«Ադեկվադ» հ/կ հիմնադիր Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ոգևորությամբ ընթերցեցի Արմեն Սարգսյանի ուղերձը: Հասարակությունը կոնսոլիդացնելու, ատելության մթնոլորտը մեղմելու ու կառուցողական հուն անցնելու այս կոչը շատ անհրաժեշտ էր: Ես իմ կողմից ևս պատրաստակամություն եմ հայտնում մի կողմ դնել որոշակի կանխակալ վերաբերմունքս և փորձել նպաստել այս նախաձեռնության կայացմանը: Մինչև որևէ գործողության դիմելը, կարծում եմ, պիտի որոշակի ձևակերպում ստանան այն խնդիրները, որոնք ի սկզբանե ստեղծել էին նման ուղերձի պահանջարկ:
Արմեն Սարգսյանի ուղերձում ես կարդացի, որ նա մեր բոլորիս պես ուզում է, որ Հայաստանում կայանան իրավական, սոցիալական պետության սահմանադրական սկզբունքները, ինչը անշուշտ գերկարևոր խնդիր է: Ըստ այդմ, լավ կլիներ քննարկել ու հասկանալ` ո՞նց է Արմեն Սարգյանը պլանավորում անել այնպես, որ իր իսկ առաջադրած սահմանադրական դատարանի ինքնակոչ նախագահն ընդունի Արմեն Սարգսյանի լեգիտիմությունը: Եվ արդյո՞ք այդ խորհրդավոր լեգիտիմության հարցը կփակվի միայն ՍԴ ինքնակոչ նախագահի համար, թե մեզ` շարքային քաղաքացիներիս ևս բախտ կվիճակվի այդ հարցը փակել: Սրա հետ մեկտեղ անձամբ ես կուզենայի իմանալ` արդյո՞ք սահմանադրական սկզբունքների ջատագով Արմեն Սարգսյանն ապագայում պլանավորում է գործադիրի պարտադրանքով խախտել սահմանադրությունը ու սեփական լիազորությունները չստանձնել:
Շատ ուրախ էի նաև իմանալ, որ պարոն Արմեն Սարգսյանը «համազգային շահերին համահունչ արդյունքի» հույսեր է փայփայում: Ես ինքս նույնպես նման իղձեր ունեմ և, ըստ այդմ, կուզենայի քննարկել այն խնդիրը, որ ՀՀ փաստացի նախագահ հանդիսացող Արմեն Սարգսյանը ֆինանսական շահ ունի մեր երկիրը և ժողովրդին ահաբեկող պետության բոլոր նշանակալի էներգետիկ ենթակառուցվածքների մեջ: Կուզենայի հասկանալ` մեր երկրի փաստացի նախագահը, մեզ հետ պատերազմող երկրի հետ փայ լինելով, արդյո՞ք չունի շահերի բախում: Կուզենայի հասկանա,լ այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանի համար ի՞նչն է ավելի պանծալի` իր ներդրումների ֆինանսական արդյո՞ւնքը, թե՞ «համազգային համահունչը»:
Նշեմ նաև, որ Արմեն Սարգսյանի անկեղծությունը ինձ մոտ հարցեր չի հարուցում. առնվազն, երբ նա պնդում է, որ ձգտում է երկրում ամրապնդել ժողովրդավարություն: Ակնհայտ է, որ քանի դեռ Հայաստանում ժողովրդավարության հաղթարշավը դադարեցված չէ, Հայաստանը երբեք չի կարողանա հարևանների հետ իր հարցերը լուծել: Քանի դեռ Հայաստանում ժողովուրդն է որոշում, այն միշտ որոշելու է փակել խոշոր ռազմավարական հիմնարկները, քանդել տնտեսությունը, ընտրել ծաղրածուներին ու խաբեբաներին… Փաստացի քանի դեռ Հայաստանում կա ժողովրդավարություն, «սուպեր մամաները» լինելու են քաղաքական կատեգորիա, իսկ նավթի ու գազի տարանցման ենթակառուցվածքներին բան չի սպառնա:
Ուրախ էի, անկեղծ ուրախ էի լսել, որ Արմեն Սարգսյանը կոչ է անում «քննարկման առարկա դարձնել տարաձայնություններն ու խնդիրները, այլ ոչ թե անձերին», և կուզենայի իր կարծիքն իմանալ հետևյալ հիպոթետիկ խնդրի մասին՝ ի՞նչ պիտի անի գիտակից քաղաքացին, եթե հանկարծ իրեն հայտնի դառնա, որ իր երկրի ղեկավարը թշնամու լափամանից բառացիորեն ու պաշտոնապես սնվող, երկիրը մի քանի անգամ ծախած, դավաճան ….տղա է… նու…եթե էլի… եթե… հիպոթետիկ խնդիր, անձերից զատ…