Հայաստանի բուժհաստատություններում շարունակվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների խտրականության դեպքերը
Advertisement 1000 x 90

Հայաստանի բուժհաստատություններում շարունակվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների խտրականության դեպքերը

Հայաստանի բուժհաստատություններում շարունակվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների խտրականության դեպքերը։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում ասել է «Դրական մարդկանց հայկական ցանց» ՀԿ ղեկավար Անահիտ Հարությունյանը։

«Ցավոք, մինչև հիմա գրանցվում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդների խտրականության դեպքեր, ընդ որում՝ հիմնականում բուժհաստատություններում։ Օրինակ, տարբեր պատրվակներով բժիշկները հրաժարվում են վիրաբուժական միջամտություններից կամ էլ պահանջում են ավելի բարձր վճար վիրահատության համար՝ դա բացատրելով ՄԻԱՎ-ով հիվանդի հետ շփվելու ռիսկով։ Այնինչ, նման հայտարարություններն անհիմն են, և դրանց պատճառը թաքնված է բուժաշխատողների անբավարար տեղեկացվածության մեջ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման ուղիների մասին»,- նշել է Հարությունյանը։

Նրա խոսքով, եթե ՄԻԱՎ-ով հիվանդը կանոնավորապես համապատասխան բուժում է ստանում, ապա հավանականությունը, որ նա կարող է վտանգ ներկայացնել ՄԻԱՎ տարածման տեսակետից, գրեթե զրոյական է։ Այնինչ, բոլոր անձինք, որոնք հաշվառված են ՁԻԱՀ կանխարգելման հանրապետական կենտրոնում, ստանում են հակավիրուսային թերապիա։

«Չեմ կարող չնշել, որ կան բժիշկներ, որոնք կատարում են իրենց պարտքը ամենաբարձր մակարդակով, և չեն հրաժարվում օգնել ՄԻԱՎ ունեցող պացիենտներին»,- նկատել է փորձագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ այսօրվա դրությամբ Հայաստանում իրավիճակը ՄԻԱՎ-ի հետ կապված կառավարելի է։ Մասնագետները քանիցս մատնանշել են, որ հանրապետությունում ՄԻԱՎ տարածման հիմնական պատճառը աշխատանքային միգրացիան է։ «Վերջին տարիներին պարզված հիմնական դեպքերը վերաբերել են սեզոնային աշխատանքային միգրանտներին։ Այս դեպքում կարևոր դեր են խաղում ՄԻԱՎ-ով վարակվածի ժամանակին հայտնաբերումն ու բուժումը»,- ընդգծել է Հարությունյանը։

2019 թվականի ապրիլի 30-ի տվյալներով՝ Հայաստանում 1988-ից սկսած հայտնաբերվել է ՄԻԱՎ 3472 դեպք հանրապետության քաղաքացիների շրջանում, որոնցից 429-ը՝ անցած տարի։ ՄԻԱՎ դեպքերի 69 տոկոսը հայտնաբերվել է արական սեռի ներկայացուցիչների մոտ, 1,7 տոկոսը կամ 58 դեպք՝ երեխաների մոտ։ ՄԻԱՎ 51 տոկոսը բաժին է ընկնում 25-39 տարեկաններին։

70 տոկոսի դեպքում ՄԻԱՎ-ը փոխանցվել է հետերոսեքսուալ ճանապարհով, 20 տոկոսի դեպքում՝ թմրանյութերի ներերակային ներարկման, 4,4 տոկոսի դեպքում՝ հոմոսեքսուալ ճանապարհով, 1,5 տոկոսի դեպքում՝ մորից երեխային, 0,1 տոկոսի դեպքում՝ արյան միջոցով։

ՄԻԱՎ-ով վարակված 1746 մարդու, այդ թվում՝ 33 երեխաների և 445 կանանց ախտորոշվել է ՁԻԱՀ։ Սկսած 1988-ից՝ Հայաստանում մահացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդ 807 մարդ, այդ թվում՝ 155 կին և 11 երեխա։

med.news.am



Նման նյութեր