Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր. «Իսկ դուք գիտե՞ք, թե որն է «Մութ ու ցուրտ» տարիների այլընտրանքը։ Ղարաբաղի կորուստը, տեղի հայ բնակչության տեղահանությունն ու զանգվածային ոչնչացումը։
Այո՛ Հայաստանը կարող էր ապրել լուսավոր և տաք տարիներ, կարող էր Քելբաջարը չազատագրել, իսկ Թուրքիան էլ սահմանը չէր փակի և ամեն ինչ իր հունով կընթանար, առևտրաշրջանառություն կլիներ, բիզնես միջավայրը կզարգանար, երկիր փող կմտներ, հայաստանցիներն էլ կապրեին անհոգ և ապահով, տաքուկ ու լուսավոր։
Եկեք վերջ տանք այս իդիոտիզմին և փորձենք ի վերջո հաշտվել անցյալի հետ։ Ի՞նչ է մեր ուզածը, մի՞թե մենք կնախընտրեինք տաք ու լուսավոր իրականությունը՝ փոխարենը կորցնելով Արցախը։ Ինչպես տեսնում ենք ավագ սերնդի նախընտրությունները մի փոքր տարբերվել են, նրանք մթի ու ցրտի գնով կյանքի են կոչել ազատ ու անկախ Արցախի գաղափարը։
Հիմա ինչի՞ց ենք բողոքում, մի՞թե պարզ չէ, որ քայքայիչ ու կործանարար պատերազմի մեջ ներքաշված պետությունը չէր կարող լուսավոր և տաք լինել, մի՞թե պարզ չէ, որ բոլոր ռեսուրսները ռազմաճակատին տրամադրած պետության քաղաքացիները պետք է մրսեին ու սոված մնային։
Մի՞թե այս պարզ իրողություններն ու ճշմարտություններն այդքան անհասանելի են կամ էլ դժվար ընթեռնելի։
Վերջին 600 տարիների իր ամենանշանակալի հաղթանակները հեգնող և ծաղրող ժողովուրդը արժանի է միայն արհամարհանքի, քանի որ պարզապես հնարավոր չէ որևէ համաչափ պատիժ հայտնագործել։ Միայն արհամարհանքն է արտահայտում այն խորը ցասումը, որը կուտակվել է տարիներով։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ մենք պարզապես արժանի չենք այդ հաղթանակներին, եթե արժանի լինեինք, ապա ամեն առիթով չէինք թքի դրա երեսին։
Եթե Երևանը այդ տարիներին ճիշտ քաղաքականություն չիրականացներ, ապա վստահաբար Եռաբլուրը երեք անգամ ավելի մեծ գերեզմանոց էր լինելու։ Ղարաբաղի ազատագրությունը առաջին հերթին Երևանի քաղաքական ղեկավարության հաղթանակն է, քանի որ բանակը ոչինչ է առանց հմուտ քաղաքականության։
Չնայած ինչ եմ ասում, մոռացել էի, Լևոնը դեմ էր Շուշիի ազատագրմանը, բայց մորուքով նժդեհական տղերքն ու հայու ոգին գնացին, ազատագրեցին Ֆիզուլին ու Ջաբրայիլը։
«Լևոնական» պիտակից խուսափելու համար ուզում եմ նաև նկատել հետևյալը․ Ապրիլյան պատերազմում արձանագրված հաջողությունների առաջնային պատասխանատուն նույնպես Երևանի քաղաքական ղեկավարությունն է։ Որքան էլ մենք ատենք Սերժ Սարգսյանին ու նրա ռեժիմին, բայց, այնուամենայնիվ, 2016 թ․ մենք կարողացանք խուսափել մեծագույն աղետից, և խուսափումն այդ առաջին հերթին ատելի ռեժիմի նվաճումն էր։
Չնայած ինչ եմ ասում, Սերժը Ալիևի հետ պայմանավորվել էր, որ հողերը հանձնեին, բայց հայ զինվորը մինչև վերջ կանգնեց ու կանխեց դավաճանությունը։ Զարմանալին այն է, որ շատերը հավատում են այս հեքիաթներին։ Իհարկե պատերազմական գործողություններում շարքային զինվորի դերը չափազանց մեծ է, բայց առանց քաղաքական ղեկավարության ճիշտ որոշումների զինվորը 5 րոպե էլ չի կարող ողջ մնալ։
Հեքիաթներին, միֆերին ու լեգենդներին վերջ տվեք, հասունանալու և մեծանալու ժամանակն է, որպես հանրություն և քաղաքական ազգ դառնալու բախտորոշ պահն է։ Չի կարելի հավերժ ապրել անմեղսունակության քնի մեջ։ Չի կարելի ստրկամիտ մուրացկանի հոգեբանությամբ հավերժ թափառել մոլորակի վրա։
Վառեք ինձ»։
«Գորբաչովն ու ԼՏՊ-ն նույն բանն էին` միասին էին, և մի «տանիքի» տակ էին գործում». Արա Վարդանյան
Սրան ի պատասխան՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը նույնպես իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Չափազանց մեղմ ասած` անտեղյակությունն ու ստախոսությունը, և դրա հետ միասին` հին ու մաշված ձեռնածությունն(մանիպուլյացիան) ու Լևոնիզմը հենց այսպես են լինում:
Ըստ այս չկայացած ու թերհաս հոգով ԼՏՊ-ականի, ստացվում է, որ` եթե ուզում ես որևէ պատերազմում հաղթես, ապա` պիտի անպայման բնապահպանական շարժում սկսես, ու` կանգնեցնես, խափանես երկրում աշխատող էներգետիկան(Ատոմակայանը), քիմիան(Նաիրիտը, Պոլիվինիլացետատը, Վանաձորի Քիմպրոմը), մետալուրգիան(Ալավերդու պղնձաձուլարանը), ազգային գաղափարախոսությունը հռչակես կեղծ օրակարգ, և կազմակերպես երկրի տնտեսության համատարած թալանն ու կողոպուտը, օլիգարխիկ համակարգ հիմնես:
«Երկաթյա տրամաբանություն է»:
Ձեռքի հետ էլ «Ապրիլյան»-ի մասին ճիշտն է գրում, որ կարդացողը հանկարծ` մյուս, արդեն 25 տարի տարածվող մեծ ստի վրա չկասկածի, և չմտածի, որ այս տղան լրիվ բութ է, կամ` անտեղյակ:
Կարճ ասած` «… չանցավ, չհամոզեցիր…»:
Իսկ եթե ավելի լուրջ, ապա` մեր հայ ժողովուրդը Լևոնի ժամանակ երկու ճակատով էր կռվում. առաջին` Ադրբեջանի դեմ, և երկրորդ` ԼՏՊ-ի ռեժիմի դեմ: Եվ Փառք Աստծո, որ երկուսում էլ, ի վերջո, հաղթանակ տոնեց:
Փաստերի պակաս չկա… Իրականությունը սա է:
Հետգրություն։ Միայն թե չասեք` Ատոմակայանը Գորբաչովը փակեց քաղբյուրոյի նիստով (դե յուրե այդպես է եղել), որովհետև Գորբաչովն ու ԼՏՊ-ն նույն բանն էին` միասին էին, և մի «տանիքի» տակ էին գործում: Այն «տանիքի», որն այս վերջին մեկ տարում նոր-նոր սկսում է Հայ ժողովրդին հայտնի դառնալ…