Լոբազգիների կանոնավոր օգտագործումը կարող է հետաձգել դաշտանադադարի սկսվելը. այն կանանց մոտ, ովքեր ամեն օր լոբազգիներ են կերել, դաշտանադադարն սկսվել է իրենց հասակակիցներից մեկուկես տարի հետո։ Այս մասին տեղեկացնում են Լիդսի համալսարանի (Մեծ Բրիտանիա) գիտնականները։
Նրանք 914 կանանց մասնակցությամբ հետազոտություն են իրականացրել՝ պարզելու համար, թե կա արդյոք կապ սննդակարգի եւ դաշտանադադարի սկսվելու ժամանակի միջեւ։
Մեծ Բրիտանիայում դաշտանադադարի սկսվելու միջին տարիք է համարվում 51 տարեկանը։ Հետազոտությունը ցույց է տվել, որ այն կանանց մոտ, ովքեր հետեւում են միջերկրածովյան սննդակարգին, դաշտանադադարն ավելի ուշ է սկսվում։ Բայց ամենից ուշ (միջինը 52,5 տարեկանում) կլիմաքսն սկսվել է այն կանանց մոտ, որոնց սննդակարգում ընդգրկված են եղել լոբազգիներ՝ ոլոռ, լոբի, ոսպ եւ սիսեռ։
Գիտնականների խոսքով՝ լոբազգիները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կարող են ազդել ձվարանների գործունեության վրա եւ, հետեւաբար, երկարացնել բեղուն շրջանը։
Հետազոտությունը նաեւ ցույց է տվել, որ այն կանանց մոտ, որոնց սննդակարգում բարձր է եղել պարզ ածխաջրերի պարունակությունը, դաշտանադադարն սկսվել է 51 տարեկանից շուտ։