Ակտիվիստ Սերգեյ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Խելոք լինելու, ձեռքով սեղանին չհարվածելու նուրբ արվեստը։
Անցած տարվա նոյեմբերի 25-ին մորս ճնշման կտրուկ բարձրացումով տեղափոխեցին վերակենդանացման բաժանմունք։
Հաջորդը օրը վրդովված գրեցի, թե որտեղի՞ց պետք է գտնեմ գումար հիվանդանոցի ծախսերը հոգալու համար:
Ժամանակին հաշմանդամության կարգի շնորհիվ կարողանում էր անվճար պառկել, իսկ հիմա ո՞նց պետք է լինի։
Միանգամից արձագանքեցին Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը և Գայանե Սարգսյանը:
Նրանք կապ հաստատեցին ինձ հետ, տեղեկացրեցին, որ եթե նպաստառու ընտանիք է, ապա կարող եմ գնալ, վերցնել տեղեկանք, ներկայացնել հիվանդանոցում և համապատասխան բուժումն այդ դեպքում կլինի լրիվ անվճար։
Գնացի Ստեփանավանի սոցիալական ծառայություն, մտա պետի մոտ, պետն ուղարկեց՝ Վրույր Պողոսյանի մոտ:
Ներկայացրեցի վիճակը, տրամադրեց թուղթն առանց խոչընդոտի և ասաց՝ հիմա համակարգից հանում եմ եղբորդ ընտանիքի նպաստից երկու բալ:
Այն 30-ից դարձավ 28:
Նրան բացատրեցի, որ շուտով վերականգնվելու է մորս թոշակը, ասաց՝ երբ վերականգնվի, համակարգիչն ավտոմատ կսարքի 30 բալ:
Ասացի՝ անհնար է վերականգնես դա:
Լրացել է մեկ տարին: Ինչպես միշտ եղբորս ընտանիքը փորձել է վերաթարմացնել թղթերը, որպեսզի կրկին օգտվի փարոսից (նպաստից):
Բայց Ստեփանավանի սոցապ ծառայության պետը Ստեփանավանի Գյուլագարակ խոշորացված համայնքում ստանձնել է «գորշ կարդինալի» դերը և որոշում է, թե ով պետք է ստանա, ով՝ ոչ։
Եղբորս կնոջն ասել է՝ այսքան ժամանակ ապօրինի ստացել եք, բավական է, էլ չեք ստանալու:
Այսինքն՝ ինքնըստինքյան հաղորդում է ստացվում հանցագործության մասին։ Ես՝ որպես ՀՀ սրտացավ քաղաքացի, դիմում եմ Լոռու մարզպետին. պարոն Ղուկասյան, Ստեփանավանի սոցապ ծառայությունում պետք է անցկացնել աուդիտ, թե ինչպե՞ս է նախկին ԲՀԿ-ական մարզպետը պետ նշանակել, իսկ պետը՝ «կարդինալներով» լի թիմ։ Պետք է անցկացվի համապատասխան աուդիտ և պարզվի՝ ովքե՞ր են ստանում նպաստ, ովքեր՝ ոչ ու կտեսնեք ԽԾԲ սկզբունքով որքա՞ն մարդիկ են օգտվում և որքանը՝ ոչ, որքան իրապես անապահով մարդիկ չեն ստանում։
Այդ և այդօրինակ գործերում վերջին մեկ տարում շատ լավ, շատ սրտացավ աշխատում են գյուղապետարանները, որոնց պետք է հայտնել շնորհակալություն»։