Նոյեմբերի 18-19-ին «Հայաստան 20.18-2018թ.՝ Հայաստանը 20 ամենանորարար երկրների շարքում» խորագրի ներքո Դիլիջանում կանցկացվի Բիզնես ինովացիոն ֆորում: Ֆորումը նպատակ ունի թեմատիկ քննարկումների, գործարար ներկայացումների և շփումների միջոցով վերհանել Հայաստանի ինովացիոն զարգացման մարտահրավերները, քննարկել դրանք հաղթահարելու եղանակներն ու ծրագրերը։
Բիզնես ֆորումին նվիրված ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխնահագահ Հայկ Չոբանյանը նշեց ֆորումի հիմնական թեմաները: Դրանք են՝ «Նորարարական ապրանքներ և ծառայություններ», «Բիզնես պրոցեսների զարգացում ինովացիաների միջոցով», «Գիտելիքներ նորարարության և զարգացման համար» և «Ռազմավարություն՝ դեպի ինովացիոն տնտեսություն»:
«Պետք է գտնել հիմնական խորհուրդներն ու հիմնական լուծումները՝ հասկանալու, թե ինչ պետք է անենք առաջիկայում երկիրն ամենաինովացիոն երկրների շարքում դասելու համար: Մենք պետք է գնահատենք ապագայի մարտահրավերները և պետք է կարողանանք դաստիարակել ուժեղ, տեխնոլոգիապես զարգացած, ժամանակին շատ արագ համակերպվող, ժամանակի մեջ շատ արագ կողմնորոշվող, գրագետ և արհեստավարժ սերունդ»,- նշեց Հայկ Չոբանյանը:
Ըստ Հայկ Չոբանյանի՝ ամեն տարի առաջարկում են մեկ կամ երկու ծրագիր, որը պետք է իրականություն դառնա առաջիկա տարվա ընթացքում: Այդպես ծնվել է, օրինակ, «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների գաղափարը:
«Ինժեներական կրթության ծրագիրը մեր իրականացրած ամենախոշոր ծրագրերից մեկն է: 2014թ. Բիզնես ֆորումի ընթացքում առաջարկվեց այդ ծրագիրը, և հիմա այն արդեն իրականություն է: Հայաստանի արդեն 162 դպրոցներում ունենք ինժեներական կրթություն:
Այս տարի ևս կառաջարկվեն 2-3 ծրագրեր, որոնք կփոխեն Հայաստանը և կտեղաշարժեն մեր դիրքն աշխարհի ինովացիոն քարտեզում: Հայաստանը հիմա 60-րդ հորիզոնականում է և վերջին տարին առաջադիմել է մոտ 10 նիշով»:
ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Էմիլ Տարասյանը կարևորում է նման ֆորումների իրականացումը:
«Տնտեսական աճի ապահովման համար ինովացիոն քաղաքականության ապահովումն անհրաժեշտ նախապայման է: Դա միայն մեր երկրի առանձնահատկություններով պայմանավորված չէ: Ամբողջ աշխարհում առանց ինովացիոն քաղաքականության տնտեսական աճը դառնում է գրեթե անհնար»,- նշում է փոխնախարարը:
Էմիլ Տարասյանի խոսքով՝ ֆորումի ընթացքում հնարավոր կլինի լսել ինովացիոն լուծումների մասին՝ թե՛ կոնկրետ ընկերության մակարդակով, թե՛ պետական աջակցությամբ իրականացվող էկոհամակարգերի ձևավորմանն ուղղված ծրագրերի կոնտեքստում:
«Այս ամենն ունի ռազմավարական, ծրագրային բնույթ: Կքննարկվեն նաև ծրագրային կետեր, կլինեն փորձի փոխանակումներ, որոնք թույլ կտան չկրկնել հաճախ արվող սխալները»:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Միջազգային օգնության/համագործակցության պատասխանատու Լյուդովիկ Չեխանովսկին նշեց, որ Հայաստանում ԵՄ-ն իրականացնում է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» և «ԵՄ-ն նորարարության համար» նախաձեռնությունների շրջանակներում:
«Այս օրերին Եվրամիության 2 հանձնակատար կայցելեն Հայաստան՝ ոչ պաշտոնական, նախարարական հանդիպումներ անցկացնելու նպատակով: Երկխոսությունը վերաբերելու է գիտահետազոտական աշխատանքներին, նորարարությանը և բիզնեսին»,- նշում է Լյուդովիկ Չեխանովսկին:
Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից (ԻՏՁՄ)՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո:
Այս տարի ֆորումի հիմնական գործընկերն է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության ՝ Մասնավոր ոլորտի զարգացման և ՓՄՁ աջակցության ծրագիրը։
Սիրարփի Աղաբաբյան