ՀՀ տնտեսության զարգացման, բնակչության բարեկեցության և զբաղվածության մակարդակի բարձրացման տեսանկյունից կարևոր է ներդրումների ներգրավման աճը: ՀՀ կառավարությունը մշտապես իրականացնում է բարեփոխումներ` ներդրումային միջավայրի գրավչությունը մեծացնելու ուղղությամբ: Սակայն այս ուղղությամբ կան մի շարք բացթողումներ:
Հարկային համակարգը պարզեցնելու և ներդրումները խթանելու նպատակով կառավարությունը ներկայացրել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ, որով առաջարկում է համահարթեցնել եկամտային հարկը` դրույքաչափը սահմանելով 23 տոկոս, ինչը կարևոր և անհրաժեշտ քայլ է ՀՀ տնտեսության զարգացման համար: Սակայն նույն նախագծով նախատեսվում է նվազեցնել շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով` սահմանելով 18 տոկոս: Շահութահարկի և եկամտային հարկի անհավասար դրույքաչափերի դեպքում առաջանում են լուրջ խնդիրներ: Երբ եկամտային հարկի դրույքաչափը շեղվում է շահութահարկի դրույքաչափից, առաջանում է օրենքը շրջանցելու հնարավորություն. մասնավորապես, եթե եկամտային հարկի դրույքաչափը բարձր է շահութահարկի դրույքաչափից, ապա նախընտրելի է դառնում ամենամսյա աշխատավարձի փոխարեն, կազմակերպությունից գումարը վերցնել շահույթի տեսքով:
Երկրորդ` կառավարությունն իր բոլոր քննարկումները սկսելուց առաջ որպես նախաբան շեշտում է, որ ՀՀ-ում բոլոր կազմակերպությունները պետք է գործեն հավասար մրցակցային պայմաններում` առանց բացառությունների: Սակայն շատ հաճախ նույն քննարկումներն ավարտվում են այս կամ այն կազմակերպությանը հարկային արտոնություն տրամադրելու որոշումով: Կառավարությունը կարևորելով ներդրումների ներգրավման խնդիրը, արտոնյալ պայմաններ է սահմանում նոր ստեղծվող կազմակերպությունների համար: Արդյունքում արդեն գործող, կայացած և իրենց գործունեության արդյունավետությունը տարիներ շարունակ ապացուցած կազմակերպությունների հաշվին կառավարությունն արտոնություններ է տալիս նոր ստեղծվող կազմակերպություններին, որոնք որևէ կերպ իրենց արդյունավետությունը չեն ցուցադրել։ Երկար տարիներ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող և ոլորտի հնարավոր բոլոր ռիսկերը ճիշտ գնահատող ձեռներեցն ավելի լավ է պատկերացնում բիզնես միջավայրը, և հետևաբար, կառավարությունն ամեն կերպ պետք է խրախուսի նման շահութաբեր ձեռնարկություններին` իրենց ներդրումային գործունությունն ընդլայնելու ուղղությամբ:
Խնդրի հետ հաճախ բախվում են զարգացող տնտեսություն ունեցող երկրներ, որոնք անընդհատ փնտրում են ներդրումների խթանման տարբեր ուղիներ: Ներդրումների ներգրավման և դրանով պայմանավորված տնտեսական աճի ապահովման տեսանկյունից կարևոր է միջազգային փորձի` մասնավորապես Էստոնիայի հաջողված փորձի ուսումնասիրությունը:
Էստոնիան առաջինն էր, որ 1994թ.-ին ընդունեց եկամտային հարկի համահարթ 26 տոկոս դրույքաչափ` նախկին 16-ից 33 տոկոս պրոգրեսիվ միջակայքի փոխարեն: Նույն ժամանակ շահութահարկի դրույքաչափը կրճատվեց 6 տոկոսային կետով` հավասարեցվելով եկամտային հարկի դրույքաչափին: Էստոնիայի կառավարությունը նախատեսում էր այս երկու հարկատեսակների դրույքաչափերը աստիճանաբար կրճատել մինչև 20 տոկոս: Ներկայումս Էստոնիայում գործում է եկամտային հարկի և շահութահարկի նույն 20 տոկոս դրույքաչափը: Ընդ որում, եկամտային հարկի համահարթեցումից հետո վերջինիս և շահութահարկի դրույքաչափերը կառավարությունը միշտ պահել է նույն մակարդակում: Հենց սա էր Էստոնիայի կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականության արդյունավետության կարևոր պայմաններից մեկը: Աղյուսակի տվյալները փաստում են Էստոնիայի հարկային համակարգի բարեփոխման արդյունավետությունը:
Էստոնիայի կառավարության կողմից իրականացված հաջորդ կարևոր քայլն այն էր, որ 2000թ.-ից ներկայացրեց շահութահարկի հարկման նոր մոդել, ըստ որի կազմակերպության շահույթը հարկվում է այն պահին, երբ բաշխվում է բաժնետերերի միջև: Այսինքն` շահութահարկի դրույքաչափը զրո տոկոս է, քանի դեռ շահույթը կազմակերպությունում է: Աղյուսակում երևում է, որ այս փոփոխության արդյունքում, 2000-2002թթ․ շահութահարկի գծով հարկային մուտքերը նվազել են, այնուհետև կտրուկ աճել։ Հարկային այս բարեփոխման նպատակը ներդրումների ներգրավումը, ձեռնարկատիրության աջակցությունն ու զբաղվածության մակարդակի ավելացումն էր: Կան տարբեր էմպիրիկ մոդելներ, որոնցով տնտեսագետները փորձել են գնահատել իրականացված փոփոխության ազդեցությունը Էստոնիայի մակրոտնտեսական իրավիճակի վրա: Շահութահարկի գանձման նոր մոդելի ներդրումը երկարաժամկետում ավելացրել էր հիմնական կապիտալը, սպառումը, զբաղվածությունը և նվազեցրել պետական պարտքը: Փոփոխության արդյունավետության մասին է խոսում նաև այն, որ 2015թ.-ին Էստոնիայի հարկային համակարգը ճանաչվել է ամենամրցունակը զարգացած երկրների շարքում` ըստ միջազգային հարկային մրցունակության ինդեքսի:
Էստոնիայում հատուկ հարկային արտոնություններ գոյություն չունեն, բայց շահութահարկի գանձման գործող համակարգը, որը հնարավորություն է տալիս անժամկետ հետաձգել շահութահարկի գանձումը, կարելի է դիտել որպես շահույթի վերաներդրմանը նպաստող հարկային խթան: