Գյումրու Sasstex կարի գործարանի աշխատակիցներին հունիսի 3-ին ղեկավարությունը չի թողնել մուտք գործել ընկերություն՝ պատճառաբանությամբ, որ նոր պայմանագրերը պատրաստ կլինեն հունիսի 6-ին. այդ օրը միայն աշխատակցուհիները, ովքեր համաձայն են նոր պայմաններին, իրավունք կստանան շարունակել աշխատել:
Ավելի ուշ բանվորուհիներին Շիրակի մարզպետարանում ընդունեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Մարզպետը նշեց, որ ծանոթ է խնդիրներին ու մյուս կողմին լսելու համար հրավիրել էր նաև գործարանի պատասխանատուներին: «Սակայն կես ժամ առաջ տեղեկացրին, որ չեն կարող գալ հանդիպման: Մենք պետք է գտնենք ոսկե միջինը բոլոր կողմերի համար»,-նշեց մարզպետը՝ տեղեկացնելով, որ այս գործով աշխատանքի տեսչությունը ևս զբաղվում է և տեսչության ներկայացուցիչները ևս կհանդիպեն աշխատակցուհիների հետ: «Մեր նպատակը գործարանը փակել տալը չէ, այլ նպաստել, որ արժանապատիվ աշխատանք լինի: Ինչ մնում է նվազագույն աշխատավարձից ցածր գումարին՝ ՀՀ-ում աշխատանքային օրենսգիրքը բոլորի համար է ու չի կարող Գյումրիում կամ Sasstex-ի տարածքում դա չգործել»,-հավելեց մարզպետը:
«Մեր՝ բողոքողների գլխին «դամոկլյան սուր» է կախված: Նրանք են ասել, թեև մյուսների մոտ հերքում են այդ հանգամանքը: Բացի աշխատավարձի ցածր ու անհասկանալի հաշվարկից« նաեւ ահավոր պայմաններ են՝ օդափոխություն չկա, իսկ մեքենաները շատ հին են, ու այդ մեքենաներով նրանց պայմաններով աշխատել անհնար է, մինչդեռ բոլորին հայտարարել են, որ նոր մեքենաներ են: Մեզանից շատերը նաեւ այս 6 ամիսների ընթացքում նոր հիվանդություն ձեռք բերեցին՝ կարելով թունավոր կտորներով հատուկ համազգեստներ: Կորող եք նույնիսկ«Գյումրու շտապ բուժօգնության կայան»-ից ճշտել ՝ ուշագնացություն, ալերգիաներ, քանի անգամ ենք մենք դիմել նրանց հենց գործարանում»,-նշեց աշխատակցուհիներից Հռիփսիմե Ղարաքեշիշյանը: Հանդիպման ընթացքում կանայք նաև նշեցին, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են նաև այս հարցը մտցնել իրավական հարթություն:
Աշխատակիցներին խոստացավ օգնել «Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ-ի Շիրակի մասնաճյուղի ներկայացուցիչը: Մարզպետն էլ իր հերթին խոստացավ հետևողական լինել խնդրով:
Արմենուհի Մխոյան