Հայերը սիրում են իրար տեսնելիս ու լսելիս հարցնել` նորություն չկա՞։ Իսկ այս հարցը առնվազն 5 իմաստ կամ ենթատեքստ ունի։ Sputnik Արմենիայի լրագրող Մարիաննա Փայտյանը սեփական օրինակով ներկայացնում է` ինչպես է «նորություն չկա» հարցը սերնդեսերունդ փոխանցվում ու հետապնդում մարդկանց։
Այս հարցից շատերը սարսափում են: Դրա ճիշտ պատասխանը չկա, համենայն դեպս ոչ մեկը չգիտի։ Բրիտանացի գիտնականների տարիների հետազոտական, վերլուծական աշխատանք է պետք, որպեսզի հոգեկան աշխարհը տակնուվրա անող, ողնաշարում սառը հոսանք առաջացնող հարցի լիարժեք ճիշտ ու բավարարող պատասխանը գտնվի։
Նորություն չկա՞… դե արի ու պատասխանիր «անհանգստաթաթախ» հայացքով, կարեկցող աչքերով քեզ նայող, կողքի շքամուտքում ապրող Հռիփսիկ տյոտյային։ Վերցնում եք սմարթֆոնը, շատ արագ թարմացնում նյուզֆիդն ու փորձում փրկօղակ գտնել Հռիփսիկ տյոտյայի հարցին ճիշտ պատասխանելու համար, հետո մի վերջին փորձ անում որևէ օնլայն լրատվամիջոցի թարմ նորություններում փրկություն գտնելու… Անիմաստ է, այստեղ խորամանկելը չի անցնում։ Պետք է օտար մեկին քեզ համար շատ անձնական, ինտիմ տեղեկատվություն տաս, պատրաստ եղիր, որ ցանկացած դեպքում ևս մեկ հարց կամ ինտիմ խորհուրդ ես լսելու այդ օտար մեկից։
«Նորություն չկա»-ն վերաբերում է անձնական բոլոր հարցերին՝ աշխատանք գտնելուց մինչև ամուսնանալ, առաջին, երկրորդ, երրորդ ու տասներորդ երեխա ունենալ։ Այս հարցը չի ճանաչում սեռ ու կարգավիճակ՝ տղամարդ, թե կին, «ազաբ», թե ամուսնացած. Հռիփսիկ տյոտյայի թրի տակով բոլորն են անցնում։
Սա «ունիվերսալ» բառակապակցություն է, որը տարբեր իմաստներ ունի, օրինակ`
Նորություն չկա՞՝ բա ընկերուհի-մընկերուհի չունե՞ս,
Նորություն չկա՞՝ բա ե՞րբ են գալիս քեզ ուզելու,
Նորություն չկա՞՝ չե՞ք մտածում ամուսնանալ,
Նորություն չկա՞՝ հարսդ դեռ հղի՞ չէ,
Նորություն չկա՞՝ ե՞րբ եք պատրաստվում երկրորդ երեխան ունենալ…
Հռիփսիկ տյոտյաներն ամենուր են՝ բոլորի շրջապատում նրանք կան։ Պարտադիր չէ, որ նրանք լինեն տարիքն առած տնային տնտեսուհիներ, որոնք առավոտից երեկո նստում են շքամուտքի կողքին տեղադրված նստարանին և «ռենտգեն» հայացքով տնտղում մարդկանց ու նրանց ձեռքի իրերը։ Նրանք կարող են լինել բարձրագույն ու անգամ հետբուհական կրթություն ստացած, աշխատանք ունեցող մարդիկ։
Դե արի ու այս կրթված, բայց իրականում անկիրթ մարդկանց բացատրիր, որ քո «նորություն չկա»-ն կարող է շատ ցավոտ լինել դիմացինի համար։ Հարգելի Հռիփսիկ տյոտյաներն իրենց նեղություն չեն տալիս մտածելու, որ, օրինակ, մարդը կարող է՝ դեռ չի ամուսնանում, որովհետև ընտանիքում խնդիրներ կան, կամ եթե դեռ երեխա չունեն, միգուցե առողջական խնդիր կա, չեն կարողանում երեխա ունենալ, իսկ ձեր «անկիրթ, բռի, անհոգի» հարցն այդ ցավը նորից թարմացնում է…
Սեփական մաշկի վրա եմ զգացել, թե ինչքան ցավոտ կարող է լինել «նորություն չկա»-ն… Տարիներ շարունակ այս հարցով ցավեցրել են մորս, ինձ, քրոջս… Այս հարցը բոլորիս է բաժին հասել։ Փառք Աստծո, քույրս ազատվեց և իր կողմից խեղճ մորս ազատեց «նորություն չկա»-ից, որովհետև ամուսնացավ ու տասը տարի անց զույգ բալիկներ ունեցավ, բայց պատկերացրեք, թե այդ տասը տարին ինչքան «ծանր է եղել» մեր ընտանիքների համար։ Հիմա իմ հերթն է. «ամուսնանալու թեմայից» մերոնց փրկեցի, բայց իմ «նորություն չկան» ամուսնանալուս հաջորդ օրվանից նյարդայնացնում ու ցավեցնում է մեր ընտանիքներին։ Այս հարցը բաժին է հասնում ընտանիքի բոլոր անդամներին՝ մորս, քրոջս, սկեսուրիս, ամուսնուս, սկեսրայրիս, ինձ… Բոլորս հետապնդման ենք ենթարկվում «նորություն չկա»-ից։
Հարց Հռիփսիկ տյոտյաներին՝ ինչի՞ համար եք այդ հարցը տալիս. ասենք թե իմացաք, որ այսինչի հարսը երեխայի է սպասում, ի՞նչ եք անելու, ամիսներ շարունակ պատրաստվելու եք երեխայի լույս աշխարհ գալուն, կամ իմացաք այսինչն ամուսնանում է կամ չի ամուսնանում, ի՞նչ է դա ձեզ տալու, ի՞նչ է ձեր կյանքում փոխվելու։
«Նորություն չկա»–ից փրկվելու բաղադրատոմսը երևի մեկն է` ուշիուշով հետևել օրվա լրահոսին, միշտ զգոն լինել ու Հռիփսիկ տյոտյաների «նորություն չկա» հարցին մանրամասն պատմել, թե ինչ հարցեր են քննարկվել կառավարության վերջին նիստում, ինչպես կանդրադառնա ռուս–վրացական կոնֆլիկտը Հայաստանի վրա, ում հետ են հանդիպել Արմեն Սարգսյանն ու Նիկոլ Փաշինյանը, իսկ ամենավերջում էլ ժպիտով տեղեկացնել, որ վաղն անպայման արևոտ եղանակ է լինելու։