Ավելի քան կես հեկտար (5371 քմ) տարածք զբաղեցնող ներկայիս դեսպանատան տարածքը մինչև 2009 թ.-ն ամբողջովին պատկանել է Ժևիկ Մկրտչյանին։ 2010 թ.-ի դեկտեմբերին նա հողատարածքի մոտ երկու երրորդը (3747 քմ) վաճառել է Երևանի բնակիչ Հարություն Տիգրանի Թորոսյանին։ Գործարքը կատարվել է 110 մլն դրամով (մոտ 300 000 դոլար)։
Չորս տարի անց՝ 2014 թ.-ի մարտին, երբ ՀՀ կառավարությունում քննարկվել էր Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն տրամադրելու հարցը, Թորոսյանը, զարմանալիորեն, իր գնած հողատարածքը և շինությունն անհատույց հետ է վերադարձրել՝ նվիրաբերել է Ժևիկ Մկրտչյանին։ 2014 թ.-ի մարտին, ըստ այդմ, երկու հողատարածքները միավորվել են և Առինջի համայնքապետի կողմից ստացել միասնական հասցե՝ Բաղրամյան 9,9/1:
2014 թ.-ի փետրվարի 27-ին Տիգրան Սարգսյանի ղեկավարած կառավարությունը Բելառուսին դեսպանատան համար հողամաս ձեռք բերելու թույլատվություն էր տրամադրել, որի մեջ որպես գնման ենթակա հողամաս նշվում էր Ժևիկ Սամվելի Մկրտչյանին պատկանող՝ Բաղրամյան 9, 9/1 հասցեներում գտնվող տարածքը։
Ըստ բելառուսական TUT.BY լրատվական կայքի, դեսպանատան շենքի արտաքին հարդարանքը և ներքին ամբողջ կահավորումը կատարել է նախկին սեփականատերը՝ Ժևիկ Մկրտչյանը։
Սակայն այստեղ ուշագրավ է հողատարածքի ձեռք բերման արժեքը։ 2014 թ.-ի մայիսին այս հողատարածքի և շինությունների ամբողջ կադաստրային արժեքը գնահատվել է 39 մլն դրամ (մոտ 95 000 դոլար)։ Սակայն, ըստ Ժևիկ Մկրտչյանի և Բելառուսի Հանրապետության միջև 2014 թ. հուլիսի 24-ին կնքած պայմանագրի, Բելառուսն անշարժ գույքը ձեռք է բերել 2 մլն դոլարով (813 մլն դրամ), որը վերը նշված կադաստրային արժեքը գերազանցում է ավելի քան 20 անգամ
Ամբողջությամբ՝ fip.am