Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Խոտի մեջ նետած ծխախոտի «ուժը», կամ ում շահերից է բխում անապատացված Հայաստանը. armeniasputnik.am

Վերջին շրջանում հրդեհների աննախադեպ աճ է նկատվում։ Դրանց առավելագույն 2-3 տոկոսն է բնական պատճառներով առաջացած լինում։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարարության փորձագետ Սերգեյ Հայրապետյանը։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ հրդեհ էր բռնկվել Ծիծեռնակաբերդի մոտակայքում, իսկ հունիսի 13–ին Բուսաբանական այգում։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ երկու դեպքում էլ հրդեհները ցերեկվա ժամերին չէին` ուժեղ արևի ժամանակ. Ծիծեռնակաբերդում հրդեհի մասին ահազանգ ԱԻՆ–ը ստացել էր երեկոյան 20։24-ին, իսկ Բուսաբանական այգում` առավոտյան 10։18–ին։

«Հայաստանում հրդեհների 97-98 տոկոսի պատճառը մարդածին գործոնն է, հիմնականում ծխախոտի` առանց մարելու նետած մնացորդը, որը մեկ օր հետո էլ կարող է հրդեհ առաջացնել, կամ էլ մարդկանց կրակի հետ վարվել չիմանալը։ Նախնական տվյալներով` Ծիծեռնակաբերդում մոտ 20 հա տարածք է այրվել, իսկ Բուսաբանական այգում` 12 հա տարածք»,- ասաց նա։

Հայրապետյանի խոսքով` բարեբախտաբար, հրդեհի հետևանքով Բուսաբանական այգում կարևոր բուսատեսակներ չեն ոչնչացվել, մի քանի ծառատեսակներ են կիսաայրվել, որոնք ենթակա են վերականգնման։

Ըստ մասնագետի` հրդեհի առաջացման պատճառ կարող են դառնալ խոտածածկ տեղերում նետած ապակե շշերը, որոնք, ֆոկուսացնելով արևի ճառագայթները, կրակ են բռնկում։

«Հրդեհներից խուսափելու համար նախ մարդիկ պետք է սկսեն ավելի ուշադիր լինել շրջակա միջավայրի հանդեպ։ Բացի այդ, ՏԻՄ-երը և այլ պատկան մարմինները պարտավոր են խոտածածկ տարածքներում ժամանակին խոտը հնձել, պարբերաբար ոռոգել տարածքը, որպեսզի խոտը չչորանա ու հրդեհի նյութ չդառնա»,- ասաց Հայրապետյանը։

Նա հայտնեց նաև, որ հետաքննություն է իրականացվում, և 10-օրյա ժամկետում հայտնի կլինի ինչպես Ծիծեռնակաբերդի, այնպես էլ Բուսաբանական այգու հրդեհների առաջացման պատճառը։

Իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մենք ոռոգման խնդիր ունենք. եթե հողը ոռոգվի, խոնավ կլինի ու այդքան արագ հրդեհը չի տարածվի։ Նրա խոսքով` իշխանությունն ասում է, որ Երևանի տարածքում այգիներ են ուզում բացել, կանաչ տարածություններն ավելացնել, սակայն ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում` հրդեհների հետևանքով կանաչ տարածությունները նվազում են։

«Հրդեհների պատճառը նաև մարդկանց իրավագիտակցության ցածր լինելն է, քանի որ սովորույթի ուժով լուցկին ու ծխախոտի մնացորդը նետում են ուր պատահի։ Մյուս կողմից, խոտածածկ տարածքներում կանխարգելիչ միջոցներ էլ են չկան, օրինակ` հորեր չկան, որոնք հրդեհի ժամանակ կկանխարգելեն կրակի արագ տարածումը»,- ասաց բնապահպանը։

Նա նշեց նաև, որ եթե կանխարգելիչ մեթոդներ լինեն, կանաչ տարածությունները հաճախ ջրեն ու մարդիկ էլ մի քիչ ավելի ուշադիր լինեն շրջակա միջավայրի հանդեպ` մեզ կհաջողվի խուսափել հրդեհների նման քանակից։

Ի դեպ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքի 79–րդ կետում սահմանված է, որ անձը, որը անտառներում հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջները խախտել է և հրդեհի կամ հրդեհի տարածման պատճառ է դարձել, վարչական տուգանքի է ենթարկվում։ Ըստ այդմ` հրդեհի առաջացման պատճառ դառնալու համար քաղաքացիները տուգանվում են նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` հարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Երևանի Բուսաբանական այգու, իսկ հուլիսի 14-ին Ծիծեռնակաբերդի մոտակայքում բռնկված հրդեհների բարդության` «ԲԻՍ 1» կանչով էր ԱԻՆ–ը մեկնել օգնության։

armeniasputnik.am



Նման նյութեր