«Գրառման դաշտը երբ բացում ես հետևյալն է ցույց տալիս «Մտքիդ ի՞նչ կա»…». Հովհաննես Ավետիսյան
Advertisement 1000 x 90

«Գրառման դաշտը երբ բացում ես հետևյալն է ցույց տալիս «Մտքիդ ի՞նչ կա»…». Հովհաննես Ավետիսյան

Գրառման դաշտը երբ բացում ես հետևյալն է ցույց տալիս «Մտքիդ ի՞նչ կա»: Այս պահին մտքիս հետևյալը կա, որ ուզում եմ հանրայնացնել -)

Երբևէ ձեզ հարց տվել ե՞ք, թե ինչու եք հանրայնացնում ձեր մտքերը, գաղափարները, տեսակետը, զգացմունքները և այլնը այս տիրույթում:
Դե կարծում եմ պարզ բան է, որ սոցիալական ցանցերի հաջողությունը կայանում է մարդկային մի պարզ յուրահատկության մեջ` մենք մեծիմասամբ հետաքրքրված ենք նրանով, թե ինչով են զբաղված մյուսները, ինչ են հագնում, ուտում, մտածում, խոսում և ընդհանրապես ինչով են ապրում և լցնում իրենց ժամանակը: Այս ամենով հանդերձ մարդիկ սիրում են կիսվել գլխներին եկածներով, զգացմունքներով, սիրում են պատմել, փոխանակել մտքեր, գլուխ գովել, ապրումակցել և այլն:

Այս թվացյալ ճշմարտությունների վրա երբեմն մտովի շատ ժամանակ եմ ծախսում, հասկանալու համար թե ես ինչ եմ ուզում այս տիրույթում: Ես իրականում չեմ սիրում իմ մասին պատմել, բացի «սաղ սուԹ ա, ֆիզկուլտ արեք»-ից, բայց սա իր տրամաբանությունը ունի, որը կարծում եմ բացատրվում է ստորև բերված մոտեցմամբ:

Մեծամասամբ իմ գրառումները տեղեկատվական են, նույնիսկ երբ ես քննադատում եմ ինչ որ միտք կամ դրսևորում: Ի դեպ, քննադատում եմ միայն հանրային պատասխանատվություն ստանձնած անձանց, այլապես ուղղակի իրենց կյանքով ապրող քաղաքացիներին աշխատում եմ չանդրադառնալ, դե մի պարզ պատճառով, որ ես էլ ունեմ լիքը թերություններ և դրանք իմ անձնականն են, քանի դեռ դրանցով հանդերձ ես հանրային գործընթացներում ներգրավվելու հայտ չեմ ներկայացրել:

Գլուխներդ ինչ տանեմ, ասեմ թե ինչ նպատակ են հետապնդում իմ գրառումները խոշոր հաշվով…ի դեպ, մինչև վերջին միտքը գրելը, ասեմ, որ ինձ հաճելի է երբ դուք ձեր թանկարժեք ժամանակից տրամադրում և կարդում եք իմ գրառումները, ես դա իրոք գնահատում եմ: Եվ հատկապես երբ ձեր տեսակետով կիսվում եք հանրայնացված մտքերի հետ, ապա այս ամենը ավելի տրամաբանական է դառնում: Այլապես մտքերը ուղղակի օդում են մնում և փոշիանում ու անհետանում են, իսկ ձեր արձագանքներով դրանք միս ու արյուն են ստանում հղկվում և զարգանում են:

Ինչևէ, այս երկար-բարակ նախաբանը արեցի մի պարզ միտք գրելու համար:

Ես հավատում եմ, որ լավ գիտելիքը (ի դեպ լավ գիտելիքի չափանիշ եմ համարում բարիք ստեղծելու ուժը), ոչ միայն իրավունք, ուժ և զորություն է տալիս, այլ նաև իր հետ պատասխանատվություն է ծնում: Պատասխանատվություն հանրության առջև:

Հավատում եմ, որ լավ գիտելիքի ու ոչ պակաս հագեցած փորձառության կրող եմ: Դե այն պարզ պատճառով, որ շատ եմ ճամփորդել և հաջողել եմ շփվել և ուսանել աշխարհում հայտնի գիտական տիրույթներում, որտեղ ենթադրվում է, որ հավաքվածները առաջադեմ գիտելիքի, գաղափարների և մտքերի կրող են:

Սրանով հանդերձ, ես հավատում եմ, որ ունեմ պատասխանատվություն դրանք հանրության հետ կիսելու հարցում, քանի որ ես ինձ վրա տեսել եմ թե ինչպես է այդ գիտելիքը ուժ տվել, թե ինչպես է հիմնահատակ փոխել իմ կենսակերպը դեպի շատ ավելի լավը և ես ուզում եմ, որ իմ շրջապատի մարդիկ էլ նմանապես ուժեղ և ապահով զգան իրենց: Սա իմ երջանկության բանաձևն է:

Բայց նաև հասկանում եմ, որ դա շատ բարդ է, և դա ժամանակատար գործընթաց է: Քանի որ գիտելիք ընդունելուց առաջ մարդիկ պետք է քեզ հավատան և վստահեն, այլապես քո մատուցած գիտելիքը հնարավոր է մոլորեցնելու փորձի նմանվի, դե սոսկ այն պատճառով, որ մեր հանրությունը վերջին մի քանի տասնամյակներում շատ է տարբեր անհատների կողմից խաբվել և հետևաբար հասկանալի է հանրային անվստահությունը տարբեր անձերի և հատկապես նոր մտքերի և գաղափարների հանդեպ:

Ավարտելով, մեկ անգամ ևս ասեմ, որ այո գիտելիքը նաև պատասխանատվություն է, պատասխանատվություն քո շրջապատը ավելի լավը դարձնելու: Եվ ես կիսվում եմ ձեզ հետ իմ մտքերով գաղափարներով, ու գիտելիքով դրանց ընկեր գտնելու և համաստեղծելու ակնկալիքով: Ես հավատում եմ մտքի ուժին, ես անկեղծ հավատում եմ, որ մենք կարող ենք միմյանց վարակել լավ գաղափարներով, գաղափարներ որոնք միս ու արյուն են ստանալու մեր հավատով, որոնցով մենք բոլորս միասին ուժ և վստահություն ենք ստանալու` տերը լինելու մեր ներկային և ապագային և անճանաչելիորեն փոխելու մեզ և մեր շրջապատը, դե իհարկե դեպի ավելի լավը :

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր