Երկրների մեծամասնությունը վերջին մեկ տարվա ընթացքում բարելավել են իրենց դիրքերը «Խաղաղասիրության գլոբալ ինդեքսում» (Global Peace Index 2019), ինչի շնորհիվ այդ ցուցանիշը վերջին հինգ տարվա ընթացքում առաջին անգամ աճ է արձանագրել:
Այս եզրակացությունը տեղ է գտել Տնտեսության և խաղաղության ինստիտուտի (The Institute for Economics and Peace)՝ հունիսի 12-ին հրապարակված տարեկան հետազոտության մեջ, որը վերլուծում Է իրադրությունը 163 երկրում, որտեղ ապրում է մոլորակի բնակչության 99,7 տոկոսը: Խաղաղասիրության գլոբալ ինդեքսը ձևավորելիս հետազոտվում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են հասարակության համախմբվածության մակարդակը, մարդու իրավունքների հարգումը, քաղաքական ու տնտեսական կայունությունը, ահաբեկչական սպառնալիքի մակարդակը և այս կամ այն երկրի մասնակցությունը մարտական գործողությունների: Իսլանդիան շարունակում է մնալ աշխարհի ամենախաղաղասեր երկիրը՝ վարկանիշի առաջատարի դիրքը պահպանելով 2008 թվականից: Նրան առաջին հնգյակում հաջորդում են Նոր Զելանդիան, Պորտուգալիան, Ավստրիան և Դանիան: Աֆղանստանը հայտնվել է վերջին՝ 163-րդ տեղում: Ամենից քիչ խաղաղասեր երկրների ցուցակում հայտնվել են Սիրիան (162-րդ տեղ), Հարավային Սուդանը (161-րդ տեղ), Եմենը (160-րդ տեղ) և Իրաքը (159-րդ տեղ): Եթե դիտարկելու լինենք ընդհանուր պատկերը, ապա աշխարհի ինը տարածաշրջաններից չորսը վերջին մեկ տարվա ընթացքում ավելի խաղաղ են դարձել: