Վահրամ Թոքմաջյան. «Պետությանս սահմանը. 3 կետ»
Advertisement 1000 x 90

Վահրամ Թոքմաջյան. «Պետությանս սահմանը. 3 կետ»

1.Վերջին ութ օրերին Լիտվայում էի: Թռնում էինք Թբիլիսիի օդանավակայանով: Անցանք հայկական սահմանը: Անձնագրիս մեջ դրոշմ դնող երիտասարդ սահմանապահը տեսնելով 1 տարվա վիզաս, ժպտալով՝ ոչ այն է հարց, ոչ այն է՝ մտահոգություն.

-Հուսամ, ընդմիշտ չեք գնում:

Ժպտացի ու անցա առաջ: Ուզում էի ինչ-որ բան ասել, բայց կոկորդս խեղդվեց:

2. Լիտվա.

Ներոսիկ ոտքերով, արփիագեղ իրանով և գեղագունակ արտաքինով աղջիկների երկիր: Երկիր, որտեղ սերվիսն համեմված է սովետական գեղցիության մշուշից դուրս չեկած, բայց ԵՄ սնոբիզմի սփոփանքով տառապող մատուցողներով: Նրանք ամեն ինչ կանեն, որ դու երկրորդ անգամ այդ երկիր չգնաս: Հյուրանոցի մատուցողը, Պոմպեոսի ինքնավստահությամբ բերում էր հերթական խոտը՝ մազութի ու շառավոների յուղի մեջ թաթախված լցոնումներով, որոնց նրանք սոուս են անվանում: Ջհանդամ, որ մասնակիցների 80 տոկոսն այդ արդյունաբերական աղբը չէր ճաշակում: Նա նույն վստահությամբ թափահարում էր ուսերը, կարծես ոչինչ չի եղել, այնպես, ինչպես Պոմպեոսն էր պահանջում Տիգրան Մեծից Փոքր Հայքը:

Հայհոյանքը շուրթերիս, Ռեչ-Պոսպոլիտան վերջնական նվաստացնելու ծրագիրը մտքիս մեջ ու փոքրիկ դաշնակը կրծքիս տակ, մտնում եմ համար, որպեսզի խորհեմ այս վայրահուչ երկրից վրեժ լուծելու իմ տեսլականի շուրջ: Բացում եմ դիմամատէանի աղավնյակ (մեսսենջեր) բաժինը, որտեղ ինձ իրական անակնկալ է սպասվում: Մերձբալթյան հանրապետություններում մեր դեսպանը, մեծարգո Tigran Mkrtchyan-ը գրում է. «Հարգելի Վահրամ, ձեր գրառումներից տեսա, որ Լիտվայում եք։ Եթե ինչ որ բանով դեսպանությունը կարող է օգտակար լինել, տեղեկացրեք։ Հարգանքներով՝ Տիգրան Մկրտչյան»:

Ամբողջովին և խորությամբ զգացի պետության հմայքը: Զգացի, որ լացի լեզվով խոսելու ժամանակն անցել է: Քայլը սիմվոլիկ էր:

Սիմվոլիկ՝ բառի դրական ու հիմնային իմաստներով: Դու ներկայացնում ես պետություն, որը քո տերն է: Չկա ավելի վեհ զգացում:

3.Լիտվական արկածներից հետո, երբ անցնում էի հայ-վրացական սահմանը, հայ սահմանապահը ժպտաց.

-Բարի գալուստ:

Բարի գալստյան մեջ, որևէ մեկը, հունական թատրոնից սկսած մինչև ազգայնականների 20-րդ դարի դպրոց, այդքան պետական իմաստ չէր դրել, ինչքան ընկալեցի մեր զինվորականի մաղթանքից: Իսկ շարքը լրացրեց գազալցակայանի սպասարկման կետի տիկինը: Ինձ տեսնելուց ժպտաց, հարցրեց ողջությունս, հետո, երբ ուզում էի մեր խմբի համար սուրճ գնել, ասեց որ.

-Ես Ձեզ ճանաչում եմ: Շնորհակալ եմ: Սուրճը՝ հյուրասիրություն:

-Ձեր անունը կարելի՞ է իմանալ:

-Ոչ,-ժպտալով,-թող անցած լինի:

Երբ ասում եմ պետության ջատագով ու ինձ հռչակում եմ քաղաքացի, հարդյունս երեք բան արժևորեցի ու լրացրեցի՝ ժպտացող սահանապահ, հետևողական դեսպան և խնամող մայր-կին: Եռամիասնությունն այլ տեղ փնտրելու պետք չկա:

Հ. Գ.

Ներեցեք ավելորդ հուզականության և երկար տեքստի համար:

Վահրամ Թոքմաջյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր