Հայաստան եկողների ու մեկնողների թվի տարբերությունը 2018–ին զգալիորեն փոփոխվել է։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը` նշելով, որ ՀՀ–ում 2017–ին սահմանահատումների սալդոն (ելք ու մուտքերի տարբերությունը) եղել է -26 897, իսկ 2018–ին +15 313։
Նրա խոսքով` 2018–ին արձանագրված ելք ու մուտքերի տարբերության տվյալները ռեկորդային են վերջին 12 տարվա համար։
«Բացի այդ, ՀՀ անձնագրով ելք ու մուտքերի սալդոն կազմել է – 36 000 մարդ, իսկ 2018–ին` -4500։ Այսինքն` չնկատել դրական դինամիկան, նշանակում է` առնվազն լավ չտեսնել այն, ինչ տեղի է ունենում։ Սակայն այս դինամիկան կարճաժամկետ է, քանի որ եթե մենք բարեփոխումներ չանենք, հատկապես` տնտեսական ու արդարադատության համակարգում, դինամիկան կարող է կրկին բացասական դառնալ»,–ասաց նա։
Ղազարյանի խոսքով` 2010–ից սկսած` կայուն էմիգրացիան ու ծնելիության նվազումն այնպես են աղճատել մեր ընդհանուր ժողովրդագրական պատկերը, որ կարող ենք վատ հետևանքների հանգել։ Դրա համար էլ, ըստ Ղազարյանի, պետք է հիմա օգտագործենք այս մի քանի տարիները, որոնք մեր հնարավորությունների պատուհանն են։
Միգրացիոն ծառայության պետը նշեց` Հայաստանը երբեք չի ունեցել միգրացիայի քաղաքականություն, քանի որ մենք միշտ սովոր ենք եղել, որ ՀՀ–ից բոլորը գնացել են։ Իսկ հիմա արդեն մշակվում է միգրացիոն քաղաքականություն` լրացնելով բացը։