Ի տարբերություն շատ այլ միլիարդատերերի Ջորջ Սորոսը ոչ թե անհասանելի մեծահարուստ է, այլ առաջադեմ իդեալներին նվիրված՝ երբեմն սադրիչ մտածող, ինչը նրա սայթաքումները դարձնում է այդքան պատկերավոր և ուշագրավ։
2018-ի մայիսին ամերիկյան ABC հեռուստաալիքը հեռացրեց հաղորդավարուհի Ռոզան Բարրիին՝ Օբամայի աշխատակազմի նախկին պաշտոնյաներից մեկի հասցեին ռասիստական թվիթի համար։ Այդ նույն օրը Բարրին երկրորդ համառոտ թվիթն է գրում «Չելսի Սորոս Քլինտոն»․ նա գիտեր այս կոմբինացիայի ուժը։ Բիլ Քլինտոնի դուստրը իհարկե պատասխանեց, որ նրա ամուսինը Ջորջ Սորոսի զարմիկը չէ, և, չնայած դրան, նա հարգում և գնահատում է Սորոսի և Բաց Հասարակության Հիմնադրամների կատարած աշխատանքը։
Բարրիի արձագանքը երկար սպասել չտվեց՝ «Ներիր քո մասին սխալ տեղեկատվություն տարածելու համար։ Ի միջի այլոց, Ջորջ Սորոսը նացիստ է, ով իր հարազատ հրեաներին մատնում էր ֆաշիստներին և դատապարտում մահվան համակենտրոնացման ճամբարներում ու տիրանում նրանց ունեցվածքին, դու գիտեի՞ր այդ մասին։ Բայց մենք բոլորս սխալվելու իրավունք ունենք, այնպես չէ՞ Չելսի»։
Բարրիի թվիթը արագ տարածվեց ԱՄՆ հանրապետական կուսակցության համակիրների կողմից, այդ թվում և Դոնալդ Թրամփ կրտսերի։ Աջ ծայրահեղականների մոտ Սորոսը նույնքան ատելի է, որքան քլինտոնները։ Նա խոսքի մաս է, բոլոր անցքերը փակող բանալի։ Ինչպես արհայատվել է մի նախկին հանրապետական՝ Սորոսի անունը «հուզական աղաղակ է արթնացնում կարմրամիս ամբոխի մոտ»։
Այսպիսի ամբոխը Սորոսին դիտարկում է ինչպես «ստվերում գործող մի չարագործ»։ Այս հակասեմիթական ծաղրանկարը արդեն տասնամյակներով հետապնդում է բարերարին։ Սակայն վերջերս ծաղրանկարը արդեն ավելի շատ նմանեցվում է Ջեյմս Բոնդի հրեշավոր հակառակորդներից մեկին։ Նույնիսկ այն հանրապետականները, ովքեր չեն ընդունում աջ ծայրահեղականների գաղափարները, Սորոսին ընկալում են որպես գլոբալիստ միլիարդատեր, ով ցանկանում է Ամերիկան վերածել լիբերալ տափաստանի։
Սորոսավախի մոլուցքի ընդլայնման հետ մեկտեղ՝ հասարակության մեջ զարմանալիորեն քիչ հետաքրքրություն կա նրա իրական մտքերի և գաղափարների նկատմամբ։ Սա այն դեպքում երբ, ի տարբերություն ծեծված և դատարկ մտքեր հայտնող, խոշոր հաշվով հասարակական կյանքից կտրված ապրող այլ մեծահարուստների, Սորոսը իրոք մտավորական է։ Նրա գրքերից և հոդվածներից ակնհայտ է դառնում, որ վերջինս անհասանելի պլուտոկրատ, իշխանավոր մեծահարուստ չէ, այլ հետևողական և հանդուգն գաղափարներ ունեցող մտածող, ով նպատակ է դրել աշխարհը տանել կոսմոպոլիտ (աշխարհաքաղաքական) ուղղությամբ, որտեղ ռասիզմը, եկամուտների անհավասարությունը, ամերիկյան կայսրությունը, և ժամանակակից կապիտալիզմի արատները կմնան անցյալում։
Նա չափազանց մեծ ուշադրություն է դարձնում ազատ շուկայական հարաբերություններին, ինչպես նաև ԱՄՆ իշխանության կողմից ստեղծվող արտաքին և ներքին սահմանափակումներին, և խոսում իրական ժողովրդավարական իշխանությանը սպառնացող վտանգների մասին։
Այս պատճառով է, որ Սորոսի ձախողումները այդքան մեծ արձագանք են ստանում․ դրանք ոչ թե մեկ մարդու, այլ մի ամբողջ դասակարգի, մի ամբողջ աշխարհընկալման ձախողումն է։
Հետպատերազմյան Լոնդոնում բանկիր լինելու ժամանակից ի վեր Սորոսը հավատում էր կապիտալիզմի և կոսմոպոլիտանիզմի շաղկապվածությանը։ Նա, ինչպես նաև իր մտերիմներն ու ԱՄՆ դեմոկրատական կուսակցության մեծամասնությունը համոզված էին՝ ազատ հասարակությունը կախված է ազատ շուկայից։ Սակայն այս ենթադրությունները սխալ էին։ Սառը պատերազմի ավարտին հաջորդած տասնամյակները ցույց տվեցին, որ իր գոյությանը սպառնացող թշնամու բացակայության պայմաններում կապիտալիզմը հակված է խարխլել փոխադարձ վստահության և կարեկցանքի մշակույթը՝ հարստությունը կուտակելով փոքրաքանակ մարդկանց ձեռքին։
1990-ականների սկզբներին այընտրանք չունեցող կապիտալիստական «պատմության ավարտ» ուտոպիայի փոխարեն ԱՄՆ-ի ներկայիս նախագահը հետևողականորեն կազմաքանդում է «միջազգային լիբերալ կարգը»՝ այն աշխարհակարգը, որը ենթադրաբար պետք է կառավարեր խաղաղ, բարգավաճ և միավորված աշխարհը։
Չնայած Սորոսը շատերից առաջ էր գիտակցել հիպերկապիտալիզմի սահմանափակումները, նրա դասակարգային ինքնությունն ու հարստությունը նրան թույլ չեն տվել ամբողջ ուժով առաջ տանել իր երազանքի աշխարհի ստեղծման համար անհրաժեշտ համակարգային բարեփոխումները։ Այն համակարգը, որը Ջորջ Սորոսին թույլ է տվել այդքան հարստություն կուտակել ապացուցել է, որ կոսմոպոլիտիզմը այդ համակարգում երբեք իր կայուն տեղը չի գտնի։
Ամբողջությամբ՝ 80or.am