Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման է համարում դատավորների աշխատավարձի բարձրացումը
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում իրապես անկախ դատական համակարգ ունենալու կարևոր նախապայման է համարում դատավորների աշխատավարձի բարձրացումը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանում իրապես անկախ դատական համակարգ չի կարող լինել՝ առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու: Ինչպես հաղորդում է ՀՀ վարչապետն այս մասին ասաց ԱԺ-ում ՀՀ 2018 թվական պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ունեցած եզրափակիչ ելույթում:

«Այն, որ Հայաստանում դատաիրավական համակարգը պետք է խորքային, արմատական բարեփոխումների ենթարկվի, նորություն չէ, մենք սա գիտենք շատ երկար տարիներ: Բայց ինձ համար միանշանակ է եղել, որ Հայաստանի Հանրապետությունում իրապես անկախ դատական համակարգ չենք կարող ունենալ, ասելու եմ շատերի համար շատ տհաճ բան, առանց դատավորների աշխատավարձը 5-6 անգամ բարձրացնելու:  Հիմա բացատրեմ, թե ինչու: Եվ սա կոնկրետ իրողությամբ հիմնավորվել է: Անցյալ տարի Հայաստանի Հանրապետությունում, թերևս, առաջին անգամ դիտարկվել է երևույթ, երբ եղել են դատավորների թափուր տեղեր, բայց չեն եղել պատշաճ մակարդակով հավակնորդներ: Ինչո՞ւ: Շատ պարզ պատճառով, եկեք մեզ դնենք այդ պոտենցիալ հավակնորդների տեղում: Գիտեն, որ կաշառք չպիտի վերցնեն, որովհետև հակառակ դեպքում մեծ հավանականությամբ կձերբակալվեն: Գիտեն, որ բիզնեսով պետք է չզբաղվեն, որովհետև մեծ հավանականությամբ հակակոռուպցիոն մեխանիզմները կբացահայտեն դա և կպատժեն: Եվ գիտեն, որ պիտի ստանան մոտավորապես 400-600 հազար դրամ աշխատավարձ, և պետք է որոշ դեպքերում մարդկանց դատապարտեն ցմահ ազատազրկման և այլն, և այդպես շարունակ: Հիմա եկեք մենք ինքներս մեզ հարց տանք՝   այս պայմաններում ո՞վ կուզենա Հայաստանի Հանրապետությունում լինել դատավոր: Դուք ձեզ հարց տվեք՝ ինքներդ այս պայմաններում կուզենա՞ք լինել Հայաստանի Հանրապետությունում դատավոր»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ սա շատ կարևոր է, որովհետև երբ ասում ենք դատավորների աշխատավարձ, սկսում են հիշել կոռումպացված դատավորներին: «Ոչ, նրանց մասին չէ խոսքը, ենթադրենք ինչ-ինչ կարգապահական, հակակոռուպցիոն գործողություններով նրանց տեղերն ազատվեցին, ո՞վ է գալու նրանց փոխարեն: Մեզ անհրաժեշտ է, որ թափուր տեղերը զբաղեցնեն բարձր պրոֆեսիոնալ, սկզբունքային, ողնաշար ունեցող, տեսլական, հավատ ունեցող և իրավունքին հավատացող մարդիկ: Այս կարգի մասնագետները այսօր մասնավոր սեկտորում իրավաբանական խորհրդատվության համար ամիսը ստանում են 2.5-3 միլիոն դրամ աշխատավարձ, նույնիսկ՝ ավելի շատ: Հիմա այս մարդկանց մենք ո՞նց հրավիրենք, խնդրենք, որպեսզի իրենք գան և դառնան դատավոր: Իմ հավատը եղել է և է, որ առանց այսպիսի խնդրի լուծման մենք չենք կարող իրապես անկախ դատական համակարգ ունենալ»,- ասաց ՀՀ վարչապետը:

ՀՀ վարչապետը նշեց, որ անցյալ տարի չէին կարող նման լուծման գնալ, քանի որ այսպիսի որոշումը հանրայնորեն չէր կարող ընկալվել  և այսօր էլ չի կարող ընկալվել: «Այս տարի, ըստ էության, մենք բյուջեով ունենք նման հնարավորություն, կարող ենք նման հարց լուծել, բայց հանրային բավարար ընկալում այդ պրոցեսի կարևորության նկատմամբ չի ձևավորվել: Այսօր եկեք խոստովանենք, որ որևէ դեպքում դատավորների, առավելևս՝ գործող կազմի աշխատավարձը բարձրացնելը բազմաթիվ խնդիրներ ունի, այդ թվում՝ հանրային ընկալման տեսանկյունից, մանավանդ, որ բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծված չեն: Եվ մեր ընկալումն այն է, որ մեր գործընկերները, միջազգային դոնորներն այս հարցում Հայաստանին կաջակցեն, մենք 2-3 տարի նոր ներգրավված դատավորների բարձր աշխատավարձերը կկարողանանք դարձնել 2.5-3 միլիոն դրամ, այսինքն, դա մեր պետական բյուջեի վրա էական ազդեցություն չի ունենա:  Այդ ընթացքում՝ ես համոզված եմ, որ մենք կկարողանանք լուծել բազմաթիվ սոցիալական խնդիրներ: Այդ ընթացքում և ընդդիմությունը, և իշխանությունը, և քաղաքացիական հասարակությունը,  և հանրությունը կհամոզվի, որ այս անկախ դատական համակարգ ունենալը լավ բան է, դա բխում է բոլորի շահերից, դա ապահովում է բոլորիս անվտանգությունը, ուրեմն դա մի ծախս է, որ իրոք արժե անել: Եվ այդ ժամանակ հանրությունն առանց դիմադրության կհամաձայնի սեփական միջոցներից տրամադրել, որ այդ խնդիրը լուծվի՝ պայմանով, որ մեզ իսկապես պետք է անկախ դատական համակարգ»,- շեշտեց ՀՀ վարչապետը:



Նման նյութեր